Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, օվկիանոսի այս ափին, նրանք ստեղծագործում են Հայրենիքի կար

Նոյեմբեր 16,2001 00:00

Փոքրիկ նկարիչների մեծ աշխարհը… Մայր Հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, օվկիանոսի այս ափին, նրանք ստեղծագործում են Հայրենիքի կարոտով եւ սիրով։ Նրանցից ամեն մեկն իր մեջ կրում է Մաշտոց Աստծո շունչը, հպարտ է, որ սերվել է Հայկ Նահապետից, որ Քաջն Վարդանի թոռն է։ Նրանք ամեն օր ձեւ ու մարմին են տալիս, շունչ ու ոգի հաղորդում իրենց մանկահոտ երազանքին։ Իսկ այդ երազանքը Sevada Art Studio-ի սաներից յուրաքանչյուրը յուրովի է պատկերում կտավին, փորձում է դարձնել հողեղեն, շնչավորել ու իմաստավորել։ Երազանք, որը մերթ դառնում է «Հայաստան» ու «Արարատ», «Երեւան» ու «Գյումրի», «Նատյուրմորտ» ու «Դիմանկար», «Բնանկար» ու «Արագած», «Աղոթք» ու «Եկեղեցի», «Մայր» ու… – Ստուդիայի սաները հաճախելով մեզ մոտ՝ ոչ միայն առավել մոտիկից են ծանոթանում գունային արվեստի գաղտնիքներին, այլեւ փորձում են իրենց տեսածն ու զգացածը թղթին հանձնել, պատկերել յուրովի,- ասում է ստուդիայի ղեկավար, ճանաչված գեղանկարիչ Սամվել Սեւադան,- իսկ 2001-ը մեզ համար հիշարժան է հատկապես նրանով, որ ուղիղ 10 տարի առաջ՝ 1991-ի նոյեմբերին, բացվեց մեր սաների գեղանկարչական աշխատանքների անդրանիկ ցուցահանդեսը, այնպես որ՝ ներկայիս ցուցահանդեսը ոչ միայն հոբելյանական է, այլ կարծես մեր ստուդիայի սաների 10-ամյա ստեղծագործական գործունեության հանրագումարն է, մի տեսակ հաշվետվություն՝ իրենց ծնողների, ընկերների ու արվեստասեր հասարակության առջեւ։ Վերջերս Փասադենայի Թեքեյան մշակութային միության Պեշկյութուրյան ցուցասրահում ստուդիայի 60 սաների շուրջ 160 աշխատանքներ ցուցադրվեցին, այդ թվում՝ նատյուրմորտներ, դիմանկարներ, բնանկարներ, գրաֆիկական, կոմպոզիցիոն եւ թեմատիկ այլ աշխատանքներ։ Հավատացած ենք՝ այդ օրն այցելուներից ամեն ոք իր հետ տուն տարավ մի բուռ Հայրենի հող ու մի կում Սեւանա ջուր, Արարատից մի նշխար ձյուն ու Արագածից մի զով քամի, Էջմիածնից մի շուրթ աղոթք ու Խոր Վիրապից մի խնկամոմ, Զվարթնոցից՝ քիվ ու խոյակ ու… Հայոց պապենական Հուշաշխարհից մի սիրտ կարոտ… Այդ օրը եղավ Տոն ու Հոգու Կիրակի, քանզի այդ օրվա հերոսները մեր երեխաներն էին, մեր մաքուր ու զուլալ, չարաճճի ու խելոք, իմաստուն ու միամիտ երեխաները։ Նրանք, որոնք Հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, օվկիանոսի այս ափին ձեռագործում են իրենց զարմանահրաշ երազանքը։ Երազանք, որ փորձում են դարձնել հողեղեն, շնչավորել ու իմաստավորել։ Հավատացած ենք՝ օրերից մի օր այդ անձեռակերտ երազանքը ճերմակափետուր աղավնու տեսքով, ազատ ու աներկյուղ թեւաբախումով սավառնելու է նրանց հեքիաթային գունաշխարհի հրաշքներով լեցուն աստղանկար երկնակամարում… ՍԱՐՈ ԳՅՈՒՄՐԵՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել