Լրահոս
Օրվա լրահոսը

Հում ՄԶԱԶ

Մարտ 23,2001 00:00
Mak

«Առավոտի» մարտի 2-ի համարում անդրադարձել էինք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կազմված «Մարդկային զարգացման ազգային զեկույց-2000»-ի (ՄԶԱԶ- 2000) մեջ մշակույթին առնչվող հատվածին։ Հիշեցնեմ, որ ըստ զեկույցը կազմող փորձագետների՝ «Պետությունը չունի մշակութային համակարգված քաղաքականություն իրականացնելու ընդհանրական նպատակ ու հայեցակարգ, որի պատճառով էլ ներկա իրավիճակը, մեր ամփոփ արտահայտությամբ, կարելի է բնութագրել որպես մշակույթից մարդկանց համընդհանուր օտարում, ինչը մտահոգիչ է մարդկային անվտանգության տեսակետից, քանի որ կարող է սպառնալ Հայաստանի մշակութային ինքնությանը»։ Գնահատականն, ինչ խոսք, ծայրաստիճան խիստ է եւ միարժեք չէր կարող ընդունվել։

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Կարեն Արիստակեսյանը, քիչ է ասել, թե համաձայն չէր «ՄԶԱԶ-2000»-ում տեղ գտած որակումներին. «Ինձ թվում է, այդ զեկույցը գրած փորձագետը բացարձակ կապ չունի մշակույթի հետ, անգամ օրենքների անունները ճիշտ չի գրել։ Գրել է՝ չկա հայեցակարգ։ Մեր մշակութային քաղաքականության հայեցակարգն ընդունվել է 2000թ. հոկտեմբերի 28-ին։ Կարելի էր, չէ՞, գոնե հետեւել արձանագրություններին եւ իմանալ, որ ընդունվել է հայեցակարգը, իմանալ մեր ռազմավարությունը, նպատակները»։ Պրն Արիստակեսյանը ներողամտորեն փորձեց նախարարության մեղքն էլ տեսնել ստեղծված իրավիճակում. «Գուցե մեր թերացո՞ւմն էլ կա, որ քիչ ենք պատմում մեր քաղաքականության մասին։ Թեեւ ես հայեցակարգն ընդունվելուց հետո, անընդհատ մամուլով, հեռուստատեսությամբ խոսում էի դրա մասին, պատմում էի։ Իսկ այդտեղ ինչ-որ անհեթեթ բաներ են գրված»։

Պրն փոխնախարարից փորձեցինք ճշտել՝ արդյոք մինչեւ զեկույցը տպագրելը մշակույթի մասին հոդվածին նախարարությանը չե՞ն ծանոթացրել, չե՞ն խնդրել նախարարության առաջարկությունները, ուղղումներն ու շտկումները։ Պատասխանը հետեւյալն էր. «Մեզ ուղարկել են գրած-պատրաստի հոդվածը, թե՝ ծանոթացեք, մի շաբաթ հետո քննարկվելու է։ Բնականաբար, ինչ էլ որ ասեի՝ մի շաբաթում իրենց գրածը չէին փոխելու։ Ես ոչ մի կետում փորձագետի հետ համաձայն չէի։ Եթե իմ տարաձայնությունները հայտնեի՝ ի՞նչ պիտի արվեր, նոր փորձաքննությո՞ւն պիտի նշանակվեր, երբ այս ողջ անհեթեթությունն արդեն տպագրված էր։ Իհարկե՝ ոչ։ Նյութը հում էր եւ անհնար էր որեւէ բան փոխել, երբ արդեն պատրաստ էր։ Ընդ որում, ուզում եմ հիշեցնել, որ 1999-ի ՄԶԱԶ-ում ընդհանրապես մշակույթը ներառված չէր։ Եվ մենք ենք պահանջել, որ այս տարի մշակույթին էլ անդրադառնան։ Դա փաստ է։ Բայց կարելի էր, չէ՞, գալ նախարարություն, համագործակցել, ի վերջո, նորմալ տեղեկանալ՝ ի՞նչ է արված, ի՞նչ է արվում»։

Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031