Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում երեխաների իրավունքների չարաշահման դեպքերը բազմաթիվ են։ «Սեռական չարաշահման օրինակները գա

Մայիս 04,2001 00:00

Քաղաքակիրթ հաշվեհարդար Հայաստանում երեխաների իրավունքների չարաշահման դեպքերը բազմաթիվ են։ «Սեռական չարաշահման օրինակները գաղտնի պահելը այլեւս անհանդուրժելի է»,- երեկ ասաց ԿԳՆ-ի Գյումրիի «Նարեկ» հոգեբանական կենտրոնի տնօրեն Արմինե Գմյուր-Կարապետյանը՝ «Մարդու իրավունքները Հայաստանում» թեմայով գիտաժողովի ժամանակ։ Համաշխարհային ուսուցում ՀԿ-ի, Հետաքննող լրագրողների ընկերակցության եւ Քաղաքացիական հասարակության զարգացման միության կազմակերպած երկօրյա այդ գիտաժողովի թեման բավականին ընդգրկուն է՝ երեխաների իրավունքներ, խոսքի ազատություն, ազատազրկվածների իրավունքներ, դատական համակարգ, Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցություն եւ մարդու իրավունքների խնդիրներ։ Իսկ Արմինե Գմյուր-Կարապետյանի ելույթը նվիրված էր հատուկ հաստատություններում սովորող երեխաների իրավունքներին։ Կոնկրետ Գյումրիի օրինակի վրա բերվող փաստերը ազդեցիկ էին ու խիստ տխուր. «Երեխայի հոգեբանական չարաշահումը դարձել է ապրելակերպ, ֆիզիկական չարաշահումը՝ դաստիարակության լավագույն միջոց, իսկ սեռական չարաշահումից ոչ ոք չի խոսում»։ Տիկին Գմյուր-Կարապետյանը ինքն էլ որոշ փակագծեր չբացեց, մասնավորապես, չհրապարակելով Գյումրիի այն գիշերօթիկ դպրոցի անունը, որտեղ «երեխայի իրավունքները ոտնահարվում են համարյա բոլոր հոդվածներով» եւ նաեւ սեռական չարաշահման դեպքեր են եղել։ Երբ զեկուցողից առանձին փորձեցինք ճշտել դպրոցի անունն ու այլ մանրամասներ, Արմինե Գմյուր-Կարապետյանը նպատակահարմար չգտավ դրանք հրապարակել, քանի որ սեռական չարաշահման է ենթարկվել դպրոցի աշակերտուհին՝ ավելի տարիքով մեկ այլ աշակերտի կողմից եւ դա հատուկ գիշերօթիկ դպրոցի, այսինքն՝ մտավոր, ֆիզիկական կամ վարքի շեղումներ եւ օգնության կարիք ունեցող երեխաների մեղքը չէ միայն։ Նրանց «անմեղ-մեղավորներ» որակելով՝ տիկին Արմինեն նաեւ մանկավարժներին զգուշացավ մեղադրել, քանի որ «այս ամենը կատարվում է կրթօջախում, բայց ամենատարրական անգրագիտության պայմաններում»։ Հետաքրքիր էր ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանի արձագանքը, որը ընդմիջմանը դժգոհեց, թե ինչու տիկին Արմինեն տեղյակ չի պահել իրենց այդ փաստերի մասին։ Կոնկրետ փաստերի ու մարդկային ճակատագրերի ներկայացման առումով խիստ ազդեցիկ էր Էդիկ Բաղդասարյանի, Տիգրան Պասկեւիչյանի ու Արա Շիրինյանի՝ «Երեխաների իրավունքները Հայաստանում» տեսաֆիլմը, որի դիտումից հետո առաջարկ եղավ արծարծված հարցերի լուծման պահանջով մեկ անգամ եւս դիմել կառավարությանը՝ թեեւ այդ փաստերը մեկ գիտաժողովի ժամանակ չէ, որ ասվում են ու արձագանք չեն գտնում։ Ինչեւէ, այս թեմային եւ երեխաների իրավունքների ոտնահարման մասին մյուս ուշագրավ զեկույցներին մանրամասն կանդրադառնանք մեր վաղվա համարում։ Ի դեպ, չգիտես ինչ տրամաբանությամբ, խոսքի ազատությանը նվիրված նիստը վարելու համար հրավիրել էին ՀՀ նախագահի ռեֆերենտին։ Չենք կարծում, որ նախագահի սրտով լինեն այս թեմայով զեկուցողների շեշտադրումները։ «Համագործակցություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Մարկ Գրիգորյանի գնահատականն էր՝ «2000թ., 1999-ի համեմատ, Հայաստանում խոսքի ազատությունը հետընթաց է ապրել։ Եթե հաշվի առնենք, որ 99-ին ավելի վատ էր, քան 98-ին, ապա կարելի է ասել՝ իրավիճակը գնալով ավելի ու ավելի ահագնացող է դառնում»։ Զեկույցը հագեցած էր կոնկրետ փաստերով, ինչպես եւ լրագրող, «Հետաքննող լրագրողների ընկերակցության» անդամ Սառա Պետրոսյանի ելույթը։ Վերջինիս գնահատմամբ՝ «Նախորդ իշխանությունների օրոք խոսքի ազատության սահմանափակման տարածված մեթոդ էին լրագրողների նկատմամբ կիրառվող ֆիզիկական հաշվեհարդարները։ Վերջին երկու տարիներին խոսքի սահմանափակումներին փոքր-ինչ քաղաքակիրթ տեսք է տրվել։ Լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ պայքարը հիմնականում տեղափոխվել է դատարաններ՝ վերածվելով դատական հաշվեհարդարների»։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031