Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Իսկ ծաղիկները քիչ էին

Նոյեմբեր 20,2001 00:00

Իսկ ծաղիկները քիչ էին «Բրաբիոն լուսո ծաղիկ» փառատոնի հյուրերը՝ աստղերին սպասելով կես ժամից ավելի, ստիպված էին «ըմբոշխնել» աստղային ճանապարհով անցուդարձ անող կարմիր բերետավորներին։ Սպասումն այդքան ձանձրալի չէր լինի, եթե շոումենը հանդիսատես զբաղեցնելու գոնե մի փոքրիկ տաղանդ ունենար։ Դրությունը փրկում էր համազգեստավորների նվագախմբի շքեղ ու տոնական կատարումը։ Փառատոնի սկիզբն այնքան անկազմակերպ էր, աստղերն այնքան ուշանում էին, որ շոումենի աչքին մի քանի անգամ աստղերին բերող լիմուզիններ երեւացին, որոնք, ինչպես հետո պարզվեց, ընդամենը ուղղություն էին վերցրել օդանավակայանից դեպի Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային համալիր։ Բայց եկան աստղերը, որոնց հերթականությամբ ներկայացնելն անգամ նրա ուժերից վեր էր։ Փառատոնի հյուրերի տոնական տրամադրությունը վերջնականապես փչացնելու համար ընդամենն անհրաժեշտ էր հայտարարել. «Սիրելի հանդիսատես, առանց կաշկանդվելու նստեք որտեղ կամենաք»։ Սա «թանկ նստեց» հյուսիսային տրիբունայի տոմս ունեցողների վրա, որոնց աջ տրիբունայից նախ ուղարկեցին ձախ, հետո նորից աջ տրիբունա, քանի որ «նստեք, որտեղ կամենաք»-ի մասին կարգ հսկող ոստիկաններին ոչինչ չէին ասել։ Իսկ այդ հյուսիսային կոչվող «պտտվող» տրիբունան արդեն լեփ-լեցուն էր ու վեճեր էին բռնկվել։ Բայց այս բոլոր թերություններից, անհարթություններից նշույլ անգամ չմնաց Ջիվան Գասպարյանի անզուգական դուդուկից հետո, որին «Լավագույն հայի» տիտղոսը շնորհելու կապակցությամբ ողջ դահլիճը հոտնկայս ու անվերջանալի ծափահարություններով արձագանքեց։ Վալենտին Յուդաշկինի շոուն հայ հանդիսատեսին ներկայացավ իր ողջ շուքով։ Իսկ նրա «տղաների» անզուգական պարը երկար ժամանակ չի ջնջվի ո՛չ հայ կանանց, ո՛չ էլ տղամարդկանց հիշողությունից։ Երկար ժամանակ հանդիսատեսը բաց չէր թողնում Յուդաշկինին։ Երեկոն եզրափակեց «Արձագանք» խումբը՝ «Ծաղիկներ, ծաղիկներ» երգի անկրկնելի կատարմամբ։ Հրավառությունը փառատոնի ավարտն էր։ Իսկ երթուղային տաքսիների «գործը» կպել էր։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել