Լրահոս
Օրվա լրահոսը

Էներգետիկ բաշխիչ ցանցերի շուրջ բորբոքված ու անդադար քննարկումներից հետո, թվում է, ավելացնելու ոչինչ

Մայիս 24,2001 00:00

Էներգացանցի տեսուչը քավության նոխա՞զ Էներգետիկ բաշխիչ ցանցերի շուրջ բորբոքված ու անդադար քննարկումներից հետո, թվում է, ավելացնելու ոչինչ այլեւս չկա՝ տեսուչները գող են, անազնիվ, անմաքուր ու երկրի, ժողովրդի սոցիալական դժվարությունների պատճառը էլեկտրիկն է։ Ո՞վ է այս քարոզչության հեղինակը,ո՞վ կերտեց էներգետիկի այս հրեշավոր կերպարը։ Մինչդեռ, բաշխիչ ցանցի տեսուչն այսօր, առավել քան երբեւէ, դժվարագույն պայմաններում կատարում է իր մասնագիտական պարտքը։ Եվ երբեմն այն վեր է ածվում կյանքի համար լուրջ սպառնալիքի։ Դատեք ինքներդ, «Բագրատունի» մասնաճյուղի տեսուչը իր սպասարկած՝ Նոյեմբերյան փողոցի տարածքում հայտնաբերել էր հաստ մալուխով ձախ լարանցում, որի միջոցով բնակիչը ապահովել էր ոչ միայն իր ընտանիքի ձրի լույսը, այլեւ եկամտի աղբյուր էր դարձրել։ Շուրջ 10-15 ընտանիք օգտվում էր այդ ավելի էժան էլեկտրաէներգիայից ու վճարում էր «բարեսիրտ հարեւանին»։ Որքան էլ բաժանորդի հնարամտությունը գովելի է, սակայն արարքն այդ մեկ այլ անուն ունի՝ գողություն։ Գողություն պետությունից, սեփական զավակների ապագայից, նաեւ տեսուչից, որը օրենքի առջեւ խստագույնս պատասխանատու է յուրաքանչյուր կիլովատտ/ժամի համար։ Հենց այդ պատասխանատվությունն էլ ստիպեց տեսուչներին ավելի աչալուրջ, հետեւողական ու սկզբունքային լինել ձախ լարանցումների հարցում։ Վերոհիշյալ հասցեում գողության մեջ բռնված բաժանորդները շատ փորձեցին «հանցավոր համաձայնության գալ» տեսուչի հետ։ Ապարդյուն։ Եվ բնակիչները դիմեցին ամենախայտառակ ու անպատվաբեր միջոցին։ Ընդհանուր գողությամբ միավորված 15 ընտանիքների անդամները՝ տղամարդիկ եւ նույնիսկ կանայք, ծեծեցին տեսուչին, որը գլխից՝ ծանր, եւ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցված։ Ի դեպ, այս բնակիչները մինչեւ օրս չեն ենթարկվել 1995թ. մարտի 2-ին ընդունված կառավարության թիվ 114 որոշման 5-րդ կետի պահանջին, համաձայն որի, հաշվիչները պետք է տեղադրված լինեին բնակարանից դուրս, բոլորի համար տեսանելի եւ վերահսկելի տեղում։ Մարդիկ ուրեմն իսկապես հաշվիչը թաքցնելու լուրջ պատճառ ունեն։ Բայց մինչեւ ե՞րբ, եւ մի՞թե կարծում են՝ անպատիժ։ Այս խայտառակ դեպքը մեզ հուշում է, որ անպաշտպան է այսօր համակարգը բնակիչների ոտնձգությունից։ Ըստ որում, ոչ միայն մեր ցանցն է խոցելի ու տեխնիկապես անկատար, այլեւ մեր աշխատակիցները, որոնք որքան էլ ըմբռնումով մոտենան բաժանորդների սոցիալական դժվարություններին, այնուամենայնիվ պարտավոր են եւ մեծ մասը բարեխղճորեն է կատարում իր պարտքը։ Անշուշտ, անժխտելի է, համակարգում կան «լույսի մարդիկ», ովքեր արատավորում են էներգետիկի բարձր կոչումը։ Նրանց դեմ «Երեւանի էլեկտրացանցի» տնօրինությունը վաղուց արդեն անհաշտ ու անհանդուրժող պայքար է սկսել, որն ավելի խիստ ու վճռական դարձավ ՀՀ վարչապետի մասնակցությամբ կայացած էներգետիկայի նախարարության կոլեգիայի նիստից հետո։ Հարցը լրջորեն քննարկվել է նաեւ վերջերս Կամերային երաժշտության տանը հրավիրված քաղաքային ցանցի արհմիութենական կոնֆերանսում։ Մեր բաժանորդներին տեղեկացնենք, որ նյութական պատասխանատուների 39 գործ արդեն դատարանում է, եւս 64-ը շուտով կհանձնվի իրավապահ մարմինների քննությանը։ Շատերի նկատմամբ վարչական տույժեր են կիրառվել։ Տնօրինությունը հաստատակամ է, մեր ընկերության աշխատակիցները պետք է լինեն մաքուր, անբասիր, եւ նույնը պետք է պահանջենք նաեւ սպառողից։ «Երեւանի էլեկտրացանց» ՓԲԸ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել