Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ

Նոյեմբեր 16,2001 00:00

ՏԵՂԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱ Երեկ կայացավ «Վարկած» վերլուծական-ինֆորմացիոն կենտրոնի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի կազմակերպած «Պետությունը եւ գլոբալ աշխարհը՝ հարմարեցման եւ արձագանքման համակարգեր» ընդհանուր անվանումով սեմինարների շարքի հերթական կլոր սեղանը: Թեման էր՝ «Տեղային բախումները՝ վտանգ ամբողջական աշխարհի համար եւ նրանց կարգավորման համակարգերը»։ Սեմինարների շարքը վարող վերլուծական խմբի ղեկավար գեներալ Էդուարդ Սիմոնյանցն իր ելույթում անդրադարձավ հակամարտությունների բնույթին, որակին, պատմությանը, տեսակներին, դրանց լուծումներին։ Ըստ էության, մարդկության ողջ պատմությունը կոնֆլիկտների պատմություն է։ Եվ դրանք հիմնականում լուծվել են ուժի միջոցով։ Սակայն քաղաքակրթության զարգացումը ստիպել է, որ փնտրվեն կոնֆլիկտների լուծման ավելի ցիվիլ, խաղաղ եղանակներ։ Տալով տեղային կոնֆլիկտների սպառիչ գնահատականն ու որակումները, պրն Սիմոնյանցը նկատեց, որ կոնֆլիկտի տեղային լինելը պայմանավորված է ոչ այնքան նրա սրությամբ, հակամարտող կողմերի տարածքային չափերով, կողմերի թվով, այլ այն բանով, թե որքանով է այդ կոնֆլիկտը շոշափում միջազգային հանրության շահերը (կոմունիկացիաներ, ռեսուրսներ եւ այլն), նաեւ, թե որքան մեծ է հավանականությունը, որ տեղային կոնֆլիկտը կվերաճի ավելի ընդգրկուն, մեծամասշտաբ հակամարտության, պատերազմի։ Եվ այստեղ առաջանում է հավի ու ձվի առաջացման առաջնահերթության մասին հարցին նմանվող մի հարց. «Գլոբալ գործողություննե՞րն են կոնֆլիկտներ առաջ բերում, թե՞ տեղային կոնֆլիկտներն են վերաճում գլոբալ պրոցեսների»։ Սա ամենեւին էլ միակ հարցադրումը չէր, որը պրն Սիմոնյանցը դրեց ներկաների առջեւ, սակայն բանավեճին մասնակցողները նախընտրում էին անդրադառնալ առավելապես այս հարցին։ Նրանք նաեւ համառորեն լոկալ կոնֆլիկտների խնդիրն ավելի էին տեղայնացնում՝ հանգեցնելով միայն ղարաբաղյան հակամարտությանը, թեեւ պրն Սիմոնյանցը նախապես խոստացել էր ղարաբաղյան հիմնահարցին մի առանձին սեմինար նվիրել։ Աշոտ Մանուչարյանն, օրինակ, կարծում էր, որ լոկալ կոնֆլիկտներն առաջանում են գլոբալ պրոցեսների պատճառով եւ ապա՝ իրենք դառնում նոր գլոբալ պրոցեսների դրդիչ։ Կոնֆլիկտների լուծման մեխանիզմները դարեր շարունակ չեն փոխվել եւ այսօր գերտերությունների լիդերները լի են վճռականությամբ՝ գտնել նոր մեխանիզմներ, որոնք ունիվերսալ կլինեն եւ կլուծեն բոլոր կոնֆլիկտները։ Սակայն, ըստ պրն Մանուչարյանի, նոր մեխանիզմներն ընդամենը հնի կոմպյուտերացված տեսակներն են՝ էական փոփոխություն չկա։ Այնինչ ժամանակն է գտնել իրոք նոր տեխնոլոգիաներ, որոնք կոնֆլիկտների լուծումներ կառաջադրեն. «Գերտերությունները, որոնք հիմնականում զբաղվում են տեղային կոնֆլիկտների լուծմամբ, միայն իրենց շահերի տեսանկյունից են նայում խնդրին, ճանապարհ են փնտրում, թե ինչպես այդ լուծումը հարմարեցնեն իրենց շահերին»։ ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը կոնֆլիկտների լուծման կարեւորագույն նախապայման էր տեսնում անաչառ դատավորի գոյությունը. «Ամեն ինչ, ի վերջո, հանգում է հռետորական հարցին՝ ովքե՞ր են դատավորները»։ Պրն Խաչատրյանը գտնում էր, որ հայ դիվանագիտության խոշոր սխալը դեռ 89-ից այն է եղել, որ փոխանակ ազգերի ինքնորոշման իրավունքի հետ մեկտեղ համադրեին Հայաստանի տարածքային ամբողջականության դրույթը, դրանք միշտ հակադրել են իրար. «Ղարաբաղյան կոնֆլիկտը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չէ, Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ չէ, այլ՝ Ադրբեջանի վարած կուրսի եւ միջազգային նորմերի միջեւ եղած հակամարտություն է»։ Ըստ Հ. Խաչատրյանի, անգամ նախամարդն է հասկացել, որ երկու սուբյեկտ չեն կարող իրար մեջ լուծել հակամարտությունը, պետք է գտնել անաչառ դատավորին. «Մարդկությունը շարունակում է անաչառ դատավորի փնտրտուքը»։ ՀԴԿ-ի նախագահ Արամ Սարգսյանը չէր ընդունում «ղարաբաղյան կոնֆլիկտ» հասկացությունը. «Ղարաբաղյանը կոնֆլիկտ չի, այլ՝ հիմնահարց, որի հիման վրա հակամարտություն է առաջացել։ Իսկ հիմնահարցը ոչ թե պարզ լուծում է պահանջում, այլ՝ հայեցակարգ»։ Պրն Սարգսյանը լավատես էր. «Այսօրվա դրությամբ համաշխարհային պրոցեսներն այնպես են ընթանում, որ մեր հիմնահարցը 3-4-րդ տեղում է, եւ դրանով կզբաղվեն այնքանով, որքանով իրենց անհրաժեշտ է։ Պատերազմական վիճակը բացառված է, որովհետեւ ԱՄՆ-ին ձեռնտու չի իր թիկունքում նման օջախ ունենալը»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել