Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ

Նոյեմբեր 20,2001 00:00

ՔՐԳՈՐԾ, ՈՐ ԱՌԱՍՊԵԼ Է ԿԱՄ ՓՈՒՉԻԿ Ազատ Արշակյանի հետ զրույցի այս հատվածը առնչվում էր բացառապես իր քրեական գործին եւ ոչ դրա մեկնաբանություններին։ (Սկիզբը՝ նախորդ համարում) – Դատարանում մեկ ասում էիք, թե զենքերի հայթայթման հետ կապ չեք ունեցել՝ ընդամենը շարքային հրաձիգ եք եղել, մեկ էլ՝ թե որոշ առնչություն ունեցել եք զենքերի ստացմանը։ Ինչո՞վ է պայմանավորված ցուցմունքների այս հակասականությունը։ – Ե՛վ նախաքննության ժամանակ եմ ասել, ե՛ւ դատարանում, որ զենքերին իմ ուղղակի առնչությունն այս է՝ ես իսկապես եղել եմ «Անկախության բանակի» ջոկատներից մեկի մարտիկ։ Ճիշտ է, սկզբնական շրջանում եղել եմ նաեւ շտաբի պետ։ Իսկ հետագայում, ռազմական գործողություններին մասնակցել եմ իբրեւ հրաձիգ։ Դրանից բացի՝ Գերագույն խորհրդի պաշտպանության հանձնաժողովի անդամ լինելով, ես ոչ միայն այդ ջոկատի սպառազինությանն էի ծանոթ։ Դա իմ աշխատանքն էր՝ տեղյակ էի, թե ով ինչպիսի զենքեր ունի, երբ է ստացել, ինչպես է հանձնել։ Ես միշտ նշել եմ՝ որպես «Անկախության բանակի» մարտիկ ես տեղյակ եմ եղել զենքերի հայթայթմանն ու օգտագործմանը։ Պահելուն էլ եմ տեղյակ եղել այն իմաստով, որ զենք-զինամթերքի այն մասը, որը չէր օգտագործվում՝ ակտավորվում եւ պահվում էր մինչեւ հաջորդ գործողությունները։ Դատարանին դա քիչ հետաքրքրեց։ Վերջին հաշվով, հոգնեցի էլ կրկնելուց, որ ես, իբրեւ ԳԽ պատգամավոր եւ «Անկախության բանակի» մարտիկ՝ զենք-զինամթերք ստացել եմ, հայթայթել, եղել է ռազմավար՝ օգտագործել եմ։ Դիպուկ հրաձիգ եմ եղել՝ հո դա էլ չեմ նկարագրելու։ Մասնակցությունս այսքանն է։ Եվ որ այդ զինամթերքը պահվել է ա՛յդ սենյակում՝ դրա հետ որեւէ առնչություն չեմ ունեցել։ Բայց «գործարքը» հենց դրանումն էր. ես հասկանում էի, որ դատարանում պիտի ասեմ՝ այո՛, ես տեղյակ եմ եղել։ Այլապես դատավարությունը կսկսեր ձգձգվել։ Քննական մարմինը պիտի փորձեր ապացուցել մեղադրանքը կամ, եթե արդարացի լիներ՝ սկսեր փնտրել։ Այսինքն՝ ինձ պետք է պահեին կալանքի տակ ու փնտրտուք սկսեին, թե 10 տարվա ընթացքում ով է ընդունել, ով հանձնել… Տարիներ կարող էին անցնել, իսկ ես այդ ընթացքում կմնայի կալանքի տակ։ Մենք հեշտացրինք պաշտպանական կողմի գործը՝ այդ իմաստով էր գործարք։ Նրանք ասացին՝ մենք չենք պնդում, չենք փնտրելու, դուք էլ մի պահանջեք արդարացում։ Ես համաձայնեցի։ Զիջում էր, երբ ասացի, որ տեղյակ եմ եղել, թե այդ զենքը կա։ – Դուք ցուցմունքում նաեւ ասացիք, որ սկզբում հույս ունեիք, թե այդ զենքին տեր կկանգնեն որոշ ներկա կամ նախկին բարձրաստիճաններ, որոնք իսկապես մասնակցել են հայտնաբերված զենքի հայթայթմանը կամ պահմանը։ Ո՞ւմ մասին է խոսքը։ – Շարքային քննիչի հետ ինձ համար դժվար էր այս հարցերի մասին խոսելը, քանի որ նա անտեղյակ էր ազատամարտին ու դրա չգրված օրենքներին։ Այդ մարդն ընդամենը Քրեական օրենսգրքով եւ ծառայողական հրահանգներով էր ղեկավարվում։ Նա տեղյակ չէր, որ այդ զենքը ստանալու եւ հանձնելու տեխնոլոգիա կար։ Եվ երբ մենք ստանում էինք կամ հայթայթում զենքը՝ պարտավոր էինք դրա մասին տեղյակ պահել ղեկավարությանը։ Իսկ ղեկավարներն ովքե՞ր էին 1990 թվականից մինչեւ հիմա։ Հայտնի է, թե այդ ո՞ւմ պիտի «Անկախության բանակի» շտաբի պետը պարտավոր լիներ զեկուցել, թե ինչ տեսակի զենքեր ունենք մենք՝ պաշտպանության գործող եւ հանգուցյալ նախարարին։ – Սակայն պաշտպանության գործող նախարարի լրատվության ծառայությունը հերքեց, թե հայտնաբերված զենքերը հաշվառված են եղել նախարարությունում։ – Նրանք այստեղ խորամանկություն արեցին։ Բայց ես չեմ ուզում մեղադրանքները վերահասցեագրել պաշտպանության նախարարությանը, քանզի չեմ ցանկանում պալատական խարդավանքներում օգնել որեւէ մեկին։ – Այսուհանդերձ, Ձեր վերոհիշյալ ցուցմունքն առավել այս համատեքստում էր, թե կան բարձրաստիճաններ, որոնք կարող էին ասել, որ այդ զենքը Ձերը չէ, այլ իրենցն է։ – Իհարկե զենքն իմը չէ։ Հանգամանքներն այսպես դասավորվեցին՝ ինձ համար աննպաստ։ Տարբերակ է նաեւ, որ սա հատուկ ծառայությունների սարքած, կազմակերպածն էր սկզբից մինչեւ վերջ, այսինքն՝ զենք-զինամթերքը բերեցին, տեղավորեցին եւ եկան, հայտնաբերեցին։ Գտնում եմ, որ հատուկ ծառայությունները չէին կարող աչքաթող անել այնպիսի մի կազմավորում, ինչպիսին «Անկախության բանակն» է, եւ պետք է այնտեղ աշխատանքներ տանեին։ – Ձեր իսկ ցուցմունքներով, թե գիտեիք, որ այդ զենքը կա եւ այլն՝ հերքվում է, թե սա ինչ-որ մեկի սարքած գործն է։ – Իմ ցուցմունքները գործարքի հետեւանք էին։ Ես այդ ցուցմունքներով մարդկանց հնարավորություն տվեցի ինձ ազատություն տալու եւ այս գործը ժամանակավորապես փակելու։ Բայց ես դառնացած եմ, որ ազատազրկվեցի իմ երկրում եւ այդքան անհեթեթ մեղադրանքներով։ Այդքան գեներալնե՜ր, մայորնե՜ր, գնդապետնե՜ր,կապիտաննե՜ր, լեյտենանտնե՜ր, շարքայիննե՜ր, այդքան զենք ու վառելիք օգտագործեցին ինձ կալանավորելու համար։ Եվ բոլոր մեղադրանքները փուչիկ դուրս եկան։ Ես դառնացած եմ, որ այդքան ռեսուրսներ են ծախսվում աղքատ այս պետությունում նման փուչիկների վրա։ Բայց մարդկանց օրը ցերեկով փողոցում գնդակահարում են, մտնում ԱԺ՝ գնդակահարում բարձրագույն իշխանությանը՝ այդ համակարգը չի գործում։ Սպանվում է Պողոս Պողոսյանը, Գագիկ Պողոսյանը… այս ամենը կանխող ուժերը զբաղված են առասպելներով։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել