Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակում

Նոյեմբեր 17,2001 00:00

ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ Սպիտակում դպրոցաշինության խնդիրը գրեթե լուծված է։ Քաղաքի ինը դպրոցներից միայն թիվ 7 դպրոցի 6-10-րդ դասարանցիներն են դեռեւս տնակային պայմաններում սովորում։ Մնացած դպրոցները հիմնական մասնաշենք ունեն, մի քանիսում էլ 2-րդ կամ 3-րդ մասնաշենքի շինարարությունն է ընթանում։ Քաղաքի դպրոցների մասին տեղեկացանք Սպիտակի քաղաքապետ Համլետ Սարդարյանի հետ զրույցում։ Դպրոցաշինության եւ ընդհանրապես դպրոցների աջակցման ծրագրերում մեծ է արտասահմանյան բարերարների դերը։ Թիվ 7 դպրոցի տնակային մասնաշենքի հարցը թերեւս լուծվի նման մի կազմակերպության՝ Հյուսիսային Կարոլինայի «Ագապե» միության օգնությամբ, որի միջոցներով էլ կառուցվել է նույն դպրոցի տարրական ու միջին դասարանների համար նախատեսված մասնաշենքը։ Քաղաքի դպրոցներին մեծ օգնություն է ցուցաբերում նաեւ Լոս Անջելեսի հայ համայնքը։ Դեռեւս 1991 թվականին Սպիտակը եւ Լոս Անջելեսից 65 կիլոմետր հեռու գտնվող Թաուզենդ Օկս փոքրիկ քաղաքը ճանաչվել են քույր քաղաքներ։ Քաղաքների հանձնախումբը պարբերաբար տարատեսակ ծրագրեր է իրականացնում Սպիտակի համար։ Ընդ որում՝ Թաուզենդ Օկսը առանձնապես հայաշատ քաղաք չէ, սակայն նաեւ շատ մեծ թվով ամերիկացիներ են ցանկանում օգնել Սպիտակին ու քաղաքի դպրոցներին։ Դրանց թվում է նաեւ քույր քաղաքների հանձնախմբի անդամ Դոն Գուդրոուն, որը քաղաքապետի խոսքերով՝ հիանալի մարդ է։ Նրա կինը հայուհի է եւ ընտանիքով հաճախակի են լինում Հայաստանում։ Վերջերս Դոն Գուդրոուն դարձյալ Հայաստանում էր եւ նրա աջակցությամբ 200-ից ավելի երեխայի դասագրքերի վարձավճարն է մուծվել եւ շուրջ 500 առաջին դասարանցիների համար գրենական պիտույքներ են գնվել։ Հանձնախմբի շնորհիվ սպիտակցի դպրոցականներ էին մեկնել Թաուզենդ Օկս։ Քաղաքը հովանավորում է նաեւ շնորհաշատ երեխաներին ուսման հարցում։ Բացի կրթական ծրագրերից, Սպիտակ-Թաուզենդ Օկս քաղաքների հանձնախումբը նաեւ իր հովանավորության տակ է առել Սպիտակի հրշեջ ծառայությունը։ Ինչպես Հ. Սարդարյանը տեղեկացրեց, հրշեջ ծառայությունը երեք մեքենա ուներ, բայց միայն մեկն էր աշխատում։ Հանձնախմբի աջակցությամբ մյուս երկուսն էլ են աշխատեցրել, նաեւ հրշեջ խմբի համար ձեռք են բերել հեռուստացույց, տեսամագնիտոֆոն, էլեկտրական սալիկներ եւ այլ անհրաժեշտ պարագաներ։ Ի դեպ, անցյալ տարի հունիսին Սպիտակի քաղաքապետը այցելել էր ԱՄՆ, Սան Ֆրանցիսկո եւ հիշեց, որ «Առավոտը» գրել է այն ժամանակ այդ մասին ոչ դրական շեշտադրումներով, «թե ինչ է կորցրել ԱՄՆ-ում, ինչի է գնացել», սակայն պարոն Սարդարյանը վստահեցրեց, որ իր այդ այցը նպաստել է ամերիկյան աջակցման ծրագրերի ակտիվացմանը։ ԱՄՆ-ում Սպիտակի քաղաքապետը հանդիպել է նաեւ Դոն Գուդրոուի եւ Սպիտակ-Թաուզենդ Օկս քույր քաղաքների հանձնախմբի նախագահ, ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Ռուբիկի հետ։ Երկու տարի առաջ, 1999թ. հուլիսին, Ալան Ռուբիկը այցելել էր Հայաստան, ծանոթացել Սպիտակի դպրոցների խնդիրներին եւ հենց այդ ժամանակ էլ ծնվել է քաղաքի դպրոցների բոլոր աշակերտներին պայուսակներ նվիրելու գաղափարը։ Ընդ որում՝ ծրագիրն իրականացվել է Թաուզենդ Օկսի դպրոցների աշակերտների աջակցությամբ։ Վերջիններս մոտ 10 հազար դոլար էին հանգանակել, եւս 6 հազար հավելել է քույր քաղաքների հանձնախումբը եւ գնվել է 3300 պայուսակ։ Դրանցից 1000-ը նախատեսված է տարրական դասարանների աշակերտների համար եւ պարունակում է նաեւ գրենական պիտույքներ փոքրիկների համար։ Բացի այդ, մանկապարտեզների սաների համար խաղալիքներ են ուղարկել, հաշմանդամների համար՝ հիսուն զույգ հենափայտ, հրշեջ խմբի համար՝ գլխարկներ, կոշիկներ եւ այլն։ Ողջ ապրանքը պահեստավորված է Սպիտակում, սակայն առայժմ չեն բաշխում, քանի որ այն դեռ մաքսազերծված չէ։ Պարոն Սարդարյանը տեղեկացրեց, որ ապրանքի համար, որպես մարդասիրական օգնություն, մաքս չեն վճարի։ Հարցը քննարկվում է ՀՀ կառավարությանն առընթեր մարդասիրական օգնության հանձնաժողովում, սակայն պրն Սարդարյանը վստահ էր, որ այն դրական կլուծվի։ Իսկ նվերների հանձնման արարողությունը կհետաձգվի մինչեւ դեկտեմբերի սկզբները, քանի որ նախատեսվում է քույր քաղաքների հանձնախմբի ներկայացուցիչների այցը, եւ քաղաքապետը որոշել է այդ օրերին նվերները բաժանել։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել