Լրահոս
Օրվա լրահոսը

«Փյունիկ-Մակմիլան» հայ-անգլիական համատեղ ձեռնարկության նախկին տնօրեն Լեւոն Մկրյանի դեմ հարուցված քրգ

Նոյեմբեր 09,2001 00:00

Որտե՞ղ է թաքնված շան գլուխը «Փյունիկ-Մակմիլան» հայ-անգլիական համատեղ ձեռնարկության նախկին տնօրեն Լեւոն Մկրյանի դեմ հարուցված քրգործին եւ ամբողջ հրատարակչության խնդիրներին լրատվամիջոցները մեկ անգամ չէ, որ անդրադարձել են։ Սա այն գործերից է, որը բազմաթիվ «ինչու»-ներ է պարունակում, սակայն դատարանն ակնհայտորեն հակված չէ այդ հարցերի օբյեկտիվ պատասխանը գտնել։ Թե որքանով են դատարանները մեզանում անկախ, հայտնի է վաղուց, սակայն պարզապես զարմանք եւ զայրույթ են առաջացնում որոշ դեպքերում օրենքի խախտումներով ընդունված որոշումները։ «Փյունիկ-Մակմիլանի» գործը այս առումով բացառություն չէ։ «Փյունիկ-Մակմիլանը» ստեղծվել է բաժնետոմսերի 70-30 հարաբերակցությամբ։ Սա այն ձեռնարկությունն է, որ 97-ին շահեց ՀԲ-ի հայտարարած դասագրքերի տպագրության մրցույթի տենդերը։ Հենց այստեղից էլ սկսվեց ամեն ինչ։ Ձեռնարկության տնօրեն Լեւոն Մկրյանի «Փյունիկ» ՍՊԸ-ն՝ «Փյունիկ-Մակմիլան» դառնալով, շարունակեց իր գործողությունները, նաեւ՝ քաղաքացիներից ստացած գումարները հրատարակչական գործի մեջ ներդնելը։ Սակայն նոր ֆինանսական տնօրենի օրոք կասկածի տակ դրվեցին մինչ այդ կնքված պայմանագրերը։ Արդյունքում, մոտ 100 քաղաքացի ձեռնարկության պահանջատեր է։ Ներկայացված պարտք- պահանջը կազմում է մոտ 1 մլն դոլար։ Հասկանալի է, որ պահանջատերերը պատահական մարդիկ չէին կարող լինել, այլ՝ դասագրքերի տպագրությամբ շահագրգիռ մտավորականներ։ «Փյունիկ-Մակմիլանի» տնօրեն Ա. Հարությունյանը (այս պաշտոնին նշանակվել է Լեւոն Մկրյանից հետո) գործը հասցրեց այնտեղ, որ իր նախորդի դեմ քրգործ հարուցվի։ Մեղադրողը դատական նիստի ժամանակ պնդեց մեղադրականը եւ խնդրեց 8 տարի ազատազրկում սահմանել Լ. Մկրյանի համար։ Մեր ձեռքի տակ է մի հետաքրքիր նամակ, որը գործադիր տնօրեն Ա. Հարությունյանը գրել է Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Ժ. Վարդանյանին, որով հայտնում է, թե «Փյունիկ-Մակմիլան» ՀՁ ՓԲԸ-ի Տնօրենների խորհուրդը որոշել է նույն կազմակերպության նախկին գործադիր տնօրեն Լ. Մկրյանի նկատմամբ դատարանում պահանջ չներկայացնել, հրաժարվել հայցից. «Միաժամանակ միջնորդում է դատարանին Լ. Մկրյանի նկատմամբ կիրառել ազատազրկման հետ չկապված պատժամիջոց, որպեսզի նա հնարավորություն ունենա աշխատելու եւ որեւէ ձեւով օգտակար լինելու կազմակերպությանը»։ Առնվազն տարօրինակ է, որ մարդու դեմ քրգործ հարուցելուց հետո կարելի է ցանկություն հայտնել նրա հետ կրկին աշխատելու համար։ Իսկ դատարանը պարզապես անկրկնելի է իր «օբյեկտիվության» դրսեւորումներով։ Եթե «Փյունիկ-Մակմիլանի» պահանջատերերը պնդում են, թե իրենք անձամբ Լեւոն Մկրյանից պարտք ու պահանջ չունեն եւ իրենց պահանջը «Փյունիկ-Մակմիլանից» է, դատարանը ականջ է փակում։ Մարդիկ պայմանագրեր են ներկայացնում, ըստ որոնց ապացուցվում է, թե ձեռնարկությունն է պարտատերը եւ ոչ թե անձամբ Լ. Մկրյանը, դատախազությունն այդ ապացույցները կեղծ է համարում։ Վերջերս առիթ ունեցանք մի շարք համապատասխան պաշտոնատար անձանց հարցնել, թե ո՞ր ատյանը իրավունք ունի վերացնել գործի կարճման որոշումը։ Ամենքը միաբերան զարմացան՝ իհարկե, գլխավոր դատախազը։ Սակայն բուն գործողության մեջ խախտվում է օրենքը եւ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների դատախազությունը իրեն է վերագրել եւ կատարել այն, ինչ օրենքով սահմանված է գլխավոր դատախազին։ Ակնհայտորեն այս ամբողջ գործի մեջ շան գլուխը շատ ավելի խորն է թաքնված, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930