Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 4-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկեցին ծանրամարտի աշխարհի տղամարդկանց 71-րդ եւ կանանց

Նոյեմբեր 06,2001 00:00

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԱՅՍՕՐ Նոյեմբերի 4-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկեցին ծանրամարտի աշխարհի տղամարդկանց 71-րդ եւ կանանց 14-րդ առաջնությունները։ Մրցումների առաջին օրը ասպարեզը տրամադրվեց, այսպես ասած, «մոծակներին»։ Ինչպես եւ սպասվում էր, 56 կգ քաշային տղամարդկանց պայքարում մրցակցությունից դուրս էր վերջին տարիների անփոփոխ առաջատար, տանտերերից Հալիլ Մութլուն։ Երկամարտի 300 կգ արդյունքով (137,5+162,5) նա արժանացավ աշխարհի չեմպիոնի կոչմանը։ Ընդ որում, Մութլուն պոկում վարժությունում բարձրացրեց նաեւ 138,5 կգ եւ սահմանեց աշխարհի նոր ռեկորդ։ 20 կգ պակաս արդյունք ցույց տվեց երկրորդ տեղը գրաված Թայվանի ներկայացուցիչ Վան Շինյուանը՝ 280 (122,5+157,5)։ Բրոնզե մեդալը բաժին հասավ կուբացի Ուիլյամ Վարգասին՝ 277,5 (127,5+150,0)։ Կանանց պայքարում՝ 48 կգ քաշային կարգ, մրցանակային եռյակը կազմեցին. 1. Վել Գաո (Չինաստան)՝ 85,0+105,0 =190,0, 2. Բլեսսետ Ուդոն (Նիգերիա)՝ 75,0+100,0=175,0, 3. Հան Թունգ Շեն (Թայվան)՝ 75,0+95,0=170,0։ Երեկ պայքարի մեջ ներգրավվեցին 62 կգ քաշային տղամարդիկ։ Այստեղ սպասվում էր, որ հաղթողի համար հիմնականում պայքար ծավալվելու էր խորվաթցի Նիկոլայ Փեշալովի եւ բելառուսցի Գենադի Օլեշչուկի միջեւ։ Հայ մարզասերներին, բնականաբար, հետաքրքրում են մեր հանրապետության ներկայացուցիչները։ Հիշեցնենք, որ մեր տղաներից առաջինը այսօր մրցահարթակ են մտնելու 69 կգ քաշայիններ Ռուդիկ Պետրոսյանը եւ Վարազդատ Վասիլյանը։ Հուսանք, որ նրանք արժանիորեն կպայքարեն մրցանակային տեղ զբաղեցնելու համար։ Մենք առանձնակի հուզմունքով ենք սպասում վաղվան, քանի որ այդ օրն իր ուժն է ցուցադրելու մեր հույսերից մեկը՝ Սիդնեյի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արսեն Միքայելյանը։ Նրանից, իրոք որ, ակնկալիքները մեծ են, քանի որ վերջերս ծանրամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունում 2000թ. հանրապետության թիվ մեկ մարզիկը իր կամքին ենթարկեց այնպիսի կիլոգրամներ, որոնք գերազանցում էին աշխարհի բարձրագույն ցուցանիշները։ Նոյեմբերի 8-ին կհասնի 85 կգ քաշային Գագիկ Խաչատրյանի, 9-ին՝ Հակոբ Փիլոսյանի հերթը, մարզիկներ, որ հայտնի են աշխարհում ոչ միայն իրենց ուժով ու վարպետությամբ, այլեւ կամային բարձր որակներով։ Եվ, վերջապես, մեր ծանրորդների մրցելույթներն Անթալիայում կեզրափակի 105 կգ քաշային Ռաֆիկ Չախոյանը։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930