Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի

Նոյեմբեր 27,2001 00:00

«Մեր երաժիշտներին բարձր ենք գնահատում» Հայաստանի պետական կամերային նվագախումբը հաջողությամբ հանդես գալով Նյու Յորքի «Էլիս հոլ» սրահում, նոյեմբերի 14-ին վերադարձավ Երեւան։ «Էլիս հոլը» կամերային երաժշտության համար նախատեսված սրահ է, որը «Մետրոպոլիտեն» օպերայի եւ «Կարնեգի հոլի» հետ միասին կազմում է Նյու Յորքի դասական երաժշտության «Լինքոլն ցենտր» կենտրոնը։ Կամերային նվագախմբի տնօրեն Արմեն Արաբյանը պատմեց համերգի մասին. «1200 տեղանոց հսկա դահլիճը՝ գեղեցիկ հնչողությամբ, լեփ-լեցուն էր հանդիսատեսով, 6 համար բիս նվագեցինք։ Ցավոք, ընդամենը մեկ համերգ էր նախատեսված։ Վստահ եմ՝ եթե երկու համերգ լիներ, կրկին նույն հաջողությունը կունենայինք»։ Հաջողությունը, Ըստ Արաբյանի՝ արժեւորվում է առավելապես նրանով, որ հանդիսատեսը բազմազգ էր՝ ճապոնացի, չինացի, ամերիկացի։ Այս համերգը առիթ դարձավ, որ նոր հրավեր ստանան. «Ապրիլին հրավիրվել ենք Սան Ֆրանցիսկո եւ Ֆրեզնո՝ նշվելու է Վ. Սարոյանի հոբելյանը։ Ընդհանրապես, այս տարի շատ հաջող էր այն առումով, որ 7 երկրներում եղանք հյուրախաղերի եւ 7-ից էլ նոր հրավերներ ստացանք»։ Լավ, արտասահմանյան ունկնդիրները վայելեցին մեր Կամերայինի արվեստի հաճույքը, իսկ մե՞նք։ Երեւանյան հանդիսատեսի համար ի՞նչ է նախատեսում նվագախումբը։ «Մինչեւ տարեվերջ նախատեսել ենք ունենալ մի ծրագրային համերգ՝ 4 ստեղծագործություն, որից 3-ը՝ պրեմիերա։ Ամենայն հավանականությամբ համերգը կկայանա դեկտեմբերի 15-ին ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում, քանի որ մեր դահլիճը չի ջեռուցվում»։ Ձմռանը բոլոր մշակութային օջախները կանգնում են ջեռուցման ծանր խնդրի առջեւ, եւ եթե նրանցից շատերի համար այդ խնդիրը դժվար լուծելի է ֆինանսական սղության արդյունքում, ապա Կամերային երաժշտության տունը չի ջեռուցվում շատ օրիգինալ պատճառով. «Այդ դահլիճը տաքացնել ուղղակի հնարավոր չէ։ Անցյալ տարի տարբեր միջոցներով փորձեցինք դահլիճը տաքացնել, նույնիսկ մի քանի համերգ արեցինք, բայց ստիպված ենք խոստովանել, որ ուղղակի անհնար է ջեռուցել դահլիճն իր այսօրվա վիճակով։ Միակ հույսն այն է, որ Լինսի հիմնադրամի միջոցներով նախատեսված է մեր համերգասրահը վերանորոգել, եւ այդ դեպքում հարցը կլուծվի»։ Պրն Արաբյանից հետաքրքրվեցինք՝ կա՞ արդյոք համերգների կանխորոշված հաճախականություն (ինչպես, օրինակ, ՀՖՆ-ում է՝ ամեն շաբաթ՝ մի համերգ)։ «Մեր համերգներն այդ հաճախականությամբ չեն լինում, որովհետեւ մեզ համար ամենակարեւորը որակական հատկանիշն է։ Մինչ մենք մեր պատկերացմամբ բացարձակ որակի չենք հասնում, ունկնդրին ծրագիրը չենք ներկայացնում։ Միջին հաշվով համերգները կայանում են 2-3 շաբաթը մեկ անգամ պարբերությամբ»,- տեղեկացրեց նվագախմբի տնօրենը։ Նույն՝ որակական բարձր մակարդակով էր պրն Արաբյանը պայմանավորում նվագախմբի ստացած հրավերների «միջազգային չափանիշները». «Մեր երաժիշտներին մենք բարձր ենք գնահատում եւ, մեր պահանջներն այնպիսին են, ինչպես Արեւմուտքում։ Մինչեւ չապահովվի 4 աստղանի հյուրանոց, օրը 3 անգամ սնունդ եւ մինիմում 50 դոլար օրածախս, մենք հրավերը չենք ընդունում։ Նախկինում միտում կար՝ եթե Հայաստանից էին խումբ հրավիրում, կարող էին շատ վատ պայմաններ առաջարկել, ձրի ելույթներ, եւ դեռ մեծ լավություն էր համարվում»։ Կարծես թե Կամերային նվագախումբն այնքան էլ ակտիվորեն չի համագործակցում այլ դիրիժորների հետ։ Մեր այս նկատառմանն ի պատասխան, պրն Արաբյանը ասաց. «Մենք ուրիշ դիրիժորների հետ համագործակցությանը սկզբունքորեն կողմ ենք։ Այս նվագախմբի վերամիավորվելուց հետո (հիշեցնենք, որ 97թ. ապրիլին Հայաստանի պետական եւ Երեւանի կամերային նվագախմբերը միաձուլվեցին) անցել է 4,5 տարի, եւ այսօր արդեն կարող ենք ասել, որ հասել ենք մի մակարդակի, երբ հանգիստ կարող ենք հրավիրել ուրիշ դիրիժորների, որոնք առանց բարդությունների կարող են ղեկավարել մեր նվագախումբը։ Իսկ քանի դեռ նվագախումբը խմոր վիճակում էր եւ գեղարվեստական մասով ոչ ավարտուն, սխալ կլիներ այլ դիրիժոր հրավիրելը՝ ձեռագիրը կշեղվեր։ Այժմ պատրաստ ենք համագործակցության, ծրագրեր ունենք»։ Սերնդափոխության հարցն էլ այստեղ ցավագին լուծումներ չի ստանում ըստ Ա. Արաբյանի. «Ե՛վ կամերային նվագախմբում, ե՛ւ երգչախմբում տարին մեկ անգամ անցկացվում է բաց մրցույթ՝ բոլոր տեղերի համար։ Իսկ նվագախմբի գործող անդամների համար անցկացվում է ներքին ունկնդրում։ Եթե դրսի երաժիշտը բացահայտ առավելություն ունի համապատասխան տեղի համար, պայմանական ժամկետով աշխատանքի ենք ընդունում։ Այո՛, եղել են դեպքեր, երբ կոնկրետ տեղի համար դրսից մարդ ենք ընդունել։ Իսկ ընդհանրապես, հոսքը մեծ չի՝ տարեկան 1-3 մարդ, քանի որ մեր նվագախումբը շատ երիտասարդ կազմ ունի, նույնիսկ ուսանողներ ունենք»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930