Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Նոյեմբեր 09,2001 00:00

«ՄՆԱՑԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՉԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՒ ՉՃԱՆԱՉՎԱԾ» Հարցազրույց ՀՀ արդարադատության նախարարության ԶԱԳՍ-երի վարչության նախկին պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական (գեներալ-մայոր), 8 տարվա ազատազրկման դատապարտված Վաղինակ Ղազարյանի հետ: – «Տարբեր ատյանների ու պաշտոնատար անձանց հղած իմ դիմումներում ես չեմ ներկայացրել, որ ինձ ձերբակալելու պատճառը եղել է ՀՅԴ-ին իմ պատկանելությունը», ասում եք դուք, իսկ ինչո՞ւ չեք ներկայացրել։ – Եթե ես այդ մասին գրեի, ապա բնական հարց կառաջանար, թե այդ դեպքում ինչպես է, որ 1995, 1996, 1997թթ. գրում ու խոսում էին ձերբակալված «30+1» դաշնակցականների մասին, իսկ իմ մասին ոչինչ չի գրվել ու ասվել՝ այն դեպքում, երբ ես էլ, թեեւ ոչ նրանց հետ, բայց նույն ժամանակահատվածում ձերբակալված եմ եղել։ Թե ինչու «30+1»-ը չի դարձել «30+1+1» եւ ինչո՞ւ նրանք ազատ արձակվելուց հետո արժանացան ամեն տեսակ հովանավորության, իսկ ես՝ ոչ, ավելի խոր պատճառ ուներ։ Ես դատապարտվեցի մոռացության ու անուշադրության։ Նա, ում մասին գրվեց՝ ընդունվեց հասարակության կողմից որպես քաղբանտարկյալ, իսկ ես, որ նույնպես ՀՅԴ պատկանելության համար էի հետապնդվել, վերածվեցի քրեական հանցագործի, մնացի հասարակության կողմից չընդունված ու չճանաչված։ Ինքս (սուրբ միամտություն) չցանկացա, որ ՀՅԴ անվան հետ մի հանցանք էլ կապվի, իսկ ազատության մեջ մնացած ՀՅԴ գործիչներն էլ վախենում էին, թե եթե գրվի իմ մասին, կսկսեն ինձ ճնշել։ – Ի՞նչի համար ձերբակալվեցիք։ Պատմեք, թե ձեզ ինչպես «հրավիրեցին» ՆԳՆ 6-րդ գլխավոր վարչություն։ Ի դեպ, ասում եք, որ ձեր մասին չի գրվել։ Բայց «02»-ն առաջ ընկավ՝ գրեց։ – 1995թ. օգոստոսի 4-ին ինձ հրավիրեցին ՆԳՆ 6-րդ գլխավոր վարչություն եւ խաբեությամբ ձերբակալեցին։ Սկզբում ինձ մեղադրում էին ՀՀ քաղաքացիների ազգությունը (ընդգծում եմ՝ ազգությունը) փոխելու համար։ Այդ մասին գրեց «02» շաբաթաթերթը (1995թ. օգոստոսի 12, թիվ 31), հաղորդեց հեռուստատեսության «02» ծրագիրը։ Մի քանի օր անց ինձ ձերբակալողները հասկացան, որ ես՝ որպես պաշտոնատար անձ, ազգություն փոխելու իրավասություն չունեի, եւ որքան էլ ցանկանայի, չէի կարող որեւէ մեկի ազգությունը փոխել։ – Եվ գտան ձեր «չափով» մի նո՞ր հանցանք։ – Հարմար գտան այս անգամ ինձ մեղադրել ազգանուն փոխելու մեջ։ Դրա համար իմ կողմից ընթացք տված գործերից վերցնելով քաղաքացիների հասցեները՝ նրանց բերման էին ենթարկում եւ նրանցից ինձ մեղադրող հայտարարություններ ու բացատրություններ կորզում։ Դատաքննությանը մասնակցող դատախազը (Ժիրայր Խառատյանը- խմբ.) ընդունեց, որ հայտարարություն տվողները կամավոր չեն ներկայացել, որ նրանց բերման են ենթարկել, որ նրանց նկատմամբ ճնշում է գործադրվել։ Այսինքն, ապացույցները ձեռք են բերվել օրենքի խախտմամբ, իսկ այդպիսիք, ՀՀ Սահմանադրության 42 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մեղադրանքի հիմքում դրվել չեն կարող։ – Ապացույցների հիմքում դրվեց կաշառքի պարագան։ Կարծեմ վեցն էին նրանք։ – Վեց «կաշառատուից» երեքն ընդհանրապես դատարան չներկայացավ։ Ազատվելով հետաքննության «հովանավորությունից», նրանք անհետացան։ Դատարանն արդարադատության իրականացման պատմության մեջ ապացույցների գնահատմանն աննախադեպ մոտեցում դրսեւորելով՝ մեղադրանքի հիմքում դնում է այդ անձանցից հետաքննության կողմից կորզված ապացույցները։ 4-րդ «կաշառատուն» նախաքննության ժամանակ հրաժարվել էր հետաքննությանը տված իր ցուցմունքներից (նաեւ՝ դատարանում)։ 5-րդին տված հարցերի միջոցով դատախազը ապացուցեց, որ եթե անգամ նա ինձ ինչ-որ բան տվել է, ապա փոխանցման պայմաններն ու ձեւն այնպիսին են, որ այն կաշառք համարել չի կարելի։ Այս դրվագն էլ մտավ դատավճռի մեջ, կարծես դա կաշառք վերցնելու դասական օրինակ էր։ Գլխավոր «կաշառատուն»՝ 6-րդը, հետաքննությանը ցուցմունք էր տվել, որ ինձ փոխանցելու համար իմ աշխատակցին տվել է 700 դոլար։ Գումարը նախաքննության ժամանակ «դարձավ» 1200, դատարանում՝ 1500 դոլար։ – Այդ ցուցմունքները կասկած չառաջացրի՞ն։ – Դրանք գնահատվեցին արժանահավատ։ Ավելին ասեմ. ես մինչեւ այսօր էլ չգիտեմ, թե ինձ ո՞ր գումարն է մեղսագրվում։ Իմ գործում չկա տառացիորեն ոչ մի իրեղեն ապացույց։ Անօրինական եկամուտի առկայությունը ապացուցող փաստ կարող էր ծառայել անհամապատասխանությունն իմ ունեցվածքի եւ իմ ընտանիքի օրինական եկամուտների միջեւ։ Չկա այդ անհամապատասխանությունը։ Ես կամ իմ ընտանիքի անդամներից որեւէ մեկը նույնիսկ սեփական մեքենա չենք ունեցել (էլ չենք խոսում բնակարանային ծանր պայմանների մասին- խմբ.)։ Իմ գործում բացակայում է կաշառք վերցնողի կողմից օրենքի պահանջները խախտելու միջոցով կաշառք տվողի օգտին որեւէ գործողություն կատարելու փաստը։ Այսինքն, արել եմ այն, ինչ պարտավոր էի անել ի պաշտոնե։ – Վերադառնանք նորից ձեր կուսակցական պատկանելությանը։ Նաեւ՝ ձեր նկատմամբ անտարբերությա՞նը։ – Ես թեեւ ՀՅԴ որեւէ մարմնում չեմ աշխատել, բայց իմ գործունեությամբ նվաճել էի ՀՅԴ ճանաչված գործիչներ Հ. Մարուխյանի եւ Հ. Տասնապետյանի, ՀՅԴ Հայաստանի կազմակերպության համարյա բոլոր ճանաչված գործիչների վստահությունն ու հարգանքը։ Ես եմ կազմել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության գրանցման փաստաթղթերը եւ ինձ համար անհասկանալի, անբացատրելի է ՀՅԴ հայաստանյան կազմակերպության այս անտարբեր, ընդգծված սառը վերաբերմունքը Հայաստանում ՀՅԴ վերահաստատման ճանապարհը հարթողներից մեկի նկատմամբ։ Ես ձերբակալվել եմ որպես դաշնակցական եւ նպատակն ինձ այդ ժամանակ արդեն ձերբակալված դաշնակցականների հետ կապելն էր՝ որպես նրանց իրավական հարցերի խորհրդատուի։ – Ի՞նչ եք մտադիր անել։ – Իմ նկատմամբ իրականացված անարդարությունը ճնշում է ինձ եւ ես չեմ կարող այլեւս սպասել, որ արդարացվեմ երեսնականներին դատապարտվածների նման։ Լ. Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո կիսվեց իմ պատժաչափը, ես կալանքից ազատվեցի, բայց մնացի դատապարտվածի կարգավիճակում՝ կրելով դրանից բխող բոլոր իրավական հետեւանքները։ Հուսով եմ, որ կարդարացվեմ եւ ստիպված չեմ լինի ինձ համար խիստ անցանկալի, իմ երկրի հեղինակությունը վնասելու գնով հայցել օտարի օգնությունը։ Զրուցեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930