Լրահոս
Օրվա լրահոսը

Դրանք առայժմ չորսն են

Նոյեմբեր 08,2001 00:00

«Ձախ» ուժերի միավորման սկիզբ Դրանք առայժմ չորսն են Վերջին շրջանում Հայաստանում գործող քաղաքական ուժերն իրենք են ավելի հաճախ համախմբման կոչեր հնչեցնում ու, թերեւս, այն պատճառով, որ ազատական, սոցիալիստական եւ այլ գաղափարախոսություն դավանող ուժերը իշխող եւ, առայժմ ուժեղ ռեժիմի դեմ պայքարի այլընտրանք, քան միասնական ճակատով հանդես գալն է, չեն տեսնում: Դեռ մեկ-երկու տարի առաջ «Աջ ուժերը» համախմբման փորձ արեցին, որը սակայն, թերեւս, անձնական հավակնությունների պատճառով դատապարտված էր անհաջողության: Ներքաղաքական դաշտում սոցիալիստական ուժերի կամ, պարզապես, «ձախերի» միավորման փորձեր եւս եղել են եւ դարձյալ անհաջող: Ահավասիկ երեկ չորս կազմակերպություններ՝ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայրենիք եւ պատիվն» ու «Սոցիալիստական ուժերի միությունը», նաեւ՝ մտավորականության առանձին ներկայացուցիչներ հայտարարեցին, թե նախաձեռնել են Հայաստանում սոցիալիստական հայացքների հետեւորդ կազմակերպությունների եւ անհատների համախմբումը մեկ ընդհանուր սոցիալիստական դաշտում: Հիշյալ չորս կազմակերպությունները երեկ խորհրդաժողով էին հրավիրել, որտեղ արձանագրեցին, թե այդպիսի համախմբման առաջին քայլն արվել է եւ ի դեմս իրենց արդեն ձեւավորվել է «Սոցիալիստական Հայաստան» միավորումը, որը «ձախերի» հզոր շարժման վերածվելու հավակնություն ունի: Ու թեեւ այդ միավորումն առայժմ ընդգրկում է սոցիալիստական գաղափարախոսություն դավանող ընդամենը 4 կազմակերպություն, այդուհանդերձ, դրա անդամները հույս ունեն, որ այն առաջիկայում դեռ կհամալրվի: «Սոցիալիստական Հայաստան» միավորումից տեղեկացրին, թե բանակցությունները «ձախ» այլ ուժերի՝ մասնավորապես Կոմկուսի, Դեմոկրատական կուսակցության, նաեւ հասարակական մի շարք կազմակերպությունների հետ, շարունակվում է: Հիշյալ միավորման կարծիքով, Հայաստանը կարող է վերականգնել իր երբեմնի հզորությունն ու դառնալ բարգավաճող երկիր միայն սոցիալիզմի օրոք: Գաղափարախոսություն, որն, ըստ երեկ տեղի ունեցած խորհրդաժողովի մասնակիցների, հոգեհարազատ է յուրաքանչյուր հայի հոգեբանության համար: «Սոցիալիստական Հայաստան» միավորումը կոչ է տարածել, ուր մասնավորապես ասվում է, թե երկիրը փրկելու նպատակով սոցիալիզմ հաստատելու համար անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանում միավորել սոցիալիստական, կոմունիստական եւ սոցիալ-դեմոկրատական ուժերին, այլեւ սերտորեն համագործակցել Ռուսաստանում, Չինաստանում եւ այլ երկրների համանման ուժերի հետ: Ապամոնտաժել կլանային համակարգը, որի ստեղծմամբ միացվել է երկրի ինքնաոչնչացման մեխանիզմը, բացահայտել վերջին տասնամյակում կատարված բոլոր քրեական եւ տնտեսական հանցագործությունները, պատժել մեղավորներին եւ թալանվածը վերադարձնել ժողովրդին: Նաեւ՝ վերանայել հանրային ունեցվածքի կործանարար սեփականաշնորհման արդյունքները՝ նպատակ ունենալով՝ օգնել ունակ նոր տերերին աշխատեցնել ձեռնարկությունները եւ չեղյալ համարել պետականությանը սպառնացող գործարքները եւ ազգայնացնել «ԱրմենՏելը», Երեւանի կոնյակի գործարանը, «Արարատտրեստը», «Հայոսկին» եւ այլն: Բացահայտել կատարված չարաշահումները: Միավորման անդրանիկ խորհրդաժողովի ժամանակ հայտարարվեց նաեւ, թե «Սոցիալիստական Հայաստանին» միավորվելու ստորագրահավաք է սկսվել, որի արդյունքները կհրապարակվեն միավորման երկրորդ խորհրդաժողովում՝ նոյեմբերի 29-ին: Իսկ հիշյալ խորհրդաժողովին, որը տեղի ունեցավ Երգչախմբային ընկերության դահլիճում, հրավիրյալի կարգավիճակով ներկա էին Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներ Ալբերտ Բազեյանն ու Արամ Սարգսյանը, ՀԺԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արամայիս Բարսեղյանը եւ այլք: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել