Լրահոս
Օրվա լրահոսը

Թերեւս այսպես կարելի է որակել վերաբերմունքը, որին արժանանում է հաշմանդամների ընտանիքը

Մարտ 10,2001 00:00

ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ Թերեւս այսպես կարելի է որակել վերաբերմունքը, որին արժանանում է հաշմանդամների ընտանիքը 72-ամյա Ժիրայր Ֆահրադյանն ապրում է առաջին կարգի հաշմանդամ կնոջ եւ երրորդ կարգի հաշմանդամ որդու հետ։ Ընտանիքում ոչ ոք չի աշխատում՝ առողջական ծանր վիճակի պատճառով։ Եվ այս մարդիկ չեն ստանում պետական ոչ մի աջակցություն, սրանով իսկ ոտնահարվում է նրանց՝ ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված սոցիալական իրավունքը։ «Փարոսում» հաշվառման ժամանակ մեզ ասացին, որ նպաստ կստանանք 2000թ. օգոստոս ամսից։ Նպաստի վճարումները ձգձգվեցին մինչեւ հունվար։ Հունվարին օգոստոս-սեպտեմբեր ամիսների նպաստը ստանալու ժամանակ պարզվեց, որ մեզ զրկել են այն ստանալու իրավունքից»,- այսպես է սկսում Ժ. Ֆահրադյանն իր դիմումը՝ ուղղված սոցապ նախարարին, Քանաքեռ-Զեյթուն համայնքի սոցիալական բաժնին։ Նպաստից զրկելը պատճառաբանվում է այն փաստով, որ պարոն Ֆահրադյանը պետռեգիստրում գրանցված է որպես «Դարաբաս» կոոպերատիվի անդամ։ Եվ մինչեւ կոոպերատիվը չլուծարվի, նա չի կարող նպաստ ստանալ։ Այնինչ, կոոպերատիվը 1996թ. հոկտեմբերի 1-ից դադարեցրել է իր գործունեությունը եւ ավելին՝ հոկտեմբերի 20-ից պարոն Ֆահրադյանը հրամանով ազատվել է աշխատանքից։ Նա ունի նաեւ կոոպերատիվի նախագահի տեղեկանքն այն մասին, որ երբեւէ չի եղել կոոպերատիվի անդամ։ Պարոն Ֆահրադյանին վիրավորում է նույնիսկ այն, որ «ընտանեկան նպաստ» բառերին անպայման գումարվում է «աղքատության» որոշիչը. «Տարիների ընթացքում իմ քրտնաջան աշխատանքի շնորհիվ խնայել էի մոտ 20 հազար ռուբլի գումար, ինչը լիուլի կբավարարեր ինձ եւ իմ ընտանիքին՝ ապահով ծերություն անցկացնելու համար։ Այնինչ այդ ողջ գումարը ջրվեց ու հիմա մի երկու կոպեկ գումարը, որի անունն էլ «աղքատության նպաստ» են դրել, խնայում են իմ ընտանիքին։ Մեր երեքիս թոշակը՝ 12230 դրամը չի բավարարում սնունդին, էլ չեմ ասում, որ արդեն 10 տարի է մեր տան ջերմաստիճանը ձմռանը 10-ից չի բարձրանում։ Երկու տարի է, չեմ կարողանում վճարել ջրի, աղբի, բնակարանի վարձերը։ Դեղորայք գնելու հնարավորություն չունենք։ Նպաստը ստանալու ակնկալիքով հարեւանից դեղորայքի համար գումար էի պարտք վերցրել ու հիմա հայտնվեցի այս անելանելի վիճակում»։ Պարոն Ֆահրադյանի դիմումին ի պատասխան, 2001թ. փետրվարի 22-ին ՀՀ սոցապ նախարարության սոցիալական ծառայությունների վարչության պետ Ս. Հարությունյանը գրություն է ուղարկել սոցծառայությունների Քանաքեռ-Զեյթունի տարածքային կենտրոնի տնօրեն Ռ. Խամոյանին՝ խնդրելով սահմանված կարգով ընթացք տալ պարոն Ֆահրադյանի դիմումին։ Եվ ահա պարոն Ֆահրադյանը ստանում է Ռ. Խամոյանի պատասխանը. «Դուք համարվում եք «Դարաբաս» ՍՊԸ-ի անդամ։ (…) Ձեր ընտանիքի կարիքավորության միավորը զրոյացվել է 2000թ. օգոստոս ամսից եւ դուրս եք մնացել «Աղքատության ընտանեկան նպաստի» համակարգից»։ Այսինքն, ըստ էության, իր դիմումին, որում նա երկար- բարակ բացատրել էր իրավիճակը, որեւէ պատասխան չի տրվել։ Ու ամեն ինչ վերադարձել է «ի շրջանս յուր։ Պրն Ֆահրադյանն այս անհոգի վերաբերմունքից, խիստ վիրավորվել էր. «Նպաստից զրկվելու պատճառը ես գիտեի։ Ու հենց դա էր ինձ ստիպել դիմել նախարարին։ Քանի որ հիմնավորումն անհեթեթ է։ Ես ունեմ բոլոր փաստաթղթերը, որ այդ կոոպերատիվի հետ 1996-ից ի վեր ոչ մի կապ չունեմ։ Բայց դա ոչ ոքի չի հետաքրքրում։ Նրանք ուղղակի ալարում են պարզել իրավիճակը։ Արդյունքում՝ ընտանիքս անելանելի վիճակում է»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել