Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատ»

Հուլիս 11,2001 00:00

ԱՐՏԱՇԱՏ-ՄԱՍԻՍ-ՎԵԴԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՐԹՈՒՂՈՎ «Արարատ» մարզային թերթի գլխավոր խմբագիր Կարինե Աշուղյանին այս անգամ կվիճարկվի գտնվել մարզի 1-ին ատյանի՝ Վեդիի դատարանում։ Մինչ այդ նա եղել է Արտաշատի, ապա Մասիսի դատարաններում, ուր քննության էր դրվել քաղաքացի Մարինե Գաբրիելյանի՝ պատվի եւ արժանապատվության հայցն ընդդեմ լրատվամիջոցի։ Տեղեկացնենք, որ նախորդ երկու դատարաններին, մասնավորապես, դատավորներ Գագիկ Սարգսյանին եւ Թաթուլ Պողոսյանին, բացարկ հայտնեց այս քաղաքացին, ավելի շուտ՝ նրա ներկայացուցիչները՝ «դուք չեք կարող անաչառ լինել» պատճառաբանությամբ։ Երկու դեպքում էլ մարզի դատավորները բացարկն ընդունել են։ Հունիսի 29-ին դատարան ներկայացած Մ. Գաբրիելյանի ներկայացուցիչները նախ հայտնեցին, որ իրենք չգիտեն, թե ինչո՞ւ չի եկել հայցվորը։ Ապա «ուղղելով» սխալը՝ կանխատեսեցին, թե «հավանաբար նա հիվանդ է»։ Ի դեպ, նմանօրինակ մի «հիվանդության» պատճառով Մասիսի դատավոր Թաթուլ Պողոսյանը առաջնորդվելով քաղդատօրի 103 հոդվածի 1-ին կետով, հայցը թողել էր առանց քննության, քանի որ նիստի ժամանակի եւ վայրի մասին պատշաճ ձեւով տեղեկացված հայցվորը չէր ներկայացել դատական նիստին եւ չէր խնդրել գործն իր բացակայությամբ քննելու մասին։ Խաչփարի գյուղապետի նախկին թեկնածու Մ. Գաբրիելյանը, որը «Արարատ» թերթից պահանջում է հերքում տպագրել՝ 150 խաչփարցիների նամակը տպագրելու համար (դեռ անցյալ տարվա հունիսից)՝ դատարավարական իր հաջորդ քայլն արեց. քաղդատօրի 104 հոդվածի 3-րդ կետով եռօրյա ժամկետում դիմեց դատարանի նախագահին՝ որոշումը վերանայելու պահանջով։ Վերջինս գործը վերադարձրեց նույն Թաթուլ Պողոսյանին։ Հունիսի 29-ին, ինչպես նշեցինք, հայցվորի ներկայացուցիչը խնդրեց ժամանակ՝ տեղեկանալու Մ. Գաբրիելյանի «հիվանդության» մասին։ Վերադարձան ժամեր անց, մի դավթար էլ ձեռքներին՝ «խնդրում եմ դատը շարունակել առանց ինձ» բովանդակությամբ, որը, քիչ անց պարզվեց, որ գրել էր ոչ թե հայցվորը, այլ նրա ներկայացուցիչը։ Դատարանը ավելորդ գլխացավանքի մեջ չընկնելու համար դարձյալ դիմեց «հայցվորին»՝ նրա հետագա ցանկությունը «իրավաբանորեն» արձանագրելու համար։ Ցանկությունը հայցվորի դատավորին բացարկ հայտնելն էր, ինչը ընդունվեց։ Այս պատմության մեջ տհաճ իրավիճակի մեջ է հայտնվել «Արարատ» թերթի խմբագիրը, որի կարծիքով, հայցային այսօրինակ շրջագայությունը նման է հայցվորի կողմից կկվի բունը փոխելուն։ Մեր այն հարցին, թե եղե՞լ է նախադեպ, երբ թերթին կանչեին դատարան, նա պատասխանեց, որ առաջին դեպքն է։ Անցյալ տարվա երկու տարբեր հրապարակումների կապակցությամբ խմբագրություն են այցելել «Եհովայի վկաներ» աղանդի 3 ներկայացուցիչներ, որոնց թերթը «թերուս» էր անվանել եւ որոնք, պարզվեց, ունեցել են թերի միջնակարգ կրթություն եւ մեկ քաղաքացի էլ, որն արխիվային ինչ-որ նկարի մեջ ճանաչել էր իր հանգուցյալ մորաքրոջը Արարատի մարզում նստած «Պրավդա» ընթերցելիս (վերջինս գտել էր, թե նկարի հրապարակումը անուղղակի ծաղր է եղել հանգուցյալին)։ Կ. Աշուղյանն ասաց, որ իրեն հուզում է հայցվորի բացահայտ սուտը, երբ նա փորձում է ասել, թե նամակին պատասխանելու համար այցելել է խմբագրություն (ինչը, սակայն, չպնդեց դատարանում)։ ԶԼՄ գործող օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, «ՀՀ քաղաքացիներն ունեն մամուլով եւ ԶԼՄ-ներով իրենց տեսակետները, կարծիքներն արտահայտելու, հասարակական կյանքի յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ հրատապ եւ հավաստի լրատվություն ստանալու իրավունք»։ Խաչփար գյուղի 150 բնակիչների նամակում քաղաքացիներն օգտվել են այդ իրավունքից, իսկ թերթն էլ տպագրել է նրանց տեսակետներն ու կարծիքներն այդ օրերին գյուղում ընթացող գյուղապետական ընտրությունների մասին։ Հակառակ տեսակետ, անգամ դատական քննության փուլում գոնե մեկ անձի կողմից, չի եղել։ Սահմանադրության 24-րդ հոդվածով «յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը պնդելու իրավունք», եւ «արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվել իր կարծիքից եւ փոխել այն»։ Թե լրատվամիջոցից, թե 100-ից ավելի քաղաքացիներից, անհասկանալի է, ի՞նչ են ուզում հայցվորն ու Արարատի մարզի առանձին վերցրած դատարանները. որ հրաժարվե՞ն գյուղապետի նախկին թեկնածուի նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտելուց։ Այդ դեպքում նա ինչո՞ւ է մասնակցել ընտրություններին, որպեսզի ջերմոցային գյուղապետի կարգավիճակ ստանա՞ր։ Այդպիսի կարգավիճակ մեզանում չկա։ Անցյալ հունիսի նամակը փորձում են հերքել արդեն այս տարվա հուլիսին։ Մինչդեռ, ԶԼՄ գործող օրենքով հայցի առկայության դեպքում խմբագրությունը պարտավոր է պահպանել տեսագրություններն ու ձայնագրությունները՝ 1 ամիս։ Մեջբերեմ հերքման կարգն էլ. հերքումը կամ պատասխանը հրապարակվում է այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում կամ ԶԼՄ հերթական թողարկման մեջ (հոդ. 24), մինչդեռ «Արարատ» թերթը հունիսից մինչեւ հոկտեմբեր ամիսը չի ստացել նման ցանկության ահազանգ անգամ։ Եվ, վերջապես, արդեն 3-րդ դատարանն է գնում հայցը, սակայն հայցի հարուցման պարզագույն կարգը չգիտի հայցվորը. մինչեւ օրս չեն նշված հանգամանքները, որոնց վրա հիմնված է հայցապահանջը, չկան հայցապահանջի հիմքն ապացուցող ապացույցները, բռնագանձման ենթակա (նյութական եւ բարոյական վնասի հատուցում է ասվում) գումարի հաշվարկը, հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ու հայցվորի պահանջները։ Այս բոլորը պետք է պատշաճ ձեւով ուղարկված լինեին պատասխանող «Արարատ» թերթին էլ։ Ընդ որում, դատարանը կարող էր հայցադիմումը վերադարձնել, քանի որ վերոնշյալ պահանջները չեն կատարվում։ Մեր տպավորությամբ, մենք գործ ունենք ապօրինի հայցվորի հետ, որը դատարանի միջոցով փորձում է ապօրինության մղել վերոնշյալ լրատվամիջոցին, որն, ի դեպ, այս օրերին միակն է, որ իր «ամառային հանգիստն» է անցկացնում դատարաններում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031