Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 7-8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցան Աշոտ Ղազարյանի մենահամերգները, որոնք վ

Նոյեմբեր 10,2001 00:00

Հումորի անմոռաց երկու երեկո Նոյեմբերի 7-8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցան Աշոտ Ղազարյանի մենահամերգները, որոնք վերածվեցին իսկական տոնի։ Հաճելի էր տեսնել դահլիճը՝ լեփ- լեցուն հանդիսականներով, որոնք եկել էին վայելելու իրենց սիրելի Աշոտի անզուգական դերասանական վարպետությունը, հումորն ու երգը։ Ու, թեեւ բեմում, որն, ի դեպ, հետաքրքիր ձեւավորում ուներ՝ ողջ ետնաբեմը ձեւավորված էր Աշոտ Ղազարյանի տարբեր տարիների համերգների աֆիշներով, միայն հումորի մեծ վարպետն էր, բայց նրա անհատական խաղի շնորհիվ ժամանակ առ ժամանակ բեմում էին հայտնվում նաեւ մեր անվանի շատ ու շատ մարդիկ, որոնց թվում էին Թաթիկ Սարյանը, Կարպ Խաչվանքյանը, Մհեր Մկրտչյանը, Արմեն Խոստիկյանը եւ այլք։ Նա հանդիսատեսին նվիրեց անեկդոտների մի շարք, որտեղ հիմնականում ընտրված էին Ապարանի, Կամոյի եւ եզդիների անեկդոտները։ Հնչեցին նաեւ կատակ եւ լուրջ երգեր՝ կենդանի հնչողությամբ։ Հումորով գերհագեցած երեկոները եզրափակվեցին «Սայաթ-Նովա-2001» համահայկական երգի փառատոնի քնարական ժանրում առաջին մրցանակի արժանացած «Տերը կգա» երգով։ Դահլիճում՝ արվեստասեր հասարակությունից զատ, ներկա էին նաեւ Աշոտ Ղազարյանի արվեստագետ ընկերներից շատերը, որոնցից մի քանիսի խոսքը ստորեւ ներկայացնում ենք ընթերցողին. Հրանտ Թոխատյան- Աշոտն անգնահատելի ընկեր է։ Նա չափազանց բարի է եւ անկեղծ։ Ու, թեեւ մեր շարքերում հաճախ է պատահում նախանձ ու չկամություն, բայց այս առումով եւս նա բացառիկ մեծ հոգու տեր, բարի անձնավորություն է։ Աշոտը միշտ պատրաստ է ամեն ինչի քո հաջողության համար՝ թե բեմում եւ թե կյանքում։ Ես Աշոտին շատ-շատ եմ սիրում եւ սրտանց հպարտանում եմ նրա հաջողություններով։ Հարություն Մովսիսյան- Ես հազարապատիկ անգամ եմ հիանում իմ տաղանդավոր ընկերոջով, որի մանկության եւ ուսանողության ընկերն եմ։ Հիացած եմ Աշոտի էներգիայով, ինչպես նաեւ նրանում եղած այդքան մեծ հայությամբ ու ընկերությամբ։ Իսկապես աննման որդի ունի մեր ժողովուրդը։ Միքայել Պողոսյան- Ըստ իս, Աշոտի ամենամեծ գրավականն իր բարությունն է, որը գալիս է իր մարդկային տեսակից։ Ինձ համար Աշոտը շատ հարազատ է։ Թե կյանքում, թե բեմի վրա նրան ընկալում եմ Աշոտ, որին շատ սիրում եւ հարգում եմ։ Նունե Եսայան- Դժվար է արվեստագետ ընկերոջ մասին խոսել, առավել եւս Աշոտի։ Նա թե արվեստով, թե տարիքով մեզնից մեծ է։ Աշոտ Ղազարյանը որպես ընկեր եւ որպես մարդ հրաշալի անձնավորություն է։ Ամենակարեւորը՝ նա շատ անմիջական է եւ ուշադիր։ Նրան շատ-շատ եմ սիրում։ Իմ ու արվեստակից ընկերներիս անունից ուզում եմ ասել, որ լավ պահեն մեզ, որպեսզի մեզնից ոչ մեկը երբեւէ չցանկանա եւ ստիպված չլինի հեռանալ Հայաստանից։ Ինչ վերաբերում է երեկոյին, ամեն ինչ հիանալի էր։ Ինձ՝ որպես հանդիսատես, անչափ դուր եկավ։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել