Լրահոս
Օրվա լրահոսը

Անգլիայում գործադուլ է հասունանում

Նոյեմբեր 24,2001 00:00

ԻՆՉՔԱ՞Ն ՓՈՂ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԵՐՋԱՆԻԿ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ Անգլիայում գործադուլ է հասունանում Այս հարցին միանշանակ դժվար է պատասխանել։ Տարբեր երկրներում չափանիշները տարբեր են։ Օրինակ, մեզ մոտ՝ Հայաստանում, թեեւ այդ մասին բարձրաձայն չի ասվում, որքան լսել եմ, ֆուտբոլիստին ամսական տալիս են մինչեւ 200-250 դոլար։ Ու դա նրանց ինչ-որ չափով բավարարում է։ Իսկ ահա Անգլիայում խոսքը միլիոնների մասին է։ Ու հետաքրքիրն այն է, որ այնտեղ խաղացողների ու ակումբների ղեկավարների միջեւ մի խոր հակամարտություն կա։ Առաջինները դժգոհում են, որ բոսսերն իրենց քիչ են վճարում, վերջինները մտածում են այդ գումարները նվազեցնելու ուղիներ փնտրելու շուրջ։ Մեզ համար, պարզապես, գիտակցությունից վեր է միլիոնատեր ֆուտբոլիստների եւ միլիոնատեր ակումբների վեճն այդպիսի գումարների մեկ-երկու տոկոսի ավելացման կամ պակասեցման կռիվը։ Բայց նրանք պայքարում են ու այդ պայքարը հաճախ ավելի սկզբունքային ու անզիջում է լինում, քան խաղադաշտում։ Ֆուտբոլիստների շահերն Անգլիայում պաշտպանում է «Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA), որն իր մեջ միավորում է ոչ միայն պրեմիեր լիգայի խաղացողներին, այլեւ ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր որպես մասնագիտություն ընտրել են ֆուտբոլը։ Վարպետության մակարդակն ու տարիքը նշանակություն չունեն։ «Մենք զբաղվում ենք սոցիալական բնույթի բազմաթիվ ծրագրերով։ Դրանք ուղղված են ֆուտբոլային կյանքից հետո մարզիկի կյանքին հարմարվելուն, նրա կրթություն ստանալուն, բուժմանը, հակադոպինգային եւ հակառասայական միջոցառումներին,- իրենց կազմակերպության՝ ֆինանսական պահանջների բարձրացման պատճառները բացատրում է PFA-ի գլխավոր քարտուղար Գորդոն Թեյլորը։- Բոլոր ֆուտբոլիստները չէ, որ աստղ են դառնում ու վաստակում են տասնյակ միլիոններ։ Կան այնպիսիք, ովքեր 20 տարեկանում վնասվածքի պատճառով կանգնում են ֆուտբոլային բարձունքների ստորոտին ու փաստացիորեն հայտնվում են փողոցում»։ Ահա այսպիսի ծրագրերով PFA-ն պրեմիեր լիգայից տարեկան իր հաշվի համարին ստացել է 40,5 մլն դոլար։ Բայց այս տարի այդ թիվը նվազել-հասել է 7,5 մլն-ի, որը Թեյլորը որակել է որպես իրենց հասցեին «վիրավորանք» ու կոչ արել ֆուտբոլիստներին՝ դիմելու գործադուլի։ Եվ մարզիկների 99 տոկոսը, որոնց թվում նաեւ այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ռայան Գիգզը, Պաոլո դի Կանիոն, Գրեմ Լե Սոն եւ Հարրի Նեվիլլը, հավանության են արժանացրել նախաձեռնությունը։ Պրեմիեր լիգայի անդամ ակումբների տերերն այս խնդրի շուրջ այլ համոզմունք ունեն, որն էապես տարբերվում է PFA-ի ունեցածից։ Օրերս պրեմիեր լիգայի 20 ազդեցիկ ակումբների ղեկավարներ հրավիրած խորհրդակցությունում ասոցիացիային փոխզիջումային քայլ են առաջարկել՝ հայտարարելով, որ կարող են հատկացնել առավելագույնը 25 մլն դոլար։ «Լիդսի» ղեկավար Պիտեր Ռիդսդեյլն իր դիրքորոշումը մեկնաբանել է այսպես. «Մենք առանց այդ էլ մեր շահույթների մեծ մասը ծախսում ենք ֆուտբոլիստների աշխատավարձի վրա՝ դրանք տարեցտարի բարձրացնելով։ Ավելի շատի հավակնելը նրանց կողմից առնվազն գեղեցիկ չէ»։ Իսկ ՄՅՈՒ-ի ղեկավարներից Պիտեր Քենիոնը ավելացրել է. «Հուսով եմ, որ ֆուտբոլիստները խելքի կգան ու կհասկանան, որ գործադուլը չի բխում ոչ մեր, ոչ իրենց շահերից»։ 25 միլիոնանոց առաջարկը Գորդոն Թեյլորն արդեն մերժել է ու նախապատրաստվող գործադուլի ժամկետների մասին հայտարարել. «Հենց որ պատրաստ լինենք, կանենք։ Թեկուզ առաջիկա հանգստյան օրերին»։ Ընդ որում, ֆուտբոլիստները ձեռնպահ կմնան ոչ թե իրենց պարտավորությունները կատարելուց, այլ հեռուստաընկերությունների առջեւ խաղալուց։ Այսինքն, պայմանագրերի կետեր չեն խախտի ու կհավակնեն իրենց հասանելիք աշխատավարձն անհրաժեշտ չափով ամբողջությամբ ստանալուն։ Ֆուտբոլիստները կհասնե՞ն իրենց պահանջների բավարարմանը՝ կերեւա ավելի ուշ։ Սակայն ստեղծված իրավիճակը հիշեցնում է այն դրությունը, որ առաջացել էր 1998թ. բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։ Այն ժամանակ աշխարհի ամենաբարձր վճարվող լիգայում վեցամսյա լոկաուտից հետո խաղացողների վաստակը գրեթե կրկնապատկվեց։ Երեքշաբթի օրը PFA-ի եւ պրեմիեր լիգայի ղեկավարները կրկին լեզու չգտան հեռուստահաղորդումների համար ստացվող հոնորարներից ֆուտբոլիստներին մասհանում կատարելու հարցում։ Դրանից հետո Գորդոն Թեյլորը հայտարարել է. «Մենք այլեւս այլընտրանք չունենք»։ Անգլիայի ֆուտբոլի պատմության մեջ առաջին գործադուլը կսկսվի մեկուկես շաբաթից (մոտավորապես դեկտեմբերի 1-ին)։ Ֆուտբոլիստները պատրաստվում են բոյկոտել բոլոր այն հանդիպումները, որոնց ժամանակ ստադիոններում հեռուստախցիկներ տեղադրված կլինեն։ Պատրաստեց Ա. ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել