Լրահոս
Օրվա լրահոսը

Համենայն դեպս, Վազգեն Սարգսյանը կասկածել է, որ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունուն սպանել է

Օգոստոս 29,2001 00:00

ԽՈՌԽՈՌՈՒՆՈՒՆ ՍՊԱՆԵԼ Է ՇՄԱ՞ՅՍԸ Համենայն դեպս, Վազգեն Սարգսյանը կասկածել է, որ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունուն սպանել էր Առաքել Մովսիսյանը (Շմայս)։ Այդ մասին է վկայում մասնավորապես վարչապետի նախկին օգնական Անդրանիկ Հակոբյանի ցուցմունքը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Անդրանիկ Հակոբյանը հարցաքննվել է 1999 թ. նոյեմբերի 8-ին եւ պատմել Մուշեղ Մովսիսյանի հետ իր հանդիպումների մասին։ Ըստ նրա ցուցմունքի, Մուշեղ Մովսիսյանն առաջին անգամ իրեն այցելել էր 1999-ի օգոստոսին. «Այցը կապված էր իր եղբոր՝ Շմայսի (Առաքել Մովսիսյանի) ձերբակալման հետ եւ Մուշեղ Մովսիսյանն այդ կապակցությամբ ուզում էր հանդիպել վարչապետ Վազգեն Սարգսյանին։ Այդ օրը նա շփոթված էր։ Ասում էր. «Ամոթ չի՞, որ Շմայսին բռնում են զենքի համար, գրպանը պլան գցելով։ Ո՞վ չգիտի, որ Շմայսը չի ուռում։ Զենք ում մոտ էլ ուզենան՝ կարան գտնեն։ Ես վախենում եմ, որ շեֆն այդ մասին չգիտի, որ իմանա՝ թույլ չի տա»։ Իր կարծիքով, Շմայսի գլխին սարքել էին Սամվել Բաբայանի հետ մտերմության համար»։ Անդրանիկ Հակոբյանը խոստացել էր Վազգեն Սարգսյանին փոխանցել հանդիպման խնդրանքը։ Տեւական ձգձգումներից հետո, ի վերջո, հոկտեմբերի 13-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի օրը Մուշեղ Մովսիսյանն ինքն էր մոտեցել վարչապետին եւ հանդիպման համաձայնություն ստացել։ Վազգեն Սարգսյանը սակայն հետո էլի Անդրանիկ Հակոբյանին էր հանձնարարել հանդիպել Մուշեղ Մովսիսյանին եւ զրույցի բովանդակությունը փոխանցել իրեն։ Ահա թե քննիչներին ինչ է պատմել վարչապետի օգնականը հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած իրենց հանդիպման մասին. «Մուշեղ Մովսիսյանը եկավ ինձ մոտ, ի տարբերություն նախորդ անգամների՝ շատ ինքնավստահ եւ շատ հանգիստ։ Հանգիստ այն առումով, որ կարծես վստահ լիներ, թե Շմայսի խնդիրը սկզբունքորեն լուծված է։ Մուշեղ Մովսիսյանն ասաց, որ Շմայսը, ինչպես նաեւ իրենք ախպերներով, պատերազմ են անցել։ Ինքը Շմայսին երբեք կոտրված չէր տեսել, բայց հիմա Շմայսը մեկուսարանում կոտրված է, նույնիսկ լաց է եղել, խնդրել է Մուշեղին, որ վարչապետին հաղորդի, թե ինքը զգում է սխալները, պատրաստ է անելու ցանկացած բան՝ ոնց որ շեֆը կասի (շեֆ՝ նկատի ուներ Վազգեն Սարգսյանին)։ Այնուհետեւ շարունակեց, որ ինքը կամ իր եղբայրն իրենց ձեւով «կխփեն» Շմայսին, բայց կոտրված չեն ուզենա տեսնեն իրենց եղբորը։ Մուշեղ Մովսիսյանն ավելացրեց, որ ճիշտ է «էդ էշը պառկել էր Սամոյի տակը» (նկատի ուներ Սամվել Բաբայանին), Սամվել Բաբայանի հանձնարարմամբ մարդիկ էր դիմավորում եւ ճանապարհում օդանավակայանում եւ, որ ինքը՝ Մուշեղը, զգուշացրել է եղբորը՝ Սամոյից հեռու մնալ, չդառնալ նրա կամակատարը, բայց լակոտը շատ էր խորացել, որի համար հիմա զղջում է, բայց Շմայսը չէր կարող թույլ տալ, որ Սամոյի ձեռքին դառնա գործիք եւ մարդ սպանի, Շմայսը Խոռխոռունու հետ ախպերներ են եղել, աղ ու հաց են կերել, նա չէր կարող նրան սպանել, նա այդքան էլ էշ չէր։ Եթե ինքը իմանա, որ Շմայսը տեղյակ է դրանից, ինքն իր ձեռքով «կխփի նրան»։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր վարչապետի օգնականի մոտ Մուշեղ Մովսիսյանն արդարանում, թե իր եղբայրը կապ չունի Խոռխոռունու սպանության հետ։ Ակնհայտ է՝ այն պատճառով, որ գիտեր, թե իրականում Վազգեն Սարգսյանը Շմայսին հենց դրա մեջ էր կասկածում եւ ապօրինի զենքը միայն պատրվակ էր։ Անդրանիկ Հակոբյանը շարունակում է. «Մուշեղը հավաստիացրեց, որ «շեֆը հիմա ոնց ասի՝ տենց կլինի», որ շեֆը եթե ուզում է, որ Շմայսը «նստի», հարց չկա, ուրեմն պետք է նստի, բայց «շեֆը պիտի ասի»։ Մուշեղ Մովսիսյանի վերջին միտքն այն էր, որ վարչապետին ես փոխանցեմ, որ Շմայսը զղջում է, հավանաբար՝ նկատի ունենալով Սամվել Բաբայանի հետ ունեցած մտերմության համար եւ խնդրում էր, որ վարչապետն օգնի»։ Երբ նույն օրվա երեկոյան այս խոսակցության բովանդակության մասին Անդրանիկ Հակոբյանը զեկուցել էր վարչապետին՝ լսել էր միայն «լավ» բառը։ Հոկտեմբերի 27-ին ժամը 16.20-ին Մուշեղ Մովսիսյանը զանգահարել էր վարչապետի օգնականին եւ հետաքրքրվել, թե ինչպես է արձագանքել Վազգեն Սարգսյանն իր խնդրանքին։ Անդրանիկ Հակոբյանը դեռ մի բառ էլ ավելացրել էր եւ նշել, թե վարչապետն ասել է «շատ լավ»։ Ի դեպ, փոստի եւ հեռահաղորդակցության նախկին նախարար Ռոբերտ Տոնոյանի 2000 թ. նոյեմբերի 22-ի ցուցմունքի համաձայն, Նաիրի Հունանյանը դահլիճում հետաքրքրվել էր. «Շմայսի եղբայրը դահլիճո՞ւմ է, թե՞ ոչ»։ Եվ դարձյալ Սամվել Բաբայանի մասին, որին «Հոկտեմբերի 27»-ի գործի նյութերում պատկառելի բաժին է հատկացված։ 2000 թ. մարտի 20-ին Հայկ Բաբուխանյանին քննիչը մի երկու ժամ «տանջել էր» հարցերով, թե դեպքի օրը Սամվել Բաբայանի հետ կապ հաստատելու նպատակով ի՞նչ որոշակի միջոցներ էր ձեռնարկել ինքը, երբ Նաիրի Հունանյանը պահանջել էր գտնել եւ կանչել ԼՂՀ պաշտպանության նախարարին։ Եթե ընդհանրացնենք Հայկ Բաբուխանյանի պատասխանները՝ նա պատմել էր, որ Նաիրի Հունանյանին ասել է, թե կփորձի մարդ ուղարկել Սամվել Բաբայանին գտնելու համար, բայց «իրականում ոչինչ չեմ արել՝ գիտակցելով, որ դա սադրանք է»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031