Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 16-ին «Առավոտ» թերթի խմբագրություն այցելեց Երեւանի մի բնակչուհի՝ «Տոմատի մածուկ» գրկած։

Նոյեմբեր 03,2001 00:00

Տոմատի մածուկը կեղծված է. հետո՞ Հոկտեմբերի 16-ին «Առավոտ» թերթի խմբագրություն այցելեց Երեւանի մի բնակչուհի՝ «Տոմատի մածուկ» գրկած։ Նա փնտրում էր «Սոնա եւ եղբայրներ» ՍՊԸ-ին, որը, ինչպես հաջորդ օրվա մեր թերթում էինք գրել, «տարայալցել» էր այն։ Քաղաքացին մեզ հայտնեց, որ տոմատը գնել է 250 դրամով, Մաշտոցի պողոտայում գտնվող հացի խանութից (ծածկած շուկայի դիմաց)։ Մեզ վրա անջնջելի տպավորություն թողեց հատկապես այդ մածուկի գույնը (նշել էինք, որ դրան «զատկի ձուն ներկելու գույն» է խառնվել) եւ բաղադրությունը. ալյուրը, լիմոնի աղը… Մեր փորձերը՝ ճշտել, թե որտեղ է գտնվում ՍՊԸ-ն, պսակվեցին անհաջողությամբ։ Մինչ այդ, մենք քաղաքացուց «առգրավեցինք» վերոնշյալ «իրեղեն ապացույցը»։ Եվ ահա հոկտեմբերի 18-ին «Առավոտ» էին եկել ՍՊԸ-ի տնօրեն Արամ Սարգսյանն ու աշխատակիցներից։ Նրանք ուզում էին տեսնել առգրավված մածուկը։ Մենք էլ մեր հերթին ցանկություն հայտնեցինք լինել «Սոնա եւ եղբայրներ» ՍՊԸ-ի տարածքում։ Տեղեկացնենք, որ ՍՊԸ-ն գտնվում էր Հարավ-Արեւմտյան թաղամասում, Բաբաջանյան 33 հասցեում։ Նրանք դիմավորեցին ինձ մի քանի տարա տոմատի մածուկ ցույց տալով։ Ես ցույց տվեցի «մեր» մածուկը։ Սար ու ձորի տարբերություն կար նրանց ու մեր «արտադրանքի» մեջ։ «Հրաշքը» ցուցադրվեց ՍՊԸ-ի ողջ տարածքում, իսկ այդ ընթացքում իմ եւ ՍՊԸ-ի տնօրենի եւ աշխատակիցների զրույցը հետեւյալ շարունակությունը ստացավ. – Որտեղի՞ց եք պոմիդոր ստանում։ – Պոմիդոր չենք ստացել, այլ պատրաստի «պաստա»՝ Էջմիածնի պահածոների գործարանից։ – Իսկ ովքե՞ր են կամ ո՞ւմ գիտեք, որ զբաղվում են «տոմատի մածուկ» արտադրելով։ – Միայն 17 կազմակերպություն՝ ես գիտեմ… – Ինչպե՞ս եք գնահատում կատարվածը։ – Մենք էլ ենք զարմանում։ – Որպես տոմատագետ ինչպիսի՞ն է «մեր» ներկայացրածը։ – Կարող ենք ասել, որ տոմատ չէ, ձեր գրածին համապատասխանում է։ Ի դեպ, ՍՊԸ-ականներն ասացին, որ իրենք 190 դրամով են հանձնել մածուկը Նոր Նորքի շուկայում, իսկ ծածկած շուկայում իրենց արտադրանքից չկա։ Նրանք հայտնեցին նաեւ, որ 4 ամիս է, ինչ զբաղվում էին այդ գործով, իսկ հիմա՝ լավաշի արտադրությամբ։ Երբ խնդրեցի ցույց տալ «արտադրամասը», ուր արտադրվում էր սույն մածուկը, պատճառաբանեցին, որ «Առավոտի» հրապարակումից հետո դադարեցրել են այն։ Իմիջիայլոց, նրանք միանշանակ ընդունում էին, որ իրենց ապրանքը կեղծել են, իսկ «պաշտպանական ինչպիսի քայլերի կդիմեք» հարցին էլ պատասխանեցին, որ դա իրենց խնդիրը չէ, որ բարդ բան չէ կեղծիք թույլ տալը, որ անգամ «կարող է վաղը «Առավոտ-2» տպել տան»… «Ուրիշ ապացուցելու ձեւ չկա». խոսքը, իրենց բնորոշմամբ, իրենց իսկ անմեղությանն էր վերաբերում։ Մենք ՍՊԸ-ից պահանջեցինք ցույց տալ իրենց լիցենզիան։ Ցույց տվեցին ՀՀ գյուղնախարարության 28.04.97թ. լիցենզիան. թույլատրվել էր հացաբուլկեղենի արտադրության համար։ Մենք նորից գնացինք ծածկած շուկայի հացի խանութը, որտեղ գտանք վերոնշյալ արտադրանքից եւս մեկ նմուշ։ Գնեցինք դարձյալ 250 դրամով։ Գնելու պահին մի գնորդ խորհուրդ տվեց հրաժարվել այդ «խայտառակությունից»։ Շրջեցինք Նոր Նորքի շուկային «առընթեր» խանութիկներով. արտադրանքից չկար։ Մի խանութի աշխատող, երբ համառորեն փնտրում էինք «Սոնա եւ եղբայրներ» ՍՊԸ-ի տոմատը, պարզապես խորհուրդ տվեց գնել «Սարդարապատ» (500-700 դրամ), «ՄԱՊ» մածուկները (450-550 դրամ)։ ՍՊԸ-ներից նշեց «Գեւորգյան- ՍՊԸ»-ի (300 գրամը՝ 220 դրամ) մածուկը։ Նա ասաց, որ ՍՊԸ-ների արտադրանքն իրենց մոտ վաճառելու համար պարտադիր է լիցենզիան եւ որակի սերտիֆիկատը։ Սննդի հարցում դա պարտադիր է, քանի որ հնարավոր են թունավորումներ, ծանր դեպքեր։ Ի դեպ, նա էլ հետաքրքիր մի փաստ ասաց՝ կապված երշիկի կեղծման հետ։ Պարզվում է, որ երշիկի մեջ էլ կարող են ալյուր լցնել։ Եթե տոմատագետները ասում են, թե ալյուրը անհրաժեշտ է, որպեսզի մածուկը պնդանա, ապա երշիկի դեպքում դա հասկանալի չէր։ Չնայած հասկանալու համար էլ ինձ խորհուրդ տվեցին լինել «կեղծման կենտրոններում»։ Կեղծման «մայրաքաղաքի» անունն այս պահին չեմ գրում, քանզի իմ որոնումները մտադիր եմ շարունակել։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930