Լրահոս
Օրվա լրահոսը

10 տարի անց

Նոյեմբեր 24,2001 00:00

Հողի ռեֆորմ 10 տարի անց 1989թ. գարնանն ընդունվեց կոոպերացիայի մասին ԽՍՀՄ օրենքը, միաժամանակ հրապարակվեց «Հողի մասին» օրենքի խորհրդային կառավարության օրենքի նախագիծը։ Այն, սակայն, Հայաստանին չէր կարող վերաբերել, ըստ մասնագետների՝ ելնելով հողային առանձնահատկություններից։ Եվ, որ ամենակարեւորն է՝ ղարաբաղյան շարժումն արդեն ծավալված էր։ Այդ ժամանակ, ԽՍՀՄ մի շարք երկրներ, այդ թվում նաեւ Հայաստանը, գրում էին իրենց տնտեսական ինքնուրույնության մոդելը։ Հայաստանում գրվում էր նաեւ «Հողի մասին» օրենքը, որը հետագայում դարձավ երկու օրենք՝ «Հողային օրենսգիրք», «Գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին օրենք»։ Այն, որ այդ օրենքները հետագայում եւ մինչ այսօր գրեթե փոփոխությունների չեն ենթարկվել՝ վկայում է երկու բան. կամ դրանք շատ կատարյալ էին, կամ կառավարություններն ու ԱԺ-ականները նման «մանր» բաների ժամանակ չունեն։ Ինչեւէ, 1990թ. աշնանը ԳԽ-ն ընդունեց «Սեփականության մասին» ՀՀ օրենքը, որի մասն էր «Հողի սեփականաշնորհման մասին» օրենքը եւ զուգահեռ, կառավարությունն ընդունեց օրենքի բնույթի հարցեր կարգավորող 40 որոշում։ Այս ամենի արդյունքում 1991թ. գարնանն արդեն հողի սեփականաշնորհման գործընթացը փաստացի ավարտված էր։ Չնայած հողի սեփականաշնորհմանն օրենքով հատկացվում էր 3 տարի։ Հողը, այսպես կոչված, սեփականաշնորհողները պարզաբանում են. «Գյուղացին ձգտում էր դրան, քանզի դիմացը գարուն էր եւ գարնանային աշխատանքները պետք է սկսվեին»։ Հետո բացատրում, որ «սեփականաշնորհման հապշտապության» տպավորության պատճառը դա է։ Մինչդեռ, նաեւ հիմնավորում են, որ եթե հողն այդ ժամանակ չսեփականաշնորհեին, հիմա արդեն սեփականաշնորհման լուրջ խնդիր կունենային, ինչպես, ասենք, Ռուսաստանը։ Իսկ ինչո՞ւ էր պետք հողի սեփականաշնորհումը։ «Հողի նկատմամբ համայնական կամ պետական մոտեցումների գերակայությունը,- հիմնավորում է Հայաստանում հողի ռեֆորմատորներից Հրանտ Բագրատյանը,- ծնում է ճորտատիրություն։ Ճորտատիրության ամենավատ տեսակը կոլտնտեսություններն են եղել։ Կոլտնտեսականների աշխօրը 20-րդ դարում նույն կոռն ու բահրան էին։ Այդ վայրենությունը կար ԽՍՀՄ-ում, մարդիկ էլ հպարտանում էին։ Ինչեւէ, երկիրն անկախանում էր ու անհրաժեշտ էր լիարժեք սեփականություն ստեղծել։ Հայաստանը փոքր հողակտորներ ունեցող երկիր էր, եւ գյուղացին կարող էր դրանք մշակել։ Նախատեսվում էր, որ վառելիքի եւ թունաքիմիկատների գները կտրուկ ընկնելու էին։ Պետք էր ընտրել հողի մասնավորեցման այնպիսի տարբերակ, որպեսզի գյուղի ողջ աշխատուժը ներգրավվի»։ Այնուամենայնիվ, հողը սեփականաշնորհվեց գյուղացու ցանկությամբ, առանց ծեծկռտուքների, առանց պարտադրումների, բայց նաեւ նոր կացութաձեւերի մասին գյուղացու գրեթե անտեղյակության պայմաններում։ Բարեփոխումների հանձնաժողովի մեկ այլ բաժնի վարիչի՝ Տեր-Հուսիկ Լազարյանի կարծիքով, այդօրինակ ընթացքը միանգամայն բնական էր. «Դա մեծ ակցիա էր։ Կարելի է ասել, որ այն քիչ պրոպագանդվեց, բայց թե՛ ժամանակի, թե՛ միջոցների առումով՝ ավելին անել անհնար էր»։ Խնդիրներ ունեցան նաեւ բարեփոխիչները։ Հայաստանը լեռնային, կտրտված ռելիեֆով տարածք է, ուստի կային լավ եւ վատ հողեր։ Բաժանել բոլորը հավասար՝ անհնար էր։ Օրենքում ամրագրվեց վիճակահանության մեխանիզմը. գյուղացին իր ձեռքով, իր բաժին հողն ընտրելով՝ հարցը լուծեց։ Բայց պարզվեց, որ խորհրդային տարիների ներկայացված հողի քարտեզը կեղծ էր։ Ստացվում էր՝ Երեւանում նստած հող բաժանելով՝ գյուղացուն խաբում էին։ Լքված գյուղերի, հող չունեցող գյուղերի, սովխոզների խնդիրներ առաջացան։ Ակցիան սկսված էր, եւ յուրաքանչյուր խնդիր այս կամ այն կերպ իր լուծումը ստացավ։ Մասնագետները դա հիմնավորում են օրենքի ճկունությամբ։ Այդ տարիներին այսպիսի մի արտահայտություն ձեւավորվեց. «Գյուղացուն հանձնեցին հողին»։ Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ հողը զուտ կենսաբանական գոյություն պահպանելու ձեւ է եւ ոչ կենսամակարդակի բարձրացման։ Գյուղացին ապահովում է իր ուտելիքը, բայց չի վճարվում իր աշխատանքի դիմաց։ Այսինքն, Հայաստանը փակ բնատնտեսական համակարգում է։ Ըստ Հրանտ Բագրատյանի, դա եւս հաջողություն է եւ եթե չլիներ հողի ռեֆորմը, Հայաստանում լատիֆունդացիաների եւ պլանտացիաների փորձը կկիրառվեր. «Կոլխոզները կկենտրոնանային մեկ մարդու ձեռքը, գյուղաբնակ 1000 մարդուց 100-ը կաշխատեին նրա պլանտացիայում, մյուսները կդառնային գործազուրկ։ Այժմ գյուղացին գոնե իր հանապազօրյա հացի խնդիրն է լուծում»։ Միաժամանակ ռեֆորմատորները պնդում են, որ հողի ռեֆորմի շնորհիվ նաեւ ղարաբաղյան պատերազմում Հայաստանը հաղթանակ տարավ, այլապես պատերազմի առաջին տարիներին սահմանամերձ գյուղերը կդատարկվեին։ Ըստ վիճակագրական տվյալների, 1991-92թթ. մինչեւ ռուսական ռուբլու արժեզրկումը, գյուղում կենսամակարդակը 40% աճել է, երբ քաղաքում կտրուկ նվազում էր։ 2000 թվին, 90-ի նկատմամբ, գյուղատնտեսական արտադրանքի համախառն ներքին արդյունքն աճել է 25%-ով։ Քաղաքում արդյունաբերությունը կրճատվել է 2,5 անգամ։ Ըստ որակական հարցումների, սեփականաշնորհումը գյուղում ապահովեց սոցիալիզացիայի հնարավորություն՝ գյուղացին աշխատելու եւ ինքն իր աշխատուժն իրացնելու հնարավորություն ունեցավ։ Այսօրվա գյուղի աղքատությունը պատճառաբանվում է քաղաքի աղքատությամբ։ Քաղաքացու գնողունակության իջեցման պատճառով գյուղացու արտադրանքը շատ էժան է վաճառվում։ Եթե մի կողմ թողնենք տնտեսական ճգնաժամի օբյեկտիվ պատճառները, միայն սուբյեկտիվ գործոններին անդրադառնալով՝ կարելի է վավերացնել, որ սեփականաշնորհման ուղին եւ ձեւը ուղղակիորեն ազդել են սեփականաշնորհմանը մասնակցած կամ չմասնակցած անձանց սոցիալ-տնտեսական եւ հոգեբանական ընթացքի վրա։ Այսինքն, ըստ վերոբերյալ որակական հարցման, գյուղացին հոգեբանորեն ավելի քիչ է ճնշված, քան քաղաքացին։ Մասնագետները դա պայմանավորում են նրանով, որ արդյունաբերության աշխատանքը կապված է համաշխարհային ռեսուրսային հարթության եւ համաշխարհային շուկայում տվյալ պետության տեղին։ Ռեֆորմատորների մի մասը «փակ բնատնտեսական համակարգի» ձեւավորումը պատճառաբանում է վերամշակող ձեռնարկությունների սեփականաշնորհման ուշացումով, որը հանգեցրեց գյուղատնտեսական շուկայի բացակայությանը։ Շուկայի առկայության պայմաններում նրանք գտնում են, որ հարկերը գյուղացու վրա այլեւս բեռ չեն լինի։ Ու համարում են, որ այդ պարագայում նաեւ հողերի խոշորացում կլինի՝ այն վաճառելու կամ վարձակալելու միջոցով։ Մինչդեռ Հրանտ Բագրատյանի կարծիքով. «Վերջին 6 տարում Հայաստանում ինտելեկտուալների մեջ չկա մեկը, որ արդյունավետ մտածողության պտուղներ ունենա գյուղի հետագա զարգացման համար։ Իրականում ողջ քաղաքական ձախ դաշտը, որն իրական իշխանությունը գրավել է, փոխարեն հասկանալու, որ արվածը պատմական անհրաժեշտություն էր եւ անցնելու հաջորդ փուլին՝ գյուղացուն 5-6 տարի է համոզում են, թե ինքը խեղճ եւ սոված է։ Վերջին տարիների իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ խնդիրը հեշտ լուծելի է։ Ո՞վ է մեղավոր, որ այսօրվա իշխանավորները չեմ ըմբռնում 91-ի այդ շրջադարձային իրողությունը եւ քննադատում են»։ Իսկ գյուղացին, ի դեպ, դժգոհ չէ հողի սեփականաշնորհումից։ Գյուղացին, ինչպես իրենք են ասում, արտադրելու խնդիր չունի։ Ինքն իր գլխի ճարը տեսել է։ Միայն սպառման հարցում կառավարության աջակցությունն ունի։ Նաեւ հույս ունի, որ հողը մի օր իրեն «օգուտ կբերի»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել