«Այս հարցի քննարկումը պետք է ունենա մեկ վերջնական նպատակ՝ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է վերադառնան և պետք է ազատ արձակվեն, որովհետև թե մարդասիրական տեսանկյունից, թե մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և բոլոր այլ դիտանկյուններից սա առանցքային հարց է։ Այլ տեսակի լուծում մարդու իրավունքների առումով ինքը չի կարող ենթադրել որպես այդպիսին»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Բաքվի բանտերում գերության մեջ գտնվող հայերի խնդրին։
Անդրադառնալով Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրող անմխիթար վիճակին, ինչի մասին ահազանգում են ընդդիմադիր գործիչներն ու փաստաբանները, Մանասյանն ասաց․ «Երբ նույն այդ ընդդիմադիր ուժերը պետական իշխանություն են ունեցել քաղաքական մեծամասնության առումով և հենց քրեակատարողական հիմնարկների առումով որոշում կայացնող են եղել, մեր հաստատությունը բազմիցս է բարձրաձայնել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հետ կապված հարցերը։ Այն փուլում խնդիրներն ընդհանրապես չեն լուծվել, ի նկատի ունեմ այն ժամանակ, երբ այս ընդդիմադիր ուժերը կամ նրանց որոշակի մասը որոշում կայացնող են եղել հենց քրեակատարողական հիմնարկների առումով։ Ես ինքս սկսել եմ բարձրաձայնել Նուբարաշեն ՔԿՀ հարցը սկսած այն պահից, երբ դարձել եմ մարդու իրավունքների պաշտպան։ Եթե դիտարկեք իմ հրապարակային ակտիվությունն այս առումով, կտեսնեք, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ ես անձամբ շատ հաճախ եմ այցելում, և սա պատահական չէ, այնպես չէ, որ գնում եմ այնտեղ նոր ծանոթանալու պայմաններին, որովհետև Նուբարաշեն ՔԿՀ պայմանները շատ մանրամասն նկարագրվում են իմ կողմից թե մեր հրապարակային զեկույցներում, թե իմ հրապարակային հայտարարություններում, թե նախկինում են ներկայացված եղել»։
Նա նշեց, որ Նուբարաշեն ՔԿՀ հաճախ է այցելում նաև այն նպատակով, որ հրապարակային հաղորդագրություն ուղղի պետական իշխանության մարմիններին՝ թե քաղաքական մեծամասնությանը, թե քաղաքական փոքրամասնությանը, որ այս ՔԿՀ պայմանները չեն բավարարում միջազգային չափանիշներին և այդ քրեակատարողական հիմնարկի հետ կապված պետք են հայեցակարգային ու համակարգային բնույթ կրող փոփոխություններ։
«Այդ քրեակատարողական հիմնարկում վերջին տարիներին փորձ է կատարվել մի քանի անգամ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու, և փորձը ցույց է տվել, որ դա որևէ կերպ չի նպաստում խնդրի լուծմանը, որովհետև պայմաններն ինքնին այնպիսին են, որ վերանորոգումը կատարելուց հետո մի քանի ամիս հետո գրեթե նույն իրավիճակն է, ինչ վերանորոգումը կատարելուց առաջ էր։ Հետևաբար, իմ պահանջը պետական իշխանությունից այն է, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկը պետք է փակվի, և դրա փոխարեն պետք է կառուցվի նոր քրեակատարողական հիմնարկ։ Ու այս առումով պետք է գտնել շատ շուտափույթ լուծումներ»,- ասաց Մանասյանը։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ ընդդիմություն ու իշխանությունը ոչ թե պետք է բանավիճեն այս հարցի շուրջ, այլ պետք է նստեն ու իրար հետ խնդրին լուծում գտնեն։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































