Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գործիչները՝ ծաղրածուի սիմվոլով

Նոյեմբեր 15,2001 00:00

Քաղաքական գործիչները՝ ծաղրածուի սիմվոլով Լեհաստանի նախագահի Հայաստան կատարած այցի կապակցությամբ Ազգային պատկերասրահում երեկ բացվեց ճանաչված ռեժիսոր եւ օպերատոր Գուրգեն Գադաչիկի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված աշխատանքներով բացահայտվում էր նաեւ արվեստագետ Գադաչիկը։ Վերջինիս հավաստմամբ, 1989-ին ծնված հավաքածուն ներկայացված էր ոչ ամբողջությամբ, քանի որ շուրջ 200 գործեր (օրինակ, համաստեղություններին, թատրոնների երախտավորներին նվիրված շարքերը) բացակայում էին։ Յուրօրինակ հարթաքանդակների ստեղծումը հեղինակը բացատրում էր անձնական հույզ ու ապրումով, թատրոնի հանդեպ ունեցած մեծ սիրով՝ արծաթափայլ ու ոսկեգույն մետաղների օգտագործումը համարելով կոնկրետ գաղափարների արտահայտման մեթոդներից մեկը։ Նրա համոզմամբ՝ յուրաքանչյուր աշխատանք կարելի է դիտարկել առնվազն 3-4 տեսանկյունից, քանի որ դրանցում ե՛ւ զավեշտ կա, ե՛ւ հումոր, ե՛ւ սրտի ցավ, հարգանքի տուրք՝ ուղղված մշակույթի երախտավորներին («Օհան Դուրյան», «Լեոնիդ Ենգիբարյան», «Կոմիտաս», «Վլադիմիր Սպիվակով»), ինչպես նաեւ զղջում եւ ի խորոց սրտի խոսք Աստծո հետ («Գրիգոր Լուսավորիչ», «Հուդա»)։ Գադաչիկի աշխատանքներում ինքնատիպ արծարծում են գտել Անկախության թեման եւ հետագա տարիների քաղաքական խժդժությունները, վայրիվերումներն ու ինտրիգները՝ արտահայտված հատկապես ծաղրածուների խորհրդանշական պատկերներով («Անկախության էյֆորիա», «Խեղկատակների շքերթ», «Կարիերամոլներ», «Լուրջ խեղկատակ» եւ այլն)։ Իսկ այդ ամենի կողքին արտագաղթող ժողովուրդն է՝ թռչունների չվող երամի տեսքով («Քամի կամ երամ») եւ իրադարձությունների առանցքում էլ հասարակ, անպաշտոն ու անպաշտպան մարդը՝ իրեն բաժին հասած դժվարին ճակատագրով՝ վշտի փուշը սրտում («Մարդու ճակատագիրը»)։ Սակայն արվեստագետը ամենեւին հակված չէ հոռետեսության, քանզի համոզված է, որ հաստաբուն ու ճյուղատարած իր ժողովուրդը («Ծառը») հողում ձգած խոր արմատների շնորհիվ կհաղթահարի բոլոր դժվարությունները։ Դրա հավաստումն են ժողովրդի կենսունակությունը խորհրդանշող արծաթափայլ ու ոսկեգույն կենաց ծառերը։ Գադաչիկի հարթաքանդակներում հաճախ փոքրիկ ֆիգուրները ներկայացվում են հսկա մակերեսի վրա, որը տվյալ դեպքում խորհրդանշում է տիեզերական հավերժությունն ու անծիր հեռաստանները եւ մարդ արարածի անպարագիծ ձգտումը դեպի նորանոր անիմանալի եւ անքննելի եզերքներ։ Գուրգեն Գադաչիկի խոսքերով՝ այս ցուցահանդեսը նվիրված էր նաեւ բոլոր այցելուներին ու հատկապես մտերիմ-բարեկամներին, որոնցից ոչ մեկը նրա բացման առիթով այդպես էլ ոչինչ չցանկացավ ասել (բացառությամբ՝ արվեստագետ Մերի Երզնկյանի)։ Իսկ հեղինակն իր ստեղծագործական երկունքի պտուղների մասին ասաց հետեւյալը. «Ստեղծել եմ՝ ինչ կարողացել եմ»։ Ի դեպ, այսօր ցուցահանդես են այցելել նաեւ Լեհաստանի եւ Հայաստանի Հանրապետության առաջին տիկինները։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել