Լրահոս
Օրվա լրահոսը

Տասը տարի առաջ Թալինի բնակչության թիվը կազմել է 10.000 մարդ, իսկ ներկայումս այնտեղ բնակվում է 2000 թ

Օգոստոս 28,2001 00:00

Պետությունն էլ թող տուգանվի Տասը տարի առաջ Թալինի բնակչության թիվը կազմել է 10.000 մարդ, իսկ ներկայումս այնտեղ բնակվում է 2000 թալինցի։ «Պատերազմի տարիներին Թալինը ցորենով ամենահարուստ քաղաքն էր, բայց այսօր թալինցին հաց է մուրում։Այսօր ժողովուրդը սոված է։ Ցուցադրական 1700-ամյակ են տոնում, որ աշխարհին ցույց տան, թե քրիստոնյա ազգ ենք։ Ճիշտ է, օրական մեկը գալիս, խոստումներ է տալիս, դե մենք էլ հավատացյալ ենք, ամեն ասածի հավատում ենք»,- վրդովված պատմում էին թալինցիները։ Նրանց խոսքերով, հիմա Թալինը անտեր եւ բարձիթողի վիճակում է։ Ամբողջ քաղաքում հատուկենտ հեռախոսներ են աշխատում, սակայն, տեղաբնակների հավաստմամբ, ժողովրդին ստիպում են հեռախոսի վարձավճարներ մուծել։ Նրանց խոսքերով, արդեն մի քանի ամիս է, ոչ մեկին թոշակ կամ նպաստ չեն տալիս, մի գյուղացու պատկանող հողի մի կտորը Թալինի մի ծայրում է գտնվում, մյուսը՝ հակառակ ծայրում։ «Ոչ կարգին ջուր են տալիս, որ գոնե ցանածդ ջրես, ոչ էլ գյուղմեխանիզացիա կա։ Ձեռքով ինչքա՞ն կարող ես փորել, ցանել, որ ե՛ւ ընտանիքդ պահես, ե՛ւ վաճառես»,- պատմում էին տեղաբնակները։ Թալինի բնակիչ, թոշակառու Արտուշ Սաֆարյանը նշեց, որ «եթե մեքենան տեխսպասարկման ստուգումների չի ենթարկվում, անմիջապես տոկոսներ են գալիս։ Նույնը եւ ավտոմեքենայի համարանիշերը չփոխելու դեպքում, որոնք, ի դեպ, շատ թանկ հաճույք են։ Իսկ եթե պետությունը ամիսներով, երբեմն էլ տարիներով աշխատավարձ չի վճարում, ինչո՞ւ նրանց վրա տոկոսներ չեն գալիս»։ Թալինցիներից տեղեկացանք, որ էլեկտրացանցն արդեն վեց ամիս աշխատողներին չի վարձատրել, ոսկերչական գործարանը եւս մի քանի ամիս չի կարողանում աշխատավարձ վճարել։ Երբ զրուցում էինք բնակիչների հետ, մեզ մոտեցավ մի ծերունի եւ ցույց տալով կնճռոտված ձեռքերը, ասաց. «Տես, էս ձեռքերով աշխատել ու իմ արդար քրտինքով 8 երեխա եմ պահել, մեծացրել։ Բայց հիմա ես նույնիսկ ինձ չեմ կարողանում պահել, ուր մնաց երեխաներիս։ Անկախություն կոչվածը մեզ ի՞նչ տվեց, բացի անբարոյականությունից, թալանչությունից։ Ծակ գրպանով շալվար հագածները միլիոններ դիզեցին, իսկ աշխատավոր ժողովուրդը սոված քուչեքն ա,- ու ավելացրեց,- գիտե՞ս, թե մեր քարուքանդ երկրում ով ա աշխատում. միլիցիան, դատախազությունը, հարկայինը եւ մնացած ուժային կառույցները, որ ժողովրդին ճնշում ու գռփում են»։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել