Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչված իրավաբանի հիշատակին

Նոյեմբեր 13,2001 00:00

Ճանաչված իրավաբանի հիշատակին Կյանքից անժամանակ հեռացավ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ջեմմա Ռաֆայելի Մաժինյանը։ Այս օրերին լրանում է նրա ծննդյան 50-ամյակը եւ մահվան 10-ամյակը։ Ջեմմա Մաժինյանին շատերն էին ճանաչում։ Սիրելի եւ հարազատ անուն, որի համար մասնագիտությունը հոգու եւ ներքին լույսի դրոշմն էր, արտացոլման այն հայելին, որով նա քայլում էր այս երկրի վրա, ապրելով իր կյանքի յուրաքանչյուր նոր օրը յուրովի իմաստավորելով՝ բնությունից տրված այն հատկությունները, որոնք ճանապարհ էին բացում ինքնահաստատմանը։ Մաժինյանը ծնվել էր 1951թ., Թումանյանի շրջանի Շնող գյուղում, ոսկե մեդալով ավարտել միջնակարգ դպրոցը։ 1974թ. գերազանցության դիպլոմով ավարտել էր Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը եւ աշխատանքի անցել նույն ֆակուլտետում որպես ավագ լաբորանտ։ 1976թ. իրավաբանական ֆակուլտետի դասախոս էր, 1983-ին Մոսկվայի խորհրդային օրենսդրության գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան ավարտելուց հետո պաշտպանեց թեկնածուական «Անմեղության կանխավարկածը եւ նրա իրականացման երաշխիքները» թեզը։ 1988-ից դոցենտ էր, հեղինակ բազմաթիվ գիտական հոդվածների, մենագրությունների, որոնք լուրջ ներդրում են անմեղության կանխավարկածի վերաբերյալ սահմանադրական եւ քրեական դատավարության, օրենսդրական նորմերի մշակման գործում։ Ջեմմա Մաժինյանը մարդու իրավունքների եւ օրինականության շահերի պաշտպանությամբ հանդես էր եկել գիտաժողովներում, դատավարություններում, իրավական տարբեր ատյաններում։ Սումգայիթյան դատավարության լարված օրերին, երբ շատ շատերը խուսափում էին այդ գործին առնչվելուց, Ջեմմա Մաժինյանը Հայաստանի գրողների պատվիրակության հետ մեկնեց Մոսկվա, որպեսզի դատական կամայականությունների խաղալիք դարձած մարդկանց օգնի վերականգնելու իրենց ոտնահարված իրավունքներն ու պատիվը։ Նա նույն համառությամբ պայքարել է Արկադի Մանուչարովի նկատմամբ սկսված հալածանքների, կիրառած անօրինականությունների ու նրան վերաբերող մինչդատական աններելի հրապարակումների դեմ։ Մաժինյանն, իր բնավորությանն ու սկզբունքներին հավատարիմ մնալով, կանգնեց պատգամավոր-թեկնածուների կողքին՝ պայքարելով հանրապետության առողջ ուժերի համախմբման, կենտրոնացման եւ գործուն մթնոլորտի ստեղծման համար։ Նրա բացառիկ կերպարի մեջ քնքշություն կար։ Որտեղ էլ լիներ, իր շրջապատի մարդկանց հաղորդում էր իր հոգու լույսը, մարդու մեջ տեսնելով անգամ նրա հիվանդացած մարմինը։ Նրա զգայական մտքի թռիչքը տեսնում էր, որ կարելի է անպաշտպանին պաշտպանել, տկարին բուժել, կարիքավորին օգնել անվերադարձորեն։ Նրա անսովոր կերպարի մեջ խտացված բարություն կար ու նվիրում։ Նվիրում՝ անգամ անծանոթ ու թշվառ մարդուն։ Ապրելով կյանքի մի փոքրիկ հատված, նրա յուրահատուկ կերպարը մնաց այն մարդկանց հոգիներում, որոնք ճանաչում եւ սիրում էին նրան։ ԱՐՓԻՆԵ ԱՍԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել