Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե եթե ընդդիմության խոսույթից հանվի Ալիևի և Ադրբեջանի թեման, տակը բան չի մնա, այսօր ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հակադարձեց հարցով՝ իսկ եթե իր խոսույթից հանվեն վիրավորանքները, տակը ի՞նչ կմնա։
«Ասեմ՝ եթե դա հանենք, ինչ կմնա տակը։ Ընդդիմությանն առաջարկում եմ գնալ հանրաքվեի, ժողովուրդը դեմ կքվեարկի, հրաժարական կտամ, կողմ կքվեարկի՝ հաջորդ ընտրություններին չեմ լինի վարչապետի թեկնածու։ Նոր Սահմանադրության ընդունումը՝ իր ամբողջ բովանդակությամբ, ՀՀ պետական բյուջե լրացուցիչ 9,1 միլիարդի եկամուտներ բերելը, խաղաղության օրակարգը, առողջության ապահովագրությունը, 300 դպրոց, 500 մանկապարտեզ, ուսուցիչների կամավոր ատեստավորումը…»,– այսպես Փաշինյանը թվարկեց իր քաղաքական խոսույթի, իր կարծիքով, հիմնական բաղադրիչները։
Փաշինյանը հակադարձեց նաև լրագրողին՝ հարցնելով, թե ինչու լրագրողներին, ընդդիմությանը կարելի է ամեն ինչ, իսկ իրեն՝ ոչ։
Կարդացեք նաև
«Իյա, ձեզ կարելի՞ է Եռաբլուրը բերել, դարձնել մանրադրամ։ Բա ո՞նց է, որ կարող եք գնահատական ունենալ, որ հողատու եմ, դավաճան եմ, մարդկանց կյանքեր եմ խլել… Սրանից հետո ով որ այդ խոսույթն օգտագործեց, այսօր ստանդարտը սահմանեցի, ես ինչ եմ ասելու»,– ասաց վարչապետը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































