Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքրքիր է, սրանից 100 տարի առաջ որեւէ կերպ նշվե՞լ էր Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1600-ամյ

Նոյեմբեր 03,2001 00:00

ՏԵ՜Ր ՈՂՈՐՄԵԱ Հետաքրքիր է, սրանից 100 տարի առաջ որեւէ կերպ նշվե՞լ էր Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1600-ամյակը։ Կարծես թե, դրա մասին պատմող կամ հիշատակող ոչինչ չի մնացել դարերին ի պահ։ Փոխարենը, դարեր անց, հայոց պատմությունն ուսումնասիրողները 3-րդ հազարամյակի սկիզբն, անշուշտ, հիշելու են մի ողջ տարի (եւ ավելին) ձգվող տոնակատարություններով՝ նվիրված Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակին։ Առիթ, որն ազգովին նշելու նպատակով կազմվել էր տոնակատարությունների երկու ծրագիր. մեկն ընթանում էր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հովանու ներքո, մյուսը՝ պետության։ Եվ եթե 1700-ամյակին նվիրված միջոցառումների պետական ծրագրով (որն իրականացվում է անմիջականորեն Խոսրով Հարությունյանի ղեկավարությամբ) նախատեսված հանդիսություններն ավարտվելու են տարեվերջին՝ դեկտեմբերի 29-ին, ապա Մայր Աթոռի կողմից կազմակերպված տոնակատարությունները հանդիսավորապես կփակվեն վաղը՝ նոյեմբերի 4-ին։ Հիշենք, որ 1999 թ. նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսն օծվեց հայոց եկեղեցու հովվապետ։ Եվ ուրեմն, ինչ-որ իմաստով կարելի է համարել, որ կատարվածի արդյունքները նախնականորեն ամփոփելու ժամանակն է։ Սակայն դժվար է անդրադառնալ ինչ-որ բանի արդյունքներին, առանց խորհելու այն մասին, թե ի՞նչ նպատակներ էին դրված եւ ինչի՞ էինք ուզում հասնել։ Ըստ էության, ինչի՞ համար էին այդ ամբողջ հանդիսությունները, ինչի՞ն էին միտված։ Բնականաբար, պատասխանը միակն է՝ նպաստել ժողովրդի հոգեւոր վերազարթոնքին։ Խ. Հարությունյանի ղեկավարած հանձնաժողովն, օրինակ, հոգեւոր վերազարթոնքի մեծագույն խթան էր տեսնում Հայաստան մտնող տուրիստներին ու նրանց գրպանի պարունակությունը հաշվելը, մեծ ու փոքր դահլիճներում տարբեր թեմաներով (որոնք անպայման հարմարեցվում էին 1700-ամյակի գաղափարախոսությանը) գիտաժողովներ անցկացնելը, որոնց, ի դեպ, ներկա էր հիմնականում մարդկանց նույն խումբը՝ գիտական որոշ շրջանակներ, լրագրողներ։ Այսինքն մարդիկ, որոնք, թերեւս շատ ավելի քիչ կարիք ունեին հոգեւոր սնունդի, քան մարդկանց այն զանգվածը (ավելի գերակշիռ), որոնք, վստահաբար, լուսավորվելու պետք ունեին։ Բայց նրանք հեռու էին ինչպես գիտաժողովներից, ցուցահանդեսներից, համերգներից, այնպես էլ՝ ցանկացած հոգեւորից։ Ըստ էության, 1700-ամյակի տոնակատարությունների եկեղեցական հանձնախմբի կազմած ծրագիրն էլ, մեծ հաշվով, շատ չէր տարբերվում պետական հանձնաժողովի ծրագրից՝ գիտաժողովներ, ցուցահանդեսներ։ Սակայն, եթե սրանք, նաեւ՝ ուխտագնացությունները, իրենց բնույթից ելնելով, նախատեսված էին փոքրաթիվ մարդկանց համար, ապա՝ 1700-ամյակի գրասենյակի նախատեսած հրատարակչական գործունեությունը, եթե նպատակային եւ ճիշտ իրագործվի, իրոք տեսակարար կշիռ կունենա հոգեւոր զարթոնքի գործում։ Թեեւ գրքերն այսօր բավականին թանկ հաճույք են, հիշենք թեկուզ «Ամենայն Հայոց կաթողիկոսներ» շքեղ հրատարակությունը, որը վաճառվում է $ 50-ից ոչ ցածր գնով։ Նմանապես եւ՝ եկեղեցիների, աղոթատների նորոգումն ու կառուցումը։ Քանի դեռ եկեղեցին մեզնից շատերի համար մի վայր է, որտեղ համապատասխան մուծումների դեպքում կարելի է ստանալ օրհնություն՝ պսակադրության, կնունքի եւ այլ ծեսերի ժամանակ, կամ որտեղ կարելի է մտնել ոչ թե աղոթելու եւ ինքնամաքրվելու նպատակով, այլ պարտականություն կատարելու նման՝ մի քանի մոմ վառելու համար, դժվար է կարծել, թե եկեղեցաշինությունը պիտի նպաստի ազգի հոգեւոր վերազարթոնքին։ Վերջինիս համար շատ ավելի պարարտ հող կլինեին խորապես հավատացյալ քահանաները, որոնք իրենց առաքինի վարք ու բարքով, առ Աստվածն ունեցած երկյուղածությամբ եւ դա իրենց հոտին փոխանցելու շնորհքով կարողանային հավատ ու քրիստոնեական խոնարհություն ներարկել մարդկանց։ Իսկ մարդիկ դրա կարիքն ունեն, եթե անգամ չեն գիտակցում դա։ Ու մի քիչ բարդ է պատկերացնել այս կամ այն «պուզատիի» շա՜տ հալալ քրտինքով կառուցած եկեղեցու մեջ հոգեւոր ինքնամաքրման պրոցեսը։ Այնուամենայնիվ, խոստովանենք, որ տասնյակ տարիներ աթեիզմի կպչուն եւ կյանքը ցանկացած առումով հեշտացնող գաղափարախոսությունից (արա ինչ ուզում ես, ապրիր ինչպես հարմար ես գտնում, չկա հանդերձյալ կյանք, չկա քեզ եւ քո գործերը քննող գերագույն ուժ) ազատագրվելը եւ ետ՝ դեպի քրիստոնեական ակունքները վերադառնալը, ոչ մի, ոչ տաս, եւ ոչ էլ քսան տարվա գործ է։ Հատկապես, եթե խանգարիչ գործոնները՝ աղանդներից սկսած, գիտատեխնիկական, տիեզերական նվաճումներով վերջացրած, շատ ավելին են։ Եվ ազդեցի՛կ։ Այնպես որ, մեր եկեղեցին ու ծառայողները դեռ շատ գործ ունեն, այդ թվում՝ ինքնամաքրման ծավալուն աշխատանք։ Ու դրան ամենեւին չի նպաստում պարտադրանքը՝ հարգել ինքզինքն։ Հարգանքը պետք է վաստակել։ Այնինչ խաչված Քրիստոսի պատկերով արտադրված կոնյակն ու 1700-ամյակին նվիրված խաշի սեղանը կամ բարձրաբերձ սանրվածքը ոչ միայն չեն նպաստում վեհ զգացմունքների առաջացմանը, այլեւ ստիպում են անհամբեր սպասել 2001 թ. ավարտին՝ «Ե՜րբ ենք պրծնելու այս մղձավանջից» պատճառաբանությամբ։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ Հ. Գ. Ծաղրանկարի հեղինակը Երվանդ Քոչարն է։ Շատերը երեւի անծանոթ են նրա ծաղրանկարչական տաղանդին։ «Առավոտի» մոտակա համարներից մեկում ավելի մանրամասն անդրադարձ կլինի Երվանդ Քոչար-ծաղրանկարչին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930