Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչից դատելով՝ մեր քաղաքական այրերը սկսել են տառապել մոռացկոտությամբ։ Ոմանք չեն հիշում, թե ինչ

Հուլիս 27,2001 00:00

ԽԻ՜ՍՏ ՎԱՂԱԺԱՄ ՍԿԼԵՐՈԶ Ամեն ինչից դատելով՝ մեր քաղաքական այրերը սկսել են տառապել մոռացկոտությամբ։ Ոմանք չեն հիշում, թե ինչ են ասել 2-3 տարի առաջ, ուրիշները մոռանում են հազիվ մեկ ամսվա վաղեմության իրենց հայտարարությունները։ Ասենք, օրերս Ռոբերտ Քոչարյանը հաճոյախոսեց ՀԺԿ-ից հեռացածներին, թե հենց նրանք էին այդ կուսակցության մեջ «քիչ թե շատ կայացած մարդիկ, ովքեր ինչ-որ բանի են հասել կյանքում»։ Մտատանջությունների մեջ ընկա. մի՞թե 1998-ի մարտի 27-ին Արամ Խաչատրյանի թանգարանում կայացած ասուլիսում պրն Քոչարյանը չէր, որ իր մրցակից Կարեն Դեմիրճյանին աջակցող տնօրենների մասին ասում էր, թե հենց նրա՛նց ձեռնարկություններն են խնդիրներ ստեղծում բյուջեի համար եւ խոստանում նրանց պատասխանատվության ենթարկել ընտրություններից հետո։ Բացի նրանից, որ նրանք պարտքեր ունեին կենսաթոշակային հիմնադրամին եւ բյուջեին, Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ նաեւ բացահայտեց, թե այդ տնօրենների մեջ կան նաեւ այնպիսիք, որոնք մասնակցել են «Արդշինբանկի» թալանին։ Եվ ինքնափրկության մեխանիզմով բացատրեց այն, որ այդ տնօրենները Կարեն Դեմիրճյանի կողքին էին։ Հիշեցնենք՝ այդ տնօրենները Ռոբերտ Ենգոյանն ու Վոլոդյա Բադալյանն էին, որոնք, ինչպես հիմա պարզվում է, կայացած մարդիկ են եւ «ինչ-որ բանի» են հասել կյանքում։ Նույն Ռոբերտ Ենգոյանը ՀԺԿ-ից դուրս գալուց հետո ազդարարեց, թե Կարեն Դեմիրճյանի կուրսը հենց ինքն էր, եւ «իրենից հետո տարվում է մի կուրս, որն այլեւս չի պատկանում Կարեն Դեմիրճյանին»։ Մինչդեռ ընդամենը 3 շաբաթ առաջ պրն Ենգոյանը հայտարարել էր. «Անտեղի են բոլոր այն խոսակցությունները, թե ՀԺԿ-ն Դեմիրճյանի կուրսից շեղվել է։ Այդպես չէ։ Ես իմ գործունեությամբ հավատարիմ եմ Կարեն Սերոբիչի բոլոր մտքերին եւ այսօր էլ Ստեփան Դեմիրճյանի հետ եմ համամիտ։ Ստեփան Դեմիրճյանը շատ խելոք ու լուրջ մարդ է եւ շատ լավ է ղեկավարում կուսակցությունը» («Առավոտ», 30-ը հունիսի)։ Որքան հիշում ենք, ՀԺԿ առաջնորդը դրանից հետո միայն մի հրապարակային հայտարարություն է արել, թե իշխանությունները հովանավորում են ահաբեկչությունը։ Գուցե դրանո՞վ կուրսից շեղվեց եւ իր հոր աջակիցներին պարտադրեց սահմանազատվել ՀԺԿ-ից։ Պակաս «մոռացկոտ» չէ նաեւ Վոլոդյա Բադալյանը։ Երբ նրան հարցրել էինք, թե համալրելո՞ւ է «Կայունությունը», պատասխանել էր. «Այդ բոլոր լուրերը զուտ մամուլի հերթական հնարանքն են» («Առավոտ», 3-ը հուլիսի)։ Նույն հարցին ի պատասխան Հմայակ Հովհաննիսյանը զարմացել էր, թե ինքն իր համար տանը նստած զբաղվում է ստեղծագործական աշխատանքով՝ այդ ո՞վ է իր մասին նման լուրեր տարածում։ Չանցավ նույնիսկ մեկ ամիս, ու երկուսն էլ համալրեցին վերակազմավորված եւ անվանափոխված «Կայունությունը», իսկ պրն Հովհաննիսյանն անգամ ղեկավարեց այն՝ թեեւ մինչ այդ իր համար տանը նստած ստեղծագործում էր։ Չէ, իրոք ինչ-որ բան է կատարվում մեր գործիչների հիշողության հետ։ Թեեւ պարզ է, որ բնավ հիշողության կորուստը չէ այս ամենի պատճառը։ Ա. Ի. ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել