Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դպրոցական «միսս»-ություն

Նոյեմբեր 03,2001 00:00

Դպրոցական «միսս»-ություն Այս տարի եւս մայրաքաղաքի բոլոր դպրոցներից ընտրվել են աշակերտուհիներ «Միսս աշակերտուհի» նրբագեղության ու շնորհալիության մրցույթին մասնակցելու համար։ Մրցույթի առաջին փուլը կկայանա նոյեմբերի վերջին, երկրորդը՝ մարտին, երրորդ եզրափակիչ փուլը՝ մայիսին։ «Միսս աշակերտուհի» մրցույթ-փառատոնի կազմակերպիչ «Գարիս» ընկերության նախագահ Գարիկ Պետրոսյանի հավաստմամբ՝ աղջիկների ընտրության հատուկ չափանիշներ չկան, թեեւ կարեւորվում է մարմնական համաչափությունը եւ շնորհալիությունը։ Դրա համար էլ առաջին փուլում գրանցվում են բոլոր ցանկացողները, իսկ երկրորդում պայքարը շարունակում են միայն նրանք, ովքեր հնարավորություն ունեն հաղթելու։ Երրորդ փուլում հաշվի է առնվում նաեւ մասնակիցների ինտելեկտուալ մակարդակը։ Դպրոցահասակ «միսս»-երը գրանցվելիս վճարում են 2500 դրամ, որը, ըստ Գ. Պետրոսյանի, անհրաժեշտ է այն իննամսյա աշխատանքի համար, որի ընթացքում վերջիններս մի լավ հղկվում են, «սովորում ասմունքել, երգել, գեղեցիկ խոսել, թեկուզ փռշտալուց հետո ներողություն խնդրել»։ Մրցույթի ժամանակ նրանք բեմ են բարձրանում նախ դպրոցական ու սպորտային հագուստներով, ապա երեկոյան զգեստով։ Կազմակերպիչները արգելում են աղջիկներին օգտվել վարսավիրանոցների ծառայությունից, քանի որ նրանք հաճախ «ահավոր» են հարդարվում։ Երբեմն էլ մրցույթից առաջ «նրանց շպարի ջնջումով են զբաղվում», քանի որ «վեցերորդ դասարանցին չպետք է շպարվի տասներորդցու նման»։ Ըստ «Գարիս» ընկերության նախագահի, բացի ժյուրիի կազմում եղած հանրահայտ մարդկանցից, հոգեւորականների ներկայությունը ամենեւին առնչություն չունի Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հետ։ Իսկ հովանավորների բացակայությունը սուբյեկտիվ ճնշումներից զերծ մնալու միակ պայմանն է։ Բայց եթե, այնուամենայնիվ, լինում են տիտղոսներ շնորհող որոշ հովանավորներ, ապա հաստատ դրանք կապ չեն ունենում կազմակերպիչների հետ եւ ընտրում են միայն իրենց ճանաչած երեխաներին։ «Միսս աշակերտուհի» մրցույթ-փառատոնի նպատակը կազմակերպիչները համարում են ժամանցի այնպիսի կենտրոն ստեղծելը, ուր մարդիկ հնարավորություն կունենան դիտելու «գեղեցիկ միջոցառում, որը հաստատ շատերին դուր կգա»։ Իսկ մենք կարծում ենք, որ մարդկանց դուր կգա նաեւ այն, որ աշակերտուհի «միսս»-երին տեսնեն առանց բարակեցված հոնքերի եւ ներկած մազերի, որովհետեւ «միսս աշակերտուհիները» նախ եւ առաջ դպրոցականներ են։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930