Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է «ԲԵՆԶԻՆԱՅԻՆ» ՏԱՆԻՔԸ

Նոյեմբեր 22,2001 00:00

Ո՞Վ Է «ԲԵՆԶԻՆԱՅԻՆ» ՏԱՆԻՔԸ Կառավարության անդամի մակարդակով երեկ, փաստորեն, հաստատվեց, որ գոյություն ունի բենզինի մենաշնորհ։ Վարչապետ Վազգեն Սարգսյանի կառավարությունն իր առջեւ խնդիր էր դրել վերացնել տնտեսության որոշ ճյուղերում տիրող մենաշնորհը։ Արդյոք Անդրանիկ Մարգարյանը, որ հավաստել է իր հավատարմությունը Վազգեն Սարգսյանի ծրագրերին՝ հետամո՞ւտ է լինելու այս մենաշնորհի վերացմանը՝ «Առավոտի» այս հարցին ի պատասխան վարչապետն ասաց. «Ստեղծել ենք հակամենաշնորհային հանձնաժողով եւ եթե այն գտնի, որ հարկավոր է որոշակի գործողություններ կատարել այդ ոլորտում այս հարցերը լուծելու համար եւ առաջարկություններ անի՝ մենք դրանք կքննարկենք»։ Անդրանիկ Մարգարյանը նաեւ ասաց, թե նավթամթերքի ոլորտում «այնպես չէ, որ մեկ անհատ է տիրապետում ամբողջ շուկային։ Լրիվ մենաշնորհ չէ, կան բազմաթիվ ներկրողներ։ (…) Այսօր շուկան է որոշում, թելադրում, թե որքան մարդ կարող է մասնակցել այդ բիզնեսին, որքանը՝ ոչ»։ Իսկ արդյոք այդ թելադրող-որոշողը քաղաքական հզոր հովանավորությունը կամ տանի՞քը չէ. «Ես համամիտ չեմ այդ ձեւակերպմանը։ Գտնում եմ, որ չկա եւ շուկան է միայն թելադրողը»։ «Իհարկե, կա՛ «տանիք»։ Պա՞րզ չէ, որ կա,- վարչապետի տեսակետին տեղում անհամաձայնություն հայտնեց Աղասի Արշակյանը։- Նախարարն ասաց, որ այդ փողերը բյուջե չեն մտնում, մուտքերի մեջ փոփոխություն չկա։ Բա որտե՞ղ կա փոփոխություն։ Ապուշին էլ պարզ է, որ փոփոխությունը «Միկայի» եւ «Ֆլեշի» գրպանում է, էլ ո՞վ է նավթ կրում Հայաստան»։ Սակայն պրն Արշակյանը հարցին հարցով պատասխանեց, երբ միամի՜տ-միամի՜տ հետաքրքրվեցինք, թե ո՞վ է այդ ընկերությունների տանիքը. «Ո՞նց թե… Պետության տերերն ո՞վ են»։ «Սերժ Սարգսյա՛նը»,- լրացրեց զրույցին ներկա Մյասնիկ Մալխասյանը։ Երբեմն բավական ջանքեր են հարկավոր լինում հանրահայտ իրողությունների արձանագրումը ժողովրդի ընտրյալներից լսելու համար։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել