Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջերս

Նոյեմբեր 24,2001 00:00

Ճշմարտության հետքերով Վերջերս մամուլում հոդվածներ են տպագրվում, որոնք արծարծում են Մոսկվայի հայ համայնքին եւ հայկական եկեղեցուն վերաբերող հարցեր։ Հիմնականում հիմք են ընդունվում այն բողոք-նամակները, որոնք պատգամավոր Խորեն Սարգսյանն է Հայաստան բերել իր՝ Մոսկվա կատարած այցից հետո։ Այդ փաթեթը նրան էին հանձնել Մոսկվայի հայ համայնքի անդամները։ Հոդվածներում խոսվում է կարգալույծ արված Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի մասին։ Փոփոխությանը եւ կարգալուծությանը վերաբերող բազմաթիվ կարծիքներ ու տեսակետներ են արտահայտվում։ Ոմանք պնդում են, որ դա կատարվել է շահադիտական նպատակներից ելնելով, որ Գարեգին Բ կաթողիկոսը պետք է ազատվեր Տիրանից, որպեսզի տնօրիներ Մոսկվայում «Սուրբ Խաչ» հայկական եկեղեցու կառուցման համար տրամադրած 16 մլն դոլարը։ Շատերն ասում են, որ դա վաղուց ի վեր նրանց միջեւ գոյություն ունեցող հակակրանքի արդյունք է։ Մարդկանց մի խումբ էլ այն տեսակետն ունի, որ դա վաղ թե ուշ այդպես էլ պիտի լիներ, որովհետեւ Տիրանը օրինախախտ է եւ երկար ժամանակ է, ինչ հանդուրժում էին նրան։ Այո՛, կարծիքների բազմազանություն, որտեղ իրականությունը գտնել այնքան էլ հեշտ չէ։ Պարզաբանման եւ պաշտոնական տեսակետ ունենալու համար դիմեցինք Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանին։ Վերջինս ներկայացրեց հետեւյալը, որ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Ղազարոս Կյուրեղյանին 2000թ. նոյեմբերին առաջարկվել է նոր՝ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդի պաշտոնը (որից նա հրաժարվեց)։ Առաջարկի համար հիմք է հանդիսացել Թեմական հոգեւոր խորհրդի դիմումը Մայր Աթոռի Գերագույն հոգեւոր խորհրդին՝ տեղափոխել իրենց առաջնորդին։ Գերագույն հոգեւոր խորհրդի որոշմամբ նա ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից։ Նույն Թեմական խորհրդի առաջարկությամբ եւ Գերագույն հոգեւոր խորհրդի որոշմամբ, առաջնորդի պաշտոնը ստանձնեց Սանկտ Պետերբուրգի հոգեւոր հովիվ Եզրաս վարդապետ Ներսիսյանը (այժմ՝ եպիսկոպոս)՝ Վեհափառ Հայրապետի եղբայրը։ Նա որպես հոգեւոր հովիվ ծառայել է Սանկտ Պետերբուրգում՝ 12 տարի։ Այդ ժամանակամիջոցում վերանորոգել եւ վերաբացել է երկու եկեղեցի՝ Վասիլեւսկու կղզում եւ Նեւսկու պողոտայում։ Անդրադառնալով բողոքներին՝ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդը նշեց, որ Թեմական խորհրդից, Մոսկվայից եւ այլ վայրերից հիմնավորված բողոքներ մշտապես եղել են Մայր Աթոռ (վերջին 15 տարում)։ Ե՛վ Վազգեն Ա, ե՛ւ Գարեգին Ա կաթողիկոսները մտահոգություն են ունեցել եւ ցանկացել են ազատել նախկին Տիրան սրբազանին իր պաշտոնից, բայց չեն կարողացել, որովհետեւ որոշ ուժեր սատարել են նրան, որոնց նա ծառայում է հավատարմորեն։ Ի մասնավորի՝ բողոքներում նշվում է, որ իր ծառայության երկար տարիների ընթացքում Ղ. Կյուրեղյանը որեւէ մեկ եկեղեցի, մատուռ չի վերանորոգել կամ կառուցել, թեեւ կատարվել են դրամահավաքություններ, կամ մշտապես փորձել է սեպ խրել Ռուսաց պատրիարքարանի եւ Մայր Աթոռի ջերմ հարաբերությունների միջեւ: Իսկ որտեղի՞ց են ծագել խոսակցությունները միլիոնների հետ կապված։ «Սուրբ Խաչ» եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվել են 2000թ. ամռանը եւ «ավարտվել» 2000թ. նոյեմբերին։ Կատարվել են միայն հողային աշխատանքները։ Միլիոնների մասին Մայր Աթոռը տեղյակ չէ, դրանք շրջող խոսակցություններ են։ Որեւէ թեմ, երբ նախաձեռնում է նման գործ, կազմվում է նախագիծ եւ նախահաշիվ, որը ներկայացվում է Մայր Աթոռ՝ հաստատման։ Տվյալ դեպքում նման որեւէ փաստաթուղթ չկա։ Այդ միլիոններն ինքը՝ նախկին Տիրան սրբազանն է ասում, որ կան, իրենից պիտի ճշտել՝ եղե՞լ են, թե՞ ոչ։ Պաշտոնանկ սրբազանը 2001թ. ապրիլին Մոսկվայի երեք ծխական համայնքները կարողանում է գրանցել քաղաքապետարանի արդարադատության բաժանմունքում՝ անջատելով թեմական ենթակայությունից։ Ապօրինի գործարք է կատարվում եւ արհեստականորեն ստեղծվում է «Մոսկվայի հայ առաքելական եկեղեցիների միություն», որը, ըստ կանոնադրության, ենթարկվում է Մայր Աթոռին եւ Ազգային եկեղեցական ժողովին եւ ոչ նրա նախագահին (նախագահը՝ Ամենայն հայոց կաթողիկոսն է)։ Գերագույն հոգեւոր խորհրդի որոշմամբ եւ եպիսկոպոսաց դասի համաձայնությամբ, նա կարգալույծ է արվել իր՝ եկեղեցականի ուխտը դրժելու, անհնազանդության, առաքելական համայնքը պառակտելու համար։ Հայ առաքելական եկեղեցու որեւէ եպիսկոպոս չի պաշտպանել կամ արդարացրել նախկին սրբազանին, այլ դատապարտել է նրա գործողությունները։ Նախկին Տիրան սրբազանը ապօրինի գործարքով զավթել է «Սուրբ Հարություն» եկեղեցին, առաջնորդարանը։ Այս անարդարության դեմ դատական հայց է ներկայացված, որպեսզի չեղյալ համարվի որոշումը։ ՀԱՍՄԻԿ ՔԵՐՈԲՅԱՆ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի տեսակետը հիշյալ խնդրի վերաբերյալ՝ անշուշտ հարգում ենք, սակայն հակված չենք ընդունել որպես վերին ատյանի ճշմարտություն, ճիշտ այնպես, ինչպես հակառակ կողմի տեսակետները, որոնք եւս պատրաստ ենք տպագրել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել