Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավություն անողի գլուխը ծակ է»

Նոյեմբեր 17,2001 00:00

Մերոնք՝ դրսում «Լավություն անողի գլուխը ծակ է» Ֆուտբոլի Պարագվայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայազգի Սերխիո Մարգարյանը հեռացվել է պաշտոնից այն բանից հետո, երբ նրա գլխավորած ընտրանին աշխարհի 2002 թ. առաջնության վերջին ընտրական խաղում 0։4 հաշվով տանուլ տվեց Կոլումբիային։ Եվ դա այն դեպքում, երբ Մարգարյանը գերազանց է կատարել իր առջեւ դրված գլխավոր առաջադրանքը. նվաճել աշխարհի առաջնության եզրափակիչ ուղեգիր։ Պարագվայը մտել է վերջին փուլ՝ հարավամերիկյան ընտրական խմբում գրավելով չորրորդ տեղը։ Սակայն մարզիչը այդ ընթացքում հաճախ է քննադատության ենթարկվել, առանձնապես Վենեսուելային 1։3 հաշվով զիջելուց հետո, իսկ Կոլումբիայից կրած պարտությունն այդ երկրի ֆուտբոլային ղեկավարները չներեցին։ Ամենայն հավանականությամբ Մարգարյանին կփոխարինի բրազիլացի Պաուլո Սեզար Կարպեջանին, որն այդ երկրի ընտրանին գլխավորել է Ֆրանսիայի աշխարհի առաջնությունում։ Այդուհանդերձ, անհասկանալի է մնում, թե ի՞նչ են մտածել մարզական ղեկավար այրերը, երբ աշխարհի վերջին առաջնությունում դժգույն խաղ ցուցադրած հավաքականի մարզչին գերադասել են նույն թիմի վերելքն ապահոված Մարգարյանից։ Անհասկանալի է նաեւ հետեւյալ հարցը. ի՞նչ երազանքներ ունեին Պարագվայի ֆուտբոլային չինովնիկները ընտրական մրցաշարում։ Գուցե խմբում առաջի՞ն տեղը գրավելու։ Անհասկանալի է։ «Միկան» բողոքարկել է Ընթերցողներին տեղեկացրել էինք, որ ՈՒԵՖԱ-ն մրցավարին կաշառելու փորձի մեղադրանքով Աշտարակի «Միկա» ֆուտբոլային ակումբին մեկ տարով արգելել է մասնակցել իր հովանու ներքո անցկացվող որեւէ մրցաշարի։ Որակազրկվել է նաեւ ակումբի նախագահ Գրիգորի Կագրամանովը։ DCA-ն տեղեկացնում է, որ ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ստացված հայտարարության, «Միկայի» ղեկավարությունը, համաձայն չլինելով այդ վճռի հետ, օգտվել է բողոքարկելու իր իրավունքից եւ հիմա սպասում է ՈՒԵՖԱ-ի նոր արձագանքին։ Վարուժան Սուքիասյանը առայժմ հանգստանում է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, չսպասելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանագրի ժամկետը լրանալուն (դեկտեմբերի 31-ին), օրերս պաշտոնական հրաժարական է ներկայացրել։ Նոր մարզչի նշանակումը նախատեսված է եկող տարվա սկզբներին, ավելի ճշգրիտ՝ 2002 թ. հունվարի 20-ից հետո, երբ կկայանա Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը։ DCA-ն տեղեկացնում է, որ ըստ հավատ ներշնչող լուրերի, Վ. Սուքիասյանը, որը 1992 թ. հիմնված ազգային հավաքականի հինգերորդ գլխավոր մարզիչն է, վճռել է առժամանակ հանգստանալ մարզչական աշխատանքից։ Ինչ վերաբերում է նրա հետագա ծրագրերին, մասնագետը հակված է ստանձնել արտասահմանյան որեւէ ակումբի մարզչությունը։ Այդ ուղղությամբ ներկայումս բանակցություններ են վարվում մի քանի ակումբների հետ։ Սուքիասյանը իր վերջնական որոշման մասին, հավանական է, հայտարարի դեկտեմբերի սկզբներին։ Սակայն հանգիստ ասվածը հարաբերական հասկացություն է մարզչի համար։ Նա նաեւ Էրեբունի համայնքի ֆուտբոլի դպրոցի տնօրենն է եւ նրա նախաձեռնությամբ ներկայումս այդ մարզական օջախում լայնամասշտաբ շինարարական-վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Մոտ ապագայում տնօրենը մտադիր է նաեւ վերականգնել «Էրեբունի» ստադիոնը, որը կդառնա մայրաքաղաքի ամենաժամանակակից կառույցներից մեկը։ Սուքիասյանը համոզված է, որ արդեն եկող տարի ստադիոնը պատկառելի տեսք կունենա, իսկ գազոնը պատանի ֆուտբոլիստներին ավելի բարձրակարգ ֆուտբոլ ցույց տալու հնարավորություն կընձեռի։ Տնօրենը լուրջ հույսեր է կապում իր դպրոցի 16-17 տարեկան սաների հետ եւ երազում է նրանց հետ միասին վերակենդանացնել «Էրեբունի» թիմը եւ հաջորդ մրցաշրջանում այն դուրս բերել Հայաստանի առաջնության առաջին լիգա։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել