Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՇ, ՄԻ ՍԱՏԿԻ՝ ԳԱՐՈՒՆ ԿԳԱ

Մարտ 02,2001 00:00
gorcazrkutyun

Հանրապետությունում գործազուրկների թիվը, հակառակ ՀՀ նախագահի «վարդագույն» տեսլականներին՝ քառասուն հազար աշխատատե՜ղ, տնտեսական աննախադեպ ա՜ճ եւ այլն, ոչ միայն նվազման միտում չունի, այլեւ լրիվ հակառակը՝ տարեցտարի աճում է։ Մասնավորապես, ՄԱԿ-ի տվյալներով, Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2000թ. կազմել է 11,2% (1999թ. եղել է 9,3%)։

Ժամանակին (սկսած 1998թ.) գործազուրկներն օգտվում էին «Բնակչության զբաղվածության մասին» օրենքով իրենց վերապահված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու եւ աշխատատեղեր ստեղծելու նպատակով անհրաժեշտ միջոցներ ստանալու կառավարության տված երաշխիքներից։ Վերջինս արտահայտվում էր անհատույց դրամական միջոցների տրամադրմամբ՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ցանկություն հայտնած եւ համապատասխան գործարար ծրագիր ներկայացրած գործազուրկներին։

Մինչ այդ, իհարկե, գործազուրկները մի քանի սեմինար-պարապմունքների ընթացքում սովորում էին փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որոշ բաներ, ստանում էին համապատասխան գիտելիքներ՝ շուկայի ուսումնասիրման, տնտեսական գործունեության, գոյություն ունեցող իրավական դաշտի, բանկային գործառնությունների եւ այլնի մասին։ Տեղեկացվում էին նաեւ ծրագրի իրականացման ընթացքում հնարավոր խոչընդոտներին եւ դրանց շրջանցման ձեւերին։ Մասնավորապես, նման դասընթացներ են կազմակերպվում Եվրոմիության «Tacis» ծրագրի «Աջակցություն ՀՀ զբաղվածության քաղաքականությանը» նախագծի շրջանակներում՝ 2000թ. փետրվարից սկսած։ Իսկ այս տարի արդեն իսկ զբաղվածության ծառայության 14 մասնագետներ ստացել են համապատասխան սերտիֆիկատներ եւ իրավունք՝ իրենց տարածքների ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն հայտնած գործազուրկների համար նույնանման դասընթացներ անցկացնելու։

Սակայն, եթե նախկինում՝ 1998, 1999 թվականներին եւ 2000 թվականի առաջին չորս ամիսներին, սեմինար-պարապմունքներն ավարտվում էին ինչ-որ արդյունքով՝ գործարար ծրագրեր ներկայացրածները ստանում էին անհատույց դրամական միջոցներ՝ գործունեություն սկսելու համար, ապա արդեն մեկ տարի է, որ կառավարությունը՝ անհրաժեշտ միջոցները տրամադրելու համար նոր կարգ մշակելու պատճառաբանությամբ, դադարեցրել է գումարների հատկացումը։ Ստացվում է, որ գործազուրկին, որը, բնականաբար, նոր գործ սկսելու համար անհրաժեշտ գումար չունի, մի քանի պարապմունք շարունակ սովորեցնում են՝ ինչ եւ ինչպես անել, սակայն որեւէ այլ, շոշափելի օգնություն չեն տալիս։ Լավ, եթե գումարը չեն հատկացնում՝ գործ սկսելու համար, իսկ բանկերը, բնականաբար, գործազուրկին վարկ չեն տա, էլ ի՞նչ իմաստ ունի սովորեցնելը այդ «ինչ եւ ինչպեսը»։ Ի դեպ, որպեսզի ասածս ավելի ամբողջական դառնա, նշեմ, որ 1999թ. 184 գործազուրկներ ֆինանսավորում են ստացել իրենց ծրագիրը սկսելու համար, իսկ 2000թ. հունվարից մինչեւ ապրիլ ընկած ժամանակաշրջանում՝ եւս 13-ը։ Սոցապնախարարության Զբաղվածության վարչության պետ Արթուր Սարգսյանը տեղեկացրեց, որ անհատույց օգնության (դրամական) նոր կարգն այժմ մշակման փուլում է (արդեն մեկ տարի), շուտով վերջնական տեսքի կբերվի, կներկայացվի կառավարության հաստատմանը, կհաստատվի (եթե հաստատվի՝ առանց ձգձգումների) եւ 1-2 ամիս հետո գործողության մեջ կդրվի. «Ճիշտ հասկացեք, խոսքն անհատույց տրամադրվող ֆինանսների մասին է, եւ մենք պարտավոր ենք լսել բոլոր շահագրգիռ կողմերին։ Խնդիրը շատ բարդ է, քանի որ առնչվում է այդ կարեւոր խնդրին՝ գործազուրկներին»։ Սակայն մինչեւ լուծվի այդ բարդ խնդիրը, գործազուրկների թիվը եւս մի քանի հազարով կավելանա։

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031