Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 26-ից հունիսի 4-ը Դոնեցկում կայացած երիտասարդ կատարողների 3-րդ միջազգային մրցույթում 1-ին տեղ

Հունիս 16,2001 00:00

Երգի թատրոնի հաղթարշավը շարունակվում է Մայիսի 26-ից հունիսի 4-ը Դոնեցկում կայացած երիտասարդ կատարողների 3-րդ միջազգային մրցույթում 1-ին տեղը գրավեց Հայաստանի Երգի պետական թատրոնի մենակատար Անդրեն։ Այս ուրախալի լուրը հայ երաժշտասերներին ավետելու եւ Երգի թատրոնի մյուս հաջողությունների մասին պատմելու նպատակով երեկ պրոդյուսեր Զարուհի Պետրոսյանը, Անդրեն, դոնեցկյան մրցույթի նախորդ տարվա գլխավոր մրցանակակիր («Գրանդ-պրի») Լիանան հանդիպեցին լրագրողների հետ։ Այս տարվա փառատոն-մրցույթին մասնակցում էին 11 երկրների 20 երգիչ-երգչուհիներ։ Ընդ որում, կազմը բավական ներկայացուցչական էր՝ 20 հոգուց 10-ը տարբեր միջազգային մրցույթների դափնեկիրներ էին։ Ի դեպ, փառատոնի ժյուրիի կազմն էլ բավական ներկայացուցչական է եղել՝ Զուրաբ Սոտկիլավա, Ռոբերտինո Լորետի, Դավիթ Թուխմանով… Ժյուրին պետք է նախորդ տարվա նման նախագահեր Իոսիֆ Կոբզոնը, որի առողջական վիճակը, սակայն, Կիեւում կտրուկ վատացել է եւ նրան հասցրել են ետ՝ Մոսկվա։ Ժյուրին ղեկավարել է Դ. Թուխմանովը։ Ըստ Զ. Պետրոսյանի, Դոնեցկում Անդրեի հաղթանակը կրկնակի հաճելի էր, քանի որ «այնտեղ հանդիսատեսը եւ ժյուրին, ի տարբերություն մեր հայրենակիցների, հաճույքով ծափահարում եւ «բրավո՜»-ներով ողջունում էր երգիչներին»։ Ստեփանակերտում ծնված եւ արդեն 4 տարի Երգի պետական թատրոնում աշխատող Անդրեի համար սա առաջին միջազգային մրցույթն էր եւ առաջին հաղթական մրցանակը։ Մրցույթի ժամանակ կատարել է երկու երգ, որոնցից մեկը՝ Ա. Գրիգորյանի «Դռները», կատարեց նաեւ լրագրողներիս համար։ Ի դեպ, բավականին հաջող։ Զարուհի Պետրոսյանի հաշվարկով, սա Երգի պետական թատրոնի երգիչների «8-րդ կամ 9-րդ մրցանակն է, որ բերում են միջազգային փառատոներից»։ Սակայն այս հաղթանակները որեւէ ձեւով չեն անդրադառնում երգիչ-երգչուհիների աշխատանքային առաջընթացի վրա, այն առումով, որ Հայաստանում չեն գտնվում անհատներ, ովքեր պատրաստ են հովանավորել միջազգային մրցանակակիրների, ասենք, CD-ների թողարկմանը կամ տեսահոլովակի նկարահանմանը։ «Մենք չունենք ոչ մի օգնող, այդ պատճառով մրցույթներին ու փառատոներին մենք շատ աղքատ ենք երեւում այն իմաստով, որ չունենք բաժանելու որեւէ բան՝ CD, ժապավեն եւ այլն…»,- արձանագրեց Զ. Պետրոսյանը։ Եվ անգամ ուղեւորությունների ծախսերը մեր երգիչները հոգում են սեփական միջոցներով։ Հարցին՝ ո՞վ է որոշում կամ ընտրում, թե որ երգիչը կամ երգչուհին պիտի մեկնի մրցույթի՝ Հայաստանը ներկայացնելու, պրոդյուսերը տվեց հետեւյալ պատասխանը. «Ես ինքս եմ զբաղվում այդ հարցով, ես ինքս եմ տարբեր փառատոների կազմակերպիչներին առաջարկում մեր արտիստներին»։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել