Հաջորդ շաբաթ կհրապարակվի Սահմանադրության նախնական նախագիծը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Օրինակ՝ «Հայաստան» խմբակցությունը, որի մաս է նաև ՀՅԴ-ն, արդյոք հավատարի՞մ է Միացյալ Հայաստանի տեսլականին, ՀՅԴ-ի ծրագրային տեսլականին։ Նրանք այս հարցին պետք է հստակ պատասխան տան, որովհետև սա ուղիղ կապ ունի այն հարցի հետ, թե ինչու են այդ քաղաքական ուժերն այդքան դեմ Սահմանադրական փոփոխություններին և ինչու են այդքան հիշատակում 1990 թվականի Անկախության հռչակագիրը։
Մենք պետք է արձանագրենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրով անցում ենք կատարել Խորհրդային Հայաստանից Դաշնակցական Հայաստանի։ Որովհետև մենք ՀՅԴ-ի Միացյալ Հայաստանի տեսլականը դրել ենք մեր պետության հիմքում»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը վերլուծեց նաև Անկախության հռչակագիրը՝ նշելով, որ դրանում հիշատակվում է Արևմտյան Հայաստանը, ինչպես նաև հղում կա ԼՂ ինքնավար մարզի և Խորհրդային Հայաստանի վերամիավորման գործընթացին։
Կարդացեք նաև
«Հիմա շատ կարևոր է արձանագրել, թե ինչու չպետք է մենք Սահմանադրության մեջ կապ ունենանք այս դրույթների հետ։ Որովհետև այդ փաստաթուղթն ապահովել է ՀՀ-ի այնպիսի դիրքավորում, որը կոնֆլիկտային տրամաբանության մեջ է դրել ՀՀ-ին, և մենք ՀՀ-ն պետք է դուրս դնենք կոնֆլիկտային տրամաբանությունից։
Որովհետև Արևմտյան Հայաստանի պատասխանը Արևելյան Թուրքիան է ու Արևմտյան Ադրբեջանը։ Պետք է առերեսվենք այս փաստի հետ։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությանը հարց եմ տալիս՝ արդյոք իրենք պաշտպանո՞ւմ են Ղարաբաղի և Ադրբեջանի հայության վերադարձի իրավունքը։ Այս հարցին պետք է հստակ պատասխանեն։ Ուղիղ ասում եմ՝ սրանք թակարդ հարցեր են։ Որովհետև մի դեպքում նրանք պետք է արձանագրեն մեր քաղաքական նպատակադրումների արդարությունը, մյուս դեպքում՝ պետք է հրաժարվեն իրենց քաղաքական ինքնությունից։
Եթե «Հայաստան», «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները պաշտպանում են Ադրբեջանի հայերի վերադարձի իրավունքը, դրա արձագանքը 300 հազար ադրբեջանցիներն են»,– ասաց Փաշինյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































