Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական աղետալի վիճակը, որ այսօր տիրում է Ջավախքում, ոչ մի կապ չունի ազգային եւ աշխարհաքաղաքական

Նոյեմբեր 17,2001 00:00

ԱՐԻ ՈՒ ՏԵՍ Սոցիալական աղետալի վիճակը, որ այսօր տիրում է Ջավախքում, ոչ մի կապ չունի ազգային եւ աշխարհաքաղաքական խնդիրների հետ։ Վրդովմունքի ալիքը, որին հանդիպեցի Ախալքալաքում՝ հասարակ մարդկանց հետ զրուցելիս, բերեց այն հաստատ համոզման, որ այնտեղ չլուծված հարցերը շատ են ու բազմաբնույթ։ Մարդկանց ծայրահեղ թշվառությունը ե՛ւ հիասթափեցրել էր, ե՛ւ չարացրել։ «10-15 հոգի են ապրողները, մնացածները կոտորվում են, նրանք ամեն ամիս մեքենա են փոխում, դարձել են 500 կիլո, ամոթ է, նստել են ժողովրդի վզին։ Մի օր այն կկոտրվի»։ Շատ էին բողոքները՝ վառելիք չունեն, 6 ամիս ձմեռ է լինում։ Փայտն ու քարածուխը դրսից պիտի բերվի, որի համար վճարվելիք մաքսը այնքան շատ է, որ բերելը դառնում է անիմաստ։ Երկրից դուրս գալը շատ դժվար է. մի կողմից՝ վիզայի ռեժիմը, մյուս կողմից՝ ծախսերը այնքան են, որ գնացողը շատ դեպքերում չի կարողանում վերադառնալ։ Ընտանիքներ են բաժանվում, ծերերին թաղող չկա։ Հատկապես վիրավորված էին Հայաստանի Մաքսային ծառայությունից։ Դժվարանում է գնալ-գալը, կտրվում է կապը։ «Ստացվում է, որ մենք Հայաստանի համար կույր աղիքի պես բան ենք, կտրեք՝ պրծնենք, ո՞ւմ ենք պետք»,- խռովում էին մարդիկ։ Ոչ մի օրենք չի գործում։ Թայֆայականությունն ու կամայականությունը ծածկել է ամեն ինչ։ Մի թղթի, տեղեկանքի համար պիտի հասնեն Ախալցխա՝ որի համար ջավախեցիների մեծ մասը միջոցներ չունի։ Անձնագիր ստանալու համար 100 դոլար են պահանջում։ Եթե ռուսական զորքը դուրս բերվեց՝ 1500 ընտանիք կզրկվի ապրուստից։ Գոյատեւում են հիմնականում դրսից ուղարկված եկամտով։ Հիվանդանոցը ավելի վատն է, քան ֆերման, իսկ Ախալքալաքի փողոցներում ոտք ու ձեռք կոտրելը առանձնապես դժվար չէ։ Երիտասարդները հեռանում են. աշխատանք չկա։ 70 հազար հայություն կա Ջավախքում, որից, այս 1 տարվա ընթացքում, միայն վիզաներով հաշված, 32 հազար բնակիչ է դուրս եկել։ Ո՛չ ապրուստ կա, ո՛չ հագուստ, ո՛չ ուտելիք, ո՛չ անելիք, մնան՝ ի՞նչ անեն։ Իշխանություններին չեն վստահում։ «Եկեղեցին մի առաջնորդարանն ինչ է՝ չունի։ Ախալքալաքում վրացական եկեղեցին կահավորված, բարեկարգ առաջնորդարանի շենք ունի, իսկ մենք մի սենյակ էլ չունենք, որ գնանք-դիմենք՝ հարց է, գործ է»,- ասում են ջավախեցիները։ Միակ դրական բանը, որ տեսա այդ օրերին, դպրոցաշինության ծավալվող գործընթացն էր։ Վերանորոգվում էին դպրոցները, եւ ուրախ են թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները։ Փոքր Գոնգորա գյուղում, որի սանն է եղել Երեւանի փոխքաղաքապետ Վարդան Վարդապետյանը, վերաբացվեց առաջին դպրոցը։ Ջավախքի համար հարցերի հարցը մնում է լույսը։ Մարդիկ, այս էլ 2-րդ տարին է, չեն հասկանում՝ իրենք լույս ունե՞ն, թե՞ չունեն եւ ինչո՞ւ չունեն։ Ու քանի որ հարցին պատասխանող չկա, նրանք էլ 20 դոլարով «գէսի» լույսն են առնում, որն, իհարկե, շատ թանկ է, եթե հաշվի առնենք մատակարարման որակն ու քանակը։ Մարդիկ հարց են տալիս ու իրենք էլ պատասխանում՝ «գիտե՞ք ինչու լույս չունենք, որովհետեւ «գէսի» լույսը պիտի վաճառվի, ուստի պետական լույսը «գէսերի» տերերին ձեռք չի տալիս, եւ վերեւներում արդեն մեկ տարի է պատճառաբանում են թե՛ տեխնիկական անսարքությունները, թե՛ փողերը չհավաքելու փաստը»։ Շատ ու բազմաբնույթ են ջավախեցիներին հուզող հարցերը։ Նրանք պատասխան են պահանջում։ ՀՀ կառավարությանն առընթեր Ջավախքի հարցերի ինտեգրացման վարչության պետ Ստեփան Մարգարյանին խնդրեցինք որոշ պարզաբանումներ անել։ – Նախ ուզում եմ՝ որպես բարի լուր հայտնել, որ նոյեմբերի 9-ից վերջապես հստակեցվեց եւ ստորագրվեց պայմանագիրը։ Ախալքալաքի շրջանը պաշտոնապես ստացավ էներգիա ներմուծելու իրավունք։ Արդեն քանի օր է Ջավախքի պատվիրակները բանակցում են «Հայէներգոյի» հետ եւ փաստորեն գտնում են, որ իրենք թե՛ տեխնիկապես, թե՛ կազմակերպչական առումով պատրաստ են հոսանքն ընդունել։ Հաշվիչները պիտի ստուգվեն լաբորատոր պայմաններում՝ թյուրիմացություններից խուսափելու համար։ Հայաստանը կարող է մատակարարել 24 ժամ հոսանք, սակայն, կարծում եմ, սկզբնական շրջանում այնտեղ տեխնիկապես այդքան ընդունել չեն կարող։ Ընթացիկ հարցերը կկարգավորվեն ժամանակի ընթացքում։ Զորքը տեղահանելու մասին որեւէ խոսակցություն չի գնում, չհաշված՝ մի քանի հրապարկումներն ու քաղաքական որոշ դեմքերի ուղղակի հայտարարությունները, որոնք լուրջ չեն։ Մոտ ժամանակներս, համենայնդեպս, նման բան չի սպասվում։ – Մաքսատան մասին մարդիկ հստակ պատկերացում չունեն: Բանն ի՞նչն է: – Այս օրենքը վերաբերում է Հայաստանից դուրս եկած մեքենաներին, բայց ծանր է անդրադառնում Ջավախքի վրա, եւ այսօր արդարացի բողոքի ալիք է բարձրացել։ Այդ հարցը, հույս ունեմ, կլուծվի մոտ ժամանակներս։ «Մաքսային օրենսգրքով» նախատեսվում է՝ ՀՀ-ից ցանկացած մեքենա դուրս բերելիս ձեւակերպել որպես արտահանում եւ դրա համար սահմանված է որոշակի գին, գումարած մաքսային զննումը՝ այդ գումարը կազմում է մոտ 6500 դրամ։ Դա վերաբերում է միայն Հայաստանում գրանցված մեքենաներին։ Սակայն այսօր շատ մեքենաներ, որոնք պատկանում են ջավախեցիներին, գրանցված են Հայաստանում։ Այդ պատճառով նրանք եւս պետք է վճարեն մաքսը եւ նաեւ 6500 դրամ՝ որպես ներմուծում։ Այսինքն՝ 13000 դրամ է արժենում Ջավախք գնալ-գալը, եւ դա մաքսային օրենքով։ Այժմ գրավոր դիմել ենք կառավարությանը՝ խնդրելով բացառության կարգով մարզի համար վերանայել այդ հարցը։ Քաղաքի բարեկարգումը դժվարին խնդիր է։ Տեղական բյուջեն գոյանում է հիմնականում հողահարկից։ Մնացած հարկերը չնչին տոկոս են կազմում, արտադրություն չկա։ Դա էլ հազիվ բավարարում է աշխատավարձ-թոշակ-նպաստին։ Տարրական բաներ չունի քաղաքը։ Երեւանի քաղաքապետը խոստացել է տրամադրել 1 աղբատար մեքենա։ Վիզայի հարցը եւս բարդ է։ Դա կարող է լուծել միայն Վրաստանը, սակայն կուզեի տեղեկացնել, որ վիզա ստանալու համար մարդիկ կարող են դիմել նաեւ Հայաստանում ռուսական դեսպանատուն, փոխանակ՝ Թբիլիսի գնալու եւ զանազան միջնորդների ճանկն ընկնելու։ Իսկ ովքեր այստեղ ազգական կամ մնալու տեղ ունեն, Երեւանից վիզա ստանալն ավելի է հեշտանում։ Խնդիրներն իսկապես շատ են։ Բայց մեր պետությունն ունի թե՛ վարչական եւ թե՛ նյութական ռեսուրսներ՝ մեր հայրենակիցների հոգսը թեթեւացնելու։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել