Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատություն» կուսակցության վարչության 30.10.2001, հայտարարությունը ՀՀ դատախազության կողմից ԱԺ էներգ

Նոյեմբեր 03,2001 00:00

ՄԱԶՈՒԹԻ ԳՈՐԾԸ ԱՆՑՅԱԼ ԴԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ Է «Ազատություն» կուսակցության վարչության 30.10.2001, հայտարարությունը ՀՀ դատախազության կողմից ԱԺ էներգետիկ չարաշահումների ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի փաստով հարուցված քրեական գործի ընթացքի մասին Ս.թ. հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ գլխ. դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստը, որտեղ ՀԿԳ քննիչը հանդես եկավ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի (հետայսու՝ Հանձնաժողով) զեկույցում նշված էներգետիկ չարաշահումների հարցով հարուցված քրեական գործի ընթացքի մասին հաղորդումով։ Այդ հաղորդման էությունը հետեւյալն է. «քննչական մարմինը կատարել է բոլոր հնարավոր գործողությունները կորած մազութը հափշտակված ճանաչելու համար»։ Սակայն քննության ընթացքում այդպես էլ չի հաջողվել նման «արդյունքի» հասնել. Հանձնաժողովը իր հետեւությունների հիմնավորման համար չի ունեցել արժանահավատ փաստաթղթեր եւ նյութեր։ Թվում է, թե սրանով վերջ է տրվում բազմաչարչար մազութի գործին։ Բնական է, որ նորմալ հասարակությունում պետք էր ակնկալել նաեւ համապատասխան ռեակցիա։ Նախ, հարկ էր ներողություն խնդրել արդեն չորրորդ տարին մազութի եւ այլ էներգակիրների հափշտակման մասին տարածվող հերյուրանքների համար։ Երկրորդ, օրենքով պատժել թալանի մասին զրպարտություններ տարածող քաղաքական գործիչներին։ Ի վերջո, պարզվում է, որ այսպես կոչված մազութի գործը անցյալ դարի լավագույն զրպարտություններից է։ Օրինակիրթ երկրում նման «կլյաուզայի» համար հարկ է հեռանալ քաղաքականությունից։ Երրորդ, ոչ թե փորձել հանրությանը ներկայացնել 1992-1995թթ. էներգետիկայի ոլորտում տեղի ունեցած «չարաշահումները», այլ կառավարությունների հերոսական աշխատանքը։ Մասնավորապես, շնորհիվ Հ. Բագրատյանի կառավարության 1994-1995թթ. ձեռնարկած էներգետիկ բարեփոխումների, էներգետիկ ռեսուրսներով աղքատ Հայաստանն առաջինը տարածաշրջանում ապահովեց 24172ժամյա կայուն էներգամատակարարումը, կայունացրեց էներգետիկ համակարգում առկա ֆինանսական վիճակը։ Ի դեպ, այդ բարեփոխումներն արժանացել են միջազգային հանրության ուշադրությանը՝ դրական իմաստով։ Ամենահեղինակավոր ֆինանսական ինստիտուտները Հայաստանի էներգետիկ բարեփոխումների կիրարկման առնչությամբ, նկատի ունենալով դրանց հրատապությունը այլ երկրների առումով եւս, Հ. Բագրատյանին հատուկ աշխատություն գրելու առաջարկություն են արել, ինչը հրատարակվել է արտասահմանում։ Այլ երկրների կառավարություններին առաջարկվել է նկատի ունենալ այս փորձը։ Որեւէ այլ հայ գիտնական, գործիչ կամ քաղաքացի միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունում նշված թեմայով ելույթ ունենալու հրավեր չի ստացել։ Չորրորդ, պետք էր հանրությանը հստակորեն բացատրել, որ էներգետիկ չարաշահումների մասին առասպելը նախաձեռնած քաղաքական թափթփուկների «պնդումներն» առ այն, որ 1992 կամ 1993թթ. իբր արտադրվել է նույնքան էլեկտրաէներգիա, որքան 1996թ. (այստեղից էլ տրամաբանական այն հարցը, թե ինչո՞ւ էր ժողովուրդը տառապում ցրտից ու մթից), իրականում լավ մոգոնած բլեֆ է։ Իշխանությունները, եթե ուզենային, շատ հստակ կարող էին պատասխանել այս հարցին։ Բանն այն է, որ 1996-1999թթ. բնակչության մեկ շնչի հաշվով 1,7-2,3 անգամ ավելի շատ էներգիա է սպառվել, քան 1992-1993թթ.։ Այո, էլեկտրաէներգիա արտադրվել է մոտավորապես նույնքան։ Բայց ջերմային էներգիայի արտադրությունն ավելացել է 3, դիզվառելիքի ներմուծումները՝ 17, ավիանավթինը՝ 5, բենզինինը՝ 7-8 անգամ։ Դրան զուգահեռ, 1996-1999թթ. սկսվել է գազի սպառումը անհատական սեկտորում (համապատասխանաբար՝ 15 եւ 80 մլն մ3)։ Ի վերջո, 1992-1993թթ. արտադրված էլեկտրաէներգիան ուներ 46, իսկ 1996-1999թթ.՝ 50 հերց հաճախականություն։ Եվ հետո, գոյություն ունեն էլեկտրաէներգիայի կիսամատակարարման եւ կանխատեսման գործակիցներ։ Բացի այդ, 1991-1999թթ. ՀՀ բնակչությունը պակասել է 16%172ով (պաշտոնական աղբյուրների համաձայն այն 3774 հազ. իջել է մինչեւ 3185 հազար)։ Ստացվում է, որ 1996-1999 թվականներին բնակչության մեկ շնչի հաշվով էներգիայի սպառումը ավելացել է 3,-3,5 անգամ։ Մի՞թե չէր կարելի այս պարզագույն ճշմարտությունը բացատրել մարդկանց։ Ինչո՞ւ էր ամբիոն տրամադրվել դեմագոգներին՝ հասարակությանը մոլորության մեջ գցելով։ Այլեւս ակնհայտ է, որ նախկինում առկա այսպես կոչված էներգետիկ տեռորի մասին զառանցանքները ձեռնտու են իշխանություններին։ Ավելին, դրանք պարզապես նախաձեռնված են վերջիններիս կողմից։ Հետեւյալ փաստերն ասվածի լավագույն ապացույցն են։ Նախ, էներգետիկ չարաշահումների մասին խոսակցությունները ծավալվում են ամեն անգամ, երբ հանրապետության ներսում առկա է քաղաքական իրավիճակի որոշակի սրացում։ Հատկապես այն ժամանակ, երբ հասարակությունը փորձում է կենտրոնանալ իշխող վարչակարգի անձեռնհասության վրա։ Այնուհետեւ, դրանց քննությունն օրվա իշխանությունների կողմից վերջ չունի։ Այն շարունակվում է ավելի քան չորս տարի։ Այս ընթացքում նրանք մեկ անգամ այլեւս «ընտրվել» են։ Նրանք գտնում են, որ կարելի է մինչեւ հաջորդ ընտրություններ ձգել այս պատմությունները եւ, ինչո՞ւ չէ, մեկ անգամ եւս հիմարացնել հանրությանը։ Երրորդ, Հանձնաժողովը խորամուխ լինելով էներգետիկ «չարաշահումների» ուսումնասիրության մեջ, մի պահ ոգեւորվել է այնքան, որ ըստ էության վեր է հանել դրվագներ, որտեղ, իրոք, առկա են չարաշահումների փաստեր, բայց որոնք գրեթե առանց բացառության կապված են օրվա իշխանությունների հետ (նման դեպքերում այդ թվերը հանվում են հաշվետվություններից)։ Չորրորդ, էներգետիկ չարաշահումներից խոսող բոլոր հիմնական քաղաքական ուժերը (ՀՅԴ, ԱԺՄ-ԱԺԴ, Օրինաց երկիր, Դեմկուս եւ այլն) ըստ էության օրվա իշխանությունների քաղաքական հենարանն են կազմում։ Հինգերորդ, իշխանամետ մամուլը պարզապես ֆաշիստական դիրքորոշում է որդեգրել։ Այս անգամ էլ, երբ պետք էր փաստել, որ դատախազությունը որեւէ փաստ չի կարողացել արձանագրել նախկինների կողմից կատարված էներգետիկ չարաշահումների առումով եւ, ի վերջո, ներողություն խնդրել մինչեւ այժմ ծավալած հերյուրանքային կամպանիայի համար, իշխանամետ մամուլի հրապարակումները ընթացան մի այնպիսի աճպարարական տոնով եւ պրոպագանդիստական հնարքով, որ անտեղյակ մեկին կարող էր թվալ, թե էներգետիկ չարաշահումների մասին «գործը» միայն սկսվում է։ Հատկանշական է, որ ՀԿԳ դատախազության քննիչի զեկույցում առկա են այսպիսի բառեր. «դժվար է թվարկել էլի գործողություններ, որոնք քննչական մարմինը կարող է կատարել, որպեսզի կորած մազութը ճանաչվեր հափշտակված»։ Ըստ էության՝ քննչական մարմնին ստիպել են կատարել բոլոր հնարավոր գործողությունները։ ՀԿԳ քննիչը մի տեսակ մեղանչելով ասում է. կներեք, բայց ինչ որ հնարավոր էր՝ արել եմ. քրեական գործ չկա։ Խե՜ղճ մարդ, ոչինչ չի կարողացել գտնել։ Որպես իրավաբան, երեւի հասկանում է նաեւ, որ եթե մեղադրվողները չեն դատվում, ապա պետք է դատվեն մեղադրողները։ Չէ՞ որ զրպարտությունների համար պետք է պատասխանել։ Դատախազությունում սա լավ են հասկանում։ Դա է պատճառը, որ ինչ-որ բացատրություն, ալիբի են գտել. իբր արխիվներն անհայտացել են։ Հավանաբար, այս չարաբաստիկ արխիվներում են եղել հանցակազմի վերաբերյալ բոլոր ապացույցները։ Բա որ անհայտացել են, հապա ինչի՞ հիման վրա է Հանձնաժողովը մեղադրանքներ առաջ քաշել չարաշահումների վերաբերյալ։ Այն, որ դատախազությունը կատարում է իշխանությունների քաղաքական պատվերը՝ երեւում է նաեւ այն բանից, որ չգիտես ինչու ի լուր ամենքի հայտարարվում է, թե տեսեք՝ հարցաքննվածների ցանկում նաեւ Հրանտ Բագրատյանն է։ Կապ չունի, որ Բագրատյանին դատախազություն են հրավիրել այնպիսի հարցեր տալու համար, որոնք կարող էին նաեւ բոլորովին այլ մարդկանց ուղղել։ Մասնավորապես, Հրազդանի ՊՇԷԿ-ի կառուցման հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը նախեւառաջ պետք էր ուղղել կոմունիստական Հայաստանի ղեկավարությանը՝ 1987թ. այդ կառույցի իրականացմանը ձեռնամուխ լինելու համար։ Սակայն կայանի շինարարության հետ անմիջական առնչություն ունեցած Հայկական ԽՍՀ նախկին ղեկավարները (Ֆ.Սարգսյան, Ս.Հարությունյանց), ՀՀ մյուս վարչապետները (Վազգեն Մանուկյան, Գագիկ Հարությունյան, Խոսրով Հարությունյան), որոնց օրոք (մինչեւ Բագրատյանը) ընթացել է կայանի շինարարությունը, դատախազությանը չէին հետաքրքրում։ Ի դեպ, նման հարցով դատախազությունը կարող էր դիմել նաեւ Ռ. Քոչարյանին։ Մյուս հարցերը մոտավորապես նույն երանգն են ունեցել։ Անշուշտ, գործող օրենսդրությամբ դատախազությունը որպես վկայի հարցեր կարող է ուղղել ցանկացած մարդու։ Սակայն ակնհայտ է, որ օրվա իշխանությունների հետ անմիջականորեն համագործակցող մարդիկ, որոնք ավելի շատ առնչություն ունեն նման հարցերին, դատախազությանը չեն հետաքրքրում։ Սա բացահայտ քաղաքական շանտաժ է։ Հանրապետության ղեկավարության ցուցմունքով փորձում են վարկաբեկել հնարավոր ամեն մարդու, որը կարող է իրենց խանգարել առաջիկա ընտրություններում։ «Ազատություն» կուսակցության վարչությունը գտնում է, որ ժամանակն է ի վերջո քրեական պատասխանատվության ենթարկել այն մարդկանց ու քաղաքական ուժերին, որոնք արդեն մի քանի տարի բացահայտ հերյուրանքներ են տարածում։ Էներգետիկ չարաշահումների մասին «գործը» այդ ստորությունը սանձազերծած ուժերի կարապի երգն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել