«Պարոն Գալստյան, վերջերս հրապարակվեց ԵԽԽՎ զեկույցը, որտեղ նշված է, որ մեր նախընտրական քարոզչության ժամանակ Ռուսաստանը Հայաստանի դեմ տնտեսական սահմանափակումներ է կիրառել, որպեսզի մարդկանց մղի ընդդիմության օգտին քվեարկելուն։ Կենտրոնական բանկը արդյոք սթրես թեստեր արե՞լ է, թե ի՞նչ կլինի, եթե «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը և «Հայաստան» խմբակցությունը մեր գործընկերներին՝ օտարերկրյա, շարունակեն դրդել և համոզել, որպեսզի Հայաստանի դեմ տնտեսական նոր սահմանափակումներ իրագործվեն։ Եվ,ընդհանրապես՝ ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է բացասական ընդդիմության դերը և ի՞նչ ռիսկեր է գեներացնում Հայաստանի տնտեսական կյանքում»,- խորհրդարանում 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին հարցրեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Այդպիսով նա հակադարձում էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին, որը հետաքրքրվում էր գազի գնի հնարավոր բարձրացման արդյունքներով՝ ՀՀ տնտեսության վրա, իսկ գազի գնի հնարավոր բարձրացումն, իր խոսքում ընդդիմադիր պատգամավորը պայմանավորեց իշխանության վարած ապաշնորհ քաղաքականությամբ։
«Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունների ճիշտ կառուցումը արտաքին գործընկերների հետ էական է։ Այսինքն՝ մենք բոլոր ազդեցության կենտրոնների հետ պիտի կարողանանք ճիշտ տնտեսական հարաբերություններ ձևավորել, ու ես բացառապես խոսում եմ տնտեսական հարաբերությունների մասին։ Մենք, որպես Կենտրոնական բանկ, մեր հարաբերությունները կառուցելիս ունենք հավասարաչափ ու գործընկերային հարաբերություններ բոլոր կենտրոնների հետ, ինչը կարծում եմ, որ բավականին դրական է»,-պատասխանեց Մարտին Գալստյանը՝ հավելելով, որ ցանկացած սահմանափակում իր հետ բերում է բացասական ազդեցություններ՝ ոչ միայն գետնի վրա, այլեւ ընդհանուր տրամադրությունների ձևավորման վրա․ «Որովհետև ներդրողները ոչ միայն նայում են, թե ի՞նչ է տեղի ունենում այսօր, այլ փորձում են հասկանալ, թե ի՞նչ տեղի կունենա ապագայում, եթե այդ հարաբերությունները չլինեն բնականոն»։
Ռուբինյանը շարունակեց․ «Այսինքն՝ Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունը ավելի շատ քվե ստանա»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը պատասխանեց Ռուբեն Ռուբինյանին․ «Պարոն Գալստյան, չեմ կարող չհամաձայնվել ձեր այն պնդմանը, որ այո՛, մեզ ինստիտուցիոնալ ներդրողները, օտարերկրյա ներդրողները հետևում են ուշի-ուշով, և այդ կապակցությամբ նաև շատ կարևոր է ուշադրություն դարձնել հենց կոնկրետ ԵԽԽՎ զեկույցում տեղ գտած գնահատականներին, մասնավորապես՝ Հայաստանում կիրառվող ընտրովի արդարադատությանը, քաղաքական հետապնդումներին, ինչպես նաև այն երևույթին, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր հնարավոր է մեկ օրում, մեկ մարդու կամքով կամ ֆեյսբուքյան ստատուսով բիզնես խլել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































