Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի

Նոյեմբեր 14,2001 00:00

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՁԵԶ ՉԻ ՄՈՌԱՆԱ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշակողներն ու իրականացնողները կոմպլեմենտարիզմին տուրք տալուն զուգահեռ պարզապես պարտավոր են նաեւ «ատամ ցույց տալ», եթե պահանջում է Հայաստանի շահը։ Թերեւս, նման մի թեթեւ փորձ արվեց ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի կողմից, երբ 907 բանաձեւի, փաստորեն, վերացումից հետո, անդրադառնալով խնդրին, ասաց. «Մենք հույս ունենք, որ լրացուցիչ որոշ ապահովագրական կետեր կարելի է դնել այնտեղ, որ Ադրբեջանը չկարողանա այլ կերպ մեկնաբանել Միացյալ Նահանգների ցանկությունները»։ Նախարարը հույս էր հայտնել, որ ձեւակերպումների հստակեցման պարագայում այլեւայլ մեկնաբանությունները կբացառվեն։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն հակված չէր ձեւակերպումների հստակեցման, Ադրբեջանն իր հերթին շարունակում է ագրեսիվ դերակատարությունը, որքան էլ համանախագահների աչքին դա այդպես չերեւա։ Հայաստանի իշխանություններին ի՞նչ է մնում անել։ Ըստ էության՝ հանդես գալ հերթական հայտարարությամբ, որը արվեց ոչ պաշտոնապես։ Այն կարելի է կոչել միջնորդավորված հայտարարություն։ ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը երեկ իր նախաձեռնությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչներին 907 բանաձեւի մասին ասաց մասնավորապես հետեւյալը. «907 բանաձեւը ժամանակավորապես կասեցնելու գործընթաց էր սկսել ԱՄՆ Կոնգրեսը եւ դա արվել է գործադիր իշխանության ճնշման տակ։ ՀՀ ղեկավարությունը ըմբռնումով մոտեցավ ամերիկացիների այս ցանկությունը, հասկանալով, որ հակատեռորիստական պայքարում նրանք առավել եւս կարիք ունեն մուսուլմանական պետությունների աջակցության։ Մուսուլմանական դաշնակիցներ աշխարհին ցույց տալու հնարավորությունը նրանց համար կենսական նշանակություն ունի»։ Ըստ Վահան Հովհաննիսյանի, ՀՀ ղեկավարությունը այս հարցին ոչ միայն ըմբռնումով է մոտեցել, այլեւ բարյացակամություն է ցուցաբերել. «Սակայն վերջին գործընթացները դուրս են գալիս այն սահմաններից, որոնց մեջ մենք կարող էինք դիտարկել խնդիրը։ Սենատի եւ Կոնգրեսի տարբեր բանաձեւումները 907-ի հետաձգման վերաբերյալ, որ պետք է օրինագծով ձեւակերպված լինեն, մեզ լրջորեն մտահոգում են, հատկապես այն հանգամանքը, որ դժվարությամբ ընդունվեց հետեւյալ կետը. Ադրբեջանին հակատեռորիստական պայքարի ընթացքում տրամադրվելիք ռազմական օգնությունը չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ։ Ի վերջո, սա ընդունվեց, բայց մենք չենք տեսնում ցանկություն՝ նույն կոնտեքստի մեջ նաեւ Ղարաբաղը հիշատակելու։ Այնինչ, առանց Ղարաբաղի անիմաստ է։ Եթե Ադրբեջանը ստացված ռազմական օգնությունը Ղարաբաղի դեմ ագրեսիայի նպատակով օգտագործի, դա նույնն է, ինչ-որ պատերազմ Հայաստանի դեմ»։ Ի դեպ, բանաձեւի փոխված մասում նշված է նաեւ, որ Ադրբեջանը իրավունք ունի ստացված օգնությունը օգտագործել իր սահմանների պաշտպանության համար, ապա, ելնելով նրանից, որ Ադրբեջանի պատկերացմամբ Ղարաբաղը դեռ իր սահմանների մեջ է, ուրեմն՝ «սա իսկապես կարող է հրավերք կամ դրդում լինել ագրեսիայի՝ Ադրբեջանի կողմից։ Ես չեմ ուզում ենթադրել, որ ԱՄՆ ղեկավարությունը հովանավորում է կամ կարող է պատրաստ լինել հովանավորելու ադրբեջանական ագրեսիան, բայց, եթե օրինագծի դեմ տեղ չգտնի նաեւ Ղարաբաղի դեմ ոտնձգության արգելք, ապա ուրիշ ենթադրություն անելու տեղ չենք ունենա»։ Վահան Հովհաննիսյանի կարծիքով, ԱՄՆ-ում որոշ շրջանակներ փորձում են ցույց տալ, թե Հայաստանը լռում է, հետեւաբար՝ խնդիր չի տեսնում։ Ըստ պրն Հովհաննիսյանի, սխալ պատկերացում է։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ եթե Ղարաբաղի դեմ ոտնձգության արգելքը տեղ չգտնի օրինագծում, ապա այն այլ կերպ չի դիտվի, քան հնարավոր ագրեսիայի հովանավորչություն։ Վահան Հովհաննիսյանն ասաց, թե սա ոչ միայն իր եւ իր գլխավորած հանձնաժողովի տեսակետն է, այլեւ ամբողջ հասարակության. «եւ ունեմ լուրջ հիմքեր, ասելու, որ մեր գործադիր իշխանությունը նույն այս տեսակետին է, եւ միայն եւ միայն մեր ամերիկյան բարեկամներին չխոչընդոտելու ցանկությամբ է պայմանավորված եղել մեր լռությունը մինչեւ հիմա։ Ես կարծում եմ՝ լռությանը պետք է վերջ տանք»։ Արդյո՞ք կոնկրետ առիթ կա նման կտրուկ հայտարարության համար։ Պրն Հովհաննիսյանը չուզեց խոսել կոնկրետ առիթի մասին, բայց եւ չժխտեց, թե «մտահոգության համար միշտ էլ կոնկրետ առիթ կա»։ ՀՅԴ Բյուրոյի անդամի կարծիքով «մեր համեստ ըմբռնումով կեցվածքը ինչ-որ տեղերում ներկայացվում եւ մեկնաբանվում է որպես համաձայնություն»։ Պրն Հովհաննիսյանը չթաքցրեց, որ իրենք «հիմա արդեն» սկսում են «հասկանալ, թե ինչով էին պայմանավորված ադրբեջանական ագրեսիվ հայտարարությունները։ Ըստ ամենայնի, նրանք մեկ ձեռքը բռունցք դարձրած ճոճում էին մեր ուղղությամբ, իսկ մյուս ձեռքով, աշխատում էին, որ ԱՄՆ ղեկավարությունը հնարավորություն ստեղծի այդ բռունցքը ոչ միայն ճոճել, այլ՝ հարվածել մեզ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Հերթական անգամ ապացուցվեց, որ նախագահ Քոչարյանը հանիրավի էր մեղադրում ընդդիմությանը, երբ ասում էր, թե որքան ընդդիմությունը ակտիվանում է, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն այնքան ավելի լկտի են դառնում։ 907-ից հետո պետք է որ հասկանալի լիներ, թե ինչո՞ւ է Ադրբեջանը լկտիացել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել