Լրահոս
Օրվա լրահոսը

Մեթոդը վերցված է բանտային համակարգից։ Մոլի այլախոհին, նաեւ՝ օրենքով գողին փչացնելը ձեռքի գործ էր։

Նոյեմբեր 17,2001 00:00

Ինչպես են փչացնում ազգային գործիչներին Մեթոդը վերցված է բանտային համակարգից։ Մոլի այլախոհին, նաեւ՝ օրենքով գողին փչացնելը ձեռքի գործ էր։ Նրան մի քանի անգամ հրավիրում էին գաղութի ղեկավարության մոտ կամ «գաղտնի» զրուցում մի ինչ-որ տեղ եւ իրենց իսկ մատնիչների միջոցով, որոնք «պատահաբար» տեսել էին այդ զրույցը, տարածում էին, որ նա հավաքագրված է։ Երդվյալ այլախոհը, թեկուզ օրենքով գողը, դառնում էին «մատնիչներ» եւ ոչ ոք նրանց հետ այլեւս չէր առնչվում։ Ի տարբերություն նրանց՝ ազատության մեջ գտնվող մեր գործիչներին փչացնելիս նման սադրանքի կարիքը չկա, մանավանդ, երբ իրենք են պատրաստ փչացվելու։ Հին դեպքերին չդիմենք, երբ Քոչարյանը հատ-հատ իր թեւի տակ տարավ մի շարք քաղաքական գործիչների։ Նշենք բազմաթիվ օրինակներ։ Բոլորը հիշում են անկաշառ, սկզբունքային, մարտնչող, ազնիվ կոմունիստ Լեոնիդ Հակոբյանին։ Նրա բասը խլացնում էր Քոչարյանի քաղաքական ականջները։ Բայց Լեոնիդ Հակոբյանը համաձայնեց դառնալ նախարար, եւ պատգամավորական փողերից տնտեսված գումարներով Ջրվեժում կառուցվեց մի համեստ դղյակ իր լողավազանով։ Դղյակի եւ լողավազանի նկարները բազմիցս տպագրվեցին թերթերում։ Իհարկե, դա առիթ էր, որ նրան «հարկադրաբար» հեռացնեին նախարարի պաշտոնից։ Բայց որպեսզի ազնիվ կոմունիստը ոտքով զբոսանքի դուրս չգա եւ չթուլանա նրա ընդդիմադիր ձայնը, խախտելով բոլոր օրենքները, հանուն ընդդիմության մարտունակության՝ նրան տվեցին պետական մեքենա՝ կառավարական պետհամարանիշով, որպեսզի անհասկացող ավտոտեսուչները նրան չկանգնեցնեն, մինչեւ որեւէ տաք, եվրոպական երկրում այս օրերին դեսպանի տեղ ճարեն նրա համար։ Մենք զրկվեցինք հակոբյանական ազգափրկիչ բասից։ Կուսակցությունը եւ այն էլ՝ ավանգարդային ընդդիմադիր, պետք է լինի իշխանություններին մշտապես քննադատող, նրանց թերությունները, ապօրինությունները վերծանող։ Կուսակցության լիդերը պետք է լինի այդ պայքարի առաջամարտիկը, իր գործունեությամբ պետք է ապացուցի կուսակիցներին, ընտրողներին, որ այդ գործունեությունը հազարապատիկ ծավալուն կդառնա, եթե ինքն ունենա առավել հզոր իշխանություն՝ հանձին երկրի նախագահի։ Ինչպիսին է ընդդիմադիր շղարշ ունեցող ԱԻՄ կուսակցությունը եւ նրա լիդեր Պարույր Հայրիկյանը։ Նրան դարձրին շարքային մտրակ Ռ. Քոչարյանի ձեռքին։ Նա շառաչում է միայն Քոչարյանի թշնամիների վրա։ Օրինակների հետեւից վազելու կարիք չկա։ Երբ Գագիկ Ջհանգիրյանը փորձում էր իր գլխին հարմարեցնել Ալբերտ Բազեյանի նվիրած զոհի լուսապսակը, շառաչեց Պ. Հայրիկյան մտրակը։ Ջհանգիրյանը թեքվեց թոշակառու հոր նորակառույց դղյակի հարեւանի՝ նախագահի կողմը։ Դե, քուչի տղեք են. Բազեյանը որտե՜ղ է ապրում, Քոչարյա՜նը որտեղ։ Հենց Ստեփան Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամը գլուխ են բարձրացնում, շառաչում է Հայրիկյան մտրակը։ Ռ. Քոչարյանին կից Հայրիկյանը միայն քլնգում է Ջհանգիրյանի գործերը։ Որպեսզի Հայրիկյանը չհերքի իր կից լինելը, նշենք, որ նաեւ նրա ղեկավարած հանձնաժողովը բացի «Հոկտեմբերի 27»-ի եւ զինվորների հետ առնչվող գործերից, այսինքն՝ ջհանգիրյանական գործերից, երբեք չի զբաղվել որեւէ գիտնականի, արվեստագետի, մանկավարժի իրավունքների զանգվածային խախտումներով։ Անուշադրության չարժանացավ նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործով աննկուն պաշտպան Ռուբեն Ռշտունին։ Ռուսերենից հայերենի նախկին թարգմանիչը իր համեստագույն գիտելիքներով կարողացավ Ջհանգիրյանի օգնությամբ ծնկի բերել վերջինիս եւ հաղթել նրա հետ մենամարտը։ Իր ծառայությամբ՝ բերանփակության համար Ռշտունին դարձավ Քոչարյանին կից Հայրիկյանին կից նույն հանձնաժողովի անդամ։ Եկամտաբեր է, իր փաստաբանական գործերը, եթե դատարաններում դիմադրության են արժանանում, դրանք անց է կացնում հանձնաժողովի դրոշ-թրի տակով։ Դրան էլ հավելյալ՝ Ռշտունուն հանձնվեց մայրաքաղաքի կենտրոնում գտնվող մի յուղոտ տարածք՝ Տիկնիկային թատրոնի մի մասը։ Թատրոնի միամիտ տնօրենը, չհասկանալով, թե ով է Ռշտունու մեջքին, դիմեց դատարան։ Է, թող դիմի, ինչի՞ հասավ։ Թերթերը գրեցին, որ հասարակական կազմակերպությունները դրսի համար որ գրանտ ստանան, աղմուկ են հանում, այդ թվում եւ՝ «Հաղթանակ» զբոսայգում հյուրանոցի համար ապօրինի հողհատկացման գործով։ Այդ հարցով զբաղվող ութ բնապահպանական կազմակերպություններից ոչ մեկը չհերքեց այդ մեղադրանքը։ «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը եւ նրա իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը հանդես բերեցին հեռատեսություն։ Նրանք անվախորեն շարունակեցին մարտը մինչեւ վերաքննիչ դատարան։ Ինչպես միշտ, մամուլը տարվեց ուրիշ զարմանահրաշ գործերով ու մոռացավ «Հաղթանակ» այգու հյուրանոցը, ապօրինի հողհատկացումը, արդեն պաշտոնից ազատված հերթական վազգենական գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի օբյեկտիվ գնահատականը՝ հողհատկացումը ապօրինի է։ Այդ ընթացքում էլ իշխանությունների ջանքերով գրանտ ստացավ «Կանաչների միությունը»։ Ամենաթարմ փաթեթավորումից դուրս հանած փչացրածներից է աննկուն լենինյան Հրանտ Ոսկանյանը։ Գավառական ակումբի վարիչից, առանց ՊԱԿ-ի օգնության եւ ամենօրյա աջակցության, Կենտկոմի քարտուղար եւ ՀԽՍՀ խորհրդարանի խոսնակ դարձած Ոսկանյանը, երկրի անկախացումից եւ դաշնակների քաղաքական ակտիվությունից հետո, «հանկարծ» հիշեց, որ ինքը ակտիվ դաշնակցականի որդի է։ Կագեբեն այդ մասին չի կարողացել իմանալ եւ դրա շնորհիվ է նա այդքան շատ առաջ գնացել եւ իր դաշնակցական լինելու մասին միայն չեկիստների հետ ունեցած առանձնազրույցներում է հիշատակվել։ Իր հարազատ դաշնակցության փոխարեն, «մոռանալով», որ ինքը դաշնակցական է, նորից հիշեց կոմունիստական կուսակցությունն ու դաշնակցության դեմ պայքարելու նպատակով կոմունիստների ցուցակով դարձավ պատգամավոր։ Հետո էլ դաշնակցության երաշխավորությամբ դարձավ նրա թշնամի Կոմկուսի պատգամավորական խմբակցության ղեկավար։ Երբ կոմունիստ պատգամավորները մյուս ընդդիմության հետ փորձեցին ցույց տալ իրենց ատամը եւ դիմեցին Սահմանադրական դատարան, Հ. Ոսկանյանը պետիցիայի առաջին ստորագրողներից էր։ Հավաքված ստորագրությունների լիմիտը լրանալուն պես ընդդիմադիր պատգամավորները դիմեցին Սահմանադրական դատարան։ Դատարանում գործը լսելու նախօրեին Ոսկանյանը Քոչարյանից ստացված «Վոլգայով» խփեց իր կուսակիցների ու նրանց միացած ընդդիմության համատեղ մեջքին՝ հրաժարվեց իր ստորագրությունից, որի պատճառով ստորագրությունների քվոտան չպահպանվեց, ու հարցը հանվեց քննարկումից։ Այդ դավաճանությունը Ոսկանյանը պատճառաբանեց նրանով, որ իրեն հայտնի են դարձել նոր հանգամանքներ։ Նոր հանգամանքն այն էր, որ իշխանությունը ապօրինաբար անհատ պատգամավոր Հ. Ոսկանյանին պետության հաշվին, պետական ծախսերով «Վոլգա» է բաշխել, որ Սայաթ-Նովայում գտնվող չորս սենյականոց բնակարանից, որտեղ նա ապրում էր միայն իր կնոջ հետ, մինչեւ խորհրդարան (250 մ տարածություն) ոտքով չգնա։ Հարկադրաբար այլախոհ դարձած՝ ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ հեղինակը նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930