Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽՇՈՒՆ ԲԱՋԻՆ՝ «ELLE»-ՈՒՄ

Նոյեմբեր 10,2001 00:00

ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽՇՈՒՆ ԲԱՋԻՆ՝ «ELLE»-ՈՒՄ «ELLE» կանանց եւ նորաձեւության հայտնի ամսագրի ռուսալեզու տարբերակի հին համարներից մեկում կարդում ենք. «Ոչ ոքի կողմից չճանաչված երկրի արտաքին գործերի նախարար։ Լեռնային Ղարաբաղի հանրաճանաչ քաղաքական գործիչ, կին-դիվանագետ, որ պրոֆեսիոնալ հաջողությունների է հասել մի ռեգիոնում, ուր ավանդաբար ղեկավարում են տղամարդիկ։ Այս ամենը նրա մասին է»։ Եթե մինչ հոդվածին անդրադառնալը միայն լուսանկարում պատկերված կնոջ դեմքը շատ ծանոթ էր, ապա հոդվածը սկսվում է ԼՂՀ արտգործնախարար Նաիրա Մելքումյանի խոստովանությամբ, թե ինչպես է ինքը մուտք գործել քաղաքականություն։ Տիկին Մելքումյանը նկատում է, որ երբ տղամարդը չի կարողանում բանակցությունների ընթացքում ընդհանուր լեզու գտնել, նա սկսում է հաճոյախոսել. «Դա քեզ՝ քո տեղը ցույց տալու նրբանկատ ձեւերից մեկն է, այսինքն՝ դու կին ես, այդ աշխարհում քո տեղը հաճոյախոսություններ լսելն է եւ ոչ թե բարդագույն քաղաքական խնդիրներ լուծելը։ Պետք է հասնել այն բանին, որպեսզի այդ հաճոյախոսությունները չլինեն քո աշխատանքի ենթատեքստում»։ Հոդվածագիրը, որ ազգությամբ ռուս է, իբրեւ թե իր կողմից, հիշում է. «Վերջերս Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը տիկին Մելքումյանի՝ ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ հայտարարություններից մեկը մեկնաբանելիս հայտարարեց. «Նման հարցերը չեն լուծվում կնոջ մակարդակով»։ Արդյոք, դա նշանակո՞ւմ է, որ իր խոսքերը վերաբերում են նաեւ Մադլեն Օլբրայթին, հաշվի առնելով, որ Դավոսյան հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հենց նրա հետ են քննարկել ղարաբաղյան խնդիրը (…)»։ Ապա լրագրողը հարցնում է տիկին Մելքումյանին. «Նման տարածաշրջանում աշխատանքը հոգեբանական ծանրագույն բեռ է։ Դուք չե՞ք հոգնել պատասխանատվությունից»։ «Ես ինձ վարժեցրել եմ իմ խոսքերում եւ գործողություններում զգուշավոր լինել, չէ՞ որ մեզ մոտ յուրաքանչյուր խոսք արարք է… Կյանքիդ ցանկացած պահին դու պետք է պատրաստ լինես պատասխանել ցանկացած հարցի, ընդ որում՝ ճիշտ, անսխալ, քանի որ սխալը կարող է շատ թանկ արժենալ եւ ոչ միայն քեզ համար։ Բացի այդ, պետք է ժամանակին նահանջել, որպեսզի քեզ պարտություն չպարտադրեն։ Դա է փոխզիջումների արվեստը»,- ասում է Ն. Մելքումյանը։ Ինչ խոսք, պարզ է, թե նման նորաձեւություն ցուցադրող ամսագրերում ինչպես են հայտնվում, միայն թե ռուս լրագրողուհուն՝ Ն. Մելքումյանին Մադլեն Օլբրայթի հետ համեմատելուց առաջ երեւի հայտնի չէր, որ երբեմն այնպիսի հայտարարություններ էլ են արվում, որոնց տակից աշխարհի կողմից «չճանաչված» այդ երկրի ժողովուրդը դժվար է դուրս գալիս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել