Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՏ ԲԻԶՆԵՍ՝ ՔԻՉ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 10,2001 00:00

ՇԱՏ ԲԻԶՆԵՍ՝ ՔԻՉ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ Զարգացման անցումային փուլում գտնվող երկրներում ամեն ինչ քաղաքականացվում է, առաջին հերթին՝ բիզնեսը: Այդ թվում՝ թերթային բիզնեսը: Քաղաքականությունից բորբոքված ուղեղներում կարող է միտք առաջանալ, օրինակ, որ «Առավոտի» գովազդատուները ինչ-որ առնչություն ունեն թերթի ուղղվածության կամ բովանդակության հետ: Այդպիսի անհեթեթ ենթադրությունը մեր հասարակական տհասության դրսեւորումներից մեկն է: «Առավոտի» լրագրությունը որեւէ կապ չունի մեր թերթում տեղադրված գովազդների հետ: Քաղաքակիրթ երկրներում խմբագրությունների ստեղծագործական եւ գովազդային (կոմերցիոն) բաժինները իրարից խստորեն տարանջատված են նույնիսկ «աշխարհագրական տեսակետից», գտնվում են տարբեր հարկերում, նույնիսկ՝ տարբեր շենքերում: Առավոտյան կոմերցիոն բաժինը ներկայացնում է ստեղծագործական կազմին, թե որ էջերն են կամ էջերի որ մասերն են արդեն զբաղեցված գովազդներով, եւ միայն դատարկ մնացած մասերում են լրագրողները տեղադրում իրենց նյութերը: Այդ դրվածքն, ի դեպ, նպաստում է թերթերի ազատությանն ու անկախությանը (իհարկե, հարաբերական, որովհետեւ բացարձակ անկախ երեւույթներ աշխարհում չկան): Որքան շատ բիզնես, այնքան քիչ քարոզչություն՝ սա է մամուլի գլխավոր օրինաչափությունը: Այնպես որ, եթե Ռոբերտ Քոչարյանը, Վահան Հովհաննիսյանը, Արտաշես Գեղամյանը, Ալեքսանդր Արզումանյանը կամ ցանկացած այլ գործիչ ուզենան մեր գունավոր (կամ սեւ-սպիտակ) էջերում տեղադրել, օրինակ, իրենց մեծադիր նկարները, «Առավոտը» դա կանի առանց որեւէ խտրականության: Տակը կդրվի R տառը, այսինքն՝ դա գովազդ է, տվյալ դեպքում քաղաքական, որի բովանդակության համար խմբագրությունը որեւէ պատասխանատվություն չի կրում: Գովազդատու անձը կամ կազմակերպությունը օրինական ձեւով գումար է մուտք անում «Առավոտի» հաշվապահություն, եւ թերթը ստացած եկամուտից հարկ է վճարում պետությանը: Քաղաքակիրթ ճանապարհը սա է: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել