Լրահոս
Օրվա լրահոսը

«27»-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում որոշվեց կազմել եւ ներկայացնել որոշման նախագ

Նոյեմբեր 01,2001 00:00

Որոշում կայացվեց որոշում կայացնելու մասին «27»-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում որոշվեց կազմել եւ ներկայացնել որոշման նախագիծ: Ըստ այդ որոշման նախագծի՝ ԱԺ-ն միջնորդությամբ դիմի ՀՀ գլխավոր դատախազին Նորայր Եղիազարյանի գործի կարճման օրինականությունը ստուգելու եւ Նաիրի Հունանյանին ԱԱՆ քննչական մեկուսարանում պահելու նպատակահարմարության մասին։ Գագիկ Կոստանդյանը պնդում էր, որ ավելացվի նաեւ հարց այն մասին, որ Նաիրի Բադալյանի նկատմամբ էլ բռնություններ են իրականացվել, սակայն հանձնաժողովը մերժեց այդ առաջարկը, պատճառաբանելով, որ տվյալ հարցը դեռեւս չի քննարկվել։ Գագիկ Կոստանդյանը հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ հանձնաժողով պետք է կանչվեն բոլոր այն մարդիկ (մոտավորապես 150 մարդու մասին է խոսքը), «որոնք եղել են մեկուսարաններում, նստած են եղել ամբաստանյալների կամ կասկածյալների, գործով անցնող մարդկանց հետ»։ Պրն Կոստանդյանը համոզված է, որ այդ մարդիկ ինֆորմացիա հաստատ ունեն։ Եթե այդքան մեծ է համոզվածությունը, ինչո՞ւ գործընթացը չի սկսվում ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանից, կամ՝ Ալեքսան Հարությունյանից եւ Հարություն Հարությունյանից. «Իսկ ինչո՞ւ է ձեզ թվում, որ չենք սկսում։ Բավականին սկսել ենք, Մուշեղ Մովսիսյանի փաստերը իմ ձեռքի տակ են, ուսումնասիրվել են եւ կոնկրետ փաստեր կան, որ որոշակի անձեր պետք է դրա համար պատասխան տան։ Թե ինչպես եղավ, որ ամսի 5-ին Մուշեղ Մովսիսյանը կալանավորվեց, ամսի 6-ին, միայն նրանից ցուցմունք վերցրին»։ Գ. Կոստանդյանը հայտարարում է այս ամենի մասին, սակայն ինքը՝ Մուշեղ Մովսիսյանը դեռեւս չի դիմել «Հոկտեմբերի 27»-ի գործերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին։ Գ. Կոստանդյանը ոչ մի տարբերություն չի տեսնում նրանում, որ հանձնաժողովն է դիմել Մ. Մովսիսյանին։ Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ հնարավո՞ր է Նաիրի Բադալյանի դեմ նորից քրեական գործ հարուցվի, հաշվի առնելով, որ Նաիրի Հունանյանը նոր ցուցմունքներ է տվել այդ մասով, պրն Կոստանդյանը պատասխանեց. «Նաիրի Բադալյանի նկատմամբ չգիտեմ հետագայում նոր փաստարկներ կլինեն, չեն լինի, սակայն այսօրվա եղածով, կոնկրետ Ն. Բադալյանի նկատմամբ է բռնություն իրականացվել»։ Հանձնաժողովի նիստի ընթացքից պարզ դարձավ, որ, կարծես թե, հանձնաժողովի անդամները պատրաստվում են նիստի հրավիրել եւ լսել նաեւ Մուշեղ Մովսիսյանին, Ալեքսան Հարությունյանին եւ Հարություն Հարությունյանին։ Հանձնաժողովի անդամ Կիմ Բալայանը այս կապակցությամբ մեկնաբանեց. «Հանձնաժողովի լիազորությունների մեջ է մտնում նաեւ հրավիրելը եւ նրանց հետ զրուցելը։ Պետք է պարզենք, քննության ժամանակ բռնություններ եղել են, թե ոչ, եւ եթե եղել են, ի՞նչ նպատակով։ Այս խնդիրը դեռ ուսումնասիրված է մասամբ»։ Հանձնաժողովի 8 անդամներ կողմ քվեարկեցին, որպեսզի հանձնաժողովը որոշման նախագիծ ներկայացնի քննության առնված երկու հարցերի վերաբերյալ՝ Նաիրի Հունանյանին ԱԱՆ մեկուսարանից ՆԳՆ մեկուսարան տեղափոխելու եւ Նորայր Եղիազարյանի մասով գործը վերանայելու մասին։ Դեմ քվեարկեց ՀՀԿ-ն ներկայացնող Սուքիաս Ավետիսյանը, իսկ Ֆիլարետ Բերիկյանը որոշեց ընդհանրապես չմասնակցել քվեարկությանը։ Վերջինիս պատճառաբանությունը հետեւյալն էր՝ քանի որ հանձնաժողովը ստեղծվել է երեք հարցերի ուսումնասիրման համար, ճիշտ կլինի, բոլոր հարցերի քննարկումից հետո միայն որոշման նախագիծ ներկայացնել։ Կիմ Բալայանը, որը կողմ էր քվեարկել որոշման նախագծի ստեղծմանը, ասաց. «Կողմ քվեարկեցի, բայց եթե նախագիծը լինի այնպես, որ պետք է դիմել դատարանին եւ ոչ թե դիմել ԱԺ ներկայացուցչի միջոցով, այս պարագայում, ես կքվեարկեմ կախված իմ համոզմունքից: Սակայն ես այսօր էլ գտնում եմ, որ Նաիրի Հունանյանին ԱԱՆ քննչական մեկուսարանում պահելը շատ ավելի արդյունավետ է ե՛ւ մեկուսացման, ե՛ւ անվտանգության տեսակետից, այստեղ կասկած չկա։ Բայց ինձ համար կասկած չկա, որ այստեղ քաղաքական դրդապատճառներ կան եւ կան ուժեր, որոնք շահագրգռված են, որ անպայման Նաիրի Հունանյանի գլուխը ուտեն եւ նոր շահարկման ալիք սկսվի։ Սա է խնդիրը»։ Ըստ Կիմ Բալայանի՝ այն ուժերը, որոնք փորձում էին խորհրդարանում բոլորին վերացնել, այսօր էլ շարունակում են այս գիծը պահել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել