Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ

Նոյեմբեր 28,2001 00:00

ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԽՈՒՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ Մոտ մեկ ամիս առաջ ԿԳ նախարար նշանակված Լեւոն Մկրտչյանը, մամուլի առաջին ասուլիսը հրավիրելու համար չէր սպասել, որ պաշտոնավարման 100 օրը լրանա։ Համակարգի պրոբլեմների առթիվ պարզաբանումներ ստանալու լրագրողների ամենօրյա խնդրանքներին արձագանքելով՝ Լ. Մկրտչյանը երեկ հանդիպեց ԶԼՄ-ների հետ։ Համակարգի զարգացման հիմնական հայեցակարգային դրույթները ներկայացնելուց բացի, ԿԳ նախարարը նաեւ վերջին շրջանի աղմկահարույց իրադարձություններին անդրադարձավ։ Լեւոն Մկրտչյանի պաշտոնավարումը սկսվեց քոլեջի ուսանողների ու ասպիրանտների բողոքի ցույցերով։ Այս առթիվ կրքերը, կարծես թե, հաջողվեց հանդարտեցնել, սակայն ապագայում եւս կրքերի պակաս չի զգացվի՝ բոլոր նախարարություններում, այդ թվում՝ ԿԳՆ-ում, անցկացվելիք կառուցվածքային բարեփոխումների եւ կրճատումների (չորս փոխնախարարից մնալու են երկուսը, 117 աշխատողից՝ 100-ը), բյուջեի քննարկման, ԿԳՆ-ի պարտավորությունների կատարման ժամանակացույցի եւ շատ այլ խնդիրների հետ կապված։ «Կրթության զարգացման պետական ծրագիրը», որ ԱԺ-ում ընդունվելուց հետո արդեն օրենքի ուժ ունի, նախատեսում է նաեւ ծրագրով նախատեսվող միջոցառումների կատարման որոշակի ժամանակացույց։ Ժամանակացույցը հաստատել ու օրենքի ուժ են տվել, սակայն նախատեսվող միջոցառումներն անհնար է նշված ժամկետներում իրականացնել, քանի որ շատ քիչ բան է արվել այդ ուղղությամբ։ Ասենք՝ միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության մասին օրենքների նախագծերը նախատեսվում է դեկտեմբերին ներկայացնել ՀՀ կառավարություն, սակայն ԿԳՆ-ն, ըստ նախարարի, «պատրաստ չէ այդ կարեւորության օրենքները հիմա ներկայացնել»։ Հավանաբար նախորդ ԿԳ նախարարը, ժամանակացույցը գրելիս, վստահ էր, որ դրա իրականացման պատասխանատվությունը ինքը չի կրելու։ Սակայն որքան էլ որ նոր նախարարը ջանում էր կոռեկտ ու զգույշ խոսել իր նախորդից ժառանգած պրոբլեմների մասին, լրագրողներն ավելի ազատ էին իրենց գնահատականներում։ Ի պատասխան «Առավոտի» հարցի՝ ինչո՞վ է պայմանավորված գալիք տարվա բյուջեում գիտության թեմատիկ ֆինանսավորումը կրճատելու անհեռատես մոտեցումը, Լ. Մկրտչյանն ասաց, որ հարցադրումը եղել է նաեւ նախորդ օրը ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ։ Գիտության համակարգը, ըստ օրենքի պահանջի, պետք է ֆինանսավորվի երեք ուղղությամբ՝ թեմատիկ, բազային եւ նպատակային։ Վերջինը բյուջեից ընդհանրապես հանվել է, թեմատիկը կրճատվել, իսկ բազայինը (որի մեջ նաեւ ակադեմիկոսների 100 հազար եւ թղթակից անդամների 75 հազար դրամ աշխատավարձի հավելավճարը) ավելացվել է։ Սակայն Լեւոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ իր առաջարկով հավանաբար հարցը կշտկվի եւ նպատակային ֆինանսավորման տողը բյուջեում կվերականգնվի՝ հույսով, որ ակադեմիկոսները եւս ըմբռնումով կմոտենան խնդրին. «Թող այս տարի չլինեն այդ հավելավճարները, դրա հաշվին փորձենք նպատակային որոշ ծրագրեր ֆինանսավորել»։ Թեմատիկ ֆինանսավորումը համարելով «աշխարհում գիտության զարգացման անկյունաքարերից մեկը»՝ ԿԳ նախարարը նաեւ գտնում է, որ միաժամանակ գիտական թեմաների ընտրության սկզբունքները պետք է հստակեցվեն, որպեսզի «մեռյալ թեմաներից մի քիչ ազատվենք»։ Ըստ նախարարի՝ «հպանցիկ դիտարկումը ցույց է տալիս, որ ունենք բազմաթիվ թեմաներ, որոնց ղեկավարները կամ Ռուսաստանում են, կամ, ցավոք, այս կյանքում չեն արդեն, բայց թեման շարունակվում է ֆինանսավորվել»։ «Պրոմթեւսի» թղթակիցը հիշեցրեց մասնավոր բուհերի հավատարմագրման ու լիցենզավորման հետ կապված վիճակը (ծառայության պետի դեմ, որն այժմ հետախուզման մեջ է, քրեական գործ է հարուցվել, ինչը կասկածի է ենթարկում այդ գործընթացի արդարացի լինելը) եւ նկատելով, որ նոր նախարարը «բավականին տխուր ժառանգություն է ստացել», հետաքրքրվեց՝ ի՞նչ պետք է անի Լ. Մկրտչյանը այս հարցով։ Վերջինիս գնահատականով՝ «Ղեկավարը, անգամ եթե բացթողումներ է կատարում, այդ թվում՝ քրեական բնույթի, գոնե պետք է տղամարդու նման գա ու պատասխանատվություն կրի դրա համար։ Փախուստի կամ հետախուզման մեջ գտնվելը վարկաբեկում է կոլեկտիվին, իսկ այդ ծառայությունում, իրոք, լուրջ աշխատանք է կատարվել, իսկ այդ փաստը ստվերեց այդ աշխատանքը»։ Երբ դատախազությունն ավարտի քննությունը, նոր դրա հիման վրա գուցե վերանայվի որոշ բուհերի հավատարմագրումը։ Իսկ ընդհանրապես այս համակարգում լուրջ անելիքներ կան։ Այն, ըստ նախարարի, «կրթության աքիլլեսյան գարշապարն է» եւ լուծումները բուհերի հետ համատեղ քննարկումների միջոցով պիտի գտնեն։ Միաժամանակ 2002 թվից պիտի սկսվի նաեւ պետական բուհերի հավատարմագրումը, ինչը օրենքի պահանջն է։ «Այբ-ֆե»-ի թղթակիցը հիշեցրեց, որ ԿԳ նոր նախարարը «մի պրոբլեմ եւս ժառանգել է»՝ նկատի ունենալով ասպիրանտներին բանակ զորակոչելու խնդիրը եւ ցանկացավ տեղեկանալ՝ ինչ-որ պաշտոնյա պատժվելո՞ւ է ասպիրանտուրաներում հավելյալ անօրինական տեղեր ավելացնելու համար։ Լեւոն Մկրտչյանը, ընդունելով, որ անօրինականություն է թույլ տրվել, խուսափեց մեղավորին անվանապես մատնանշելուց՝ արդարանալով, որ 20 օր ժամանակ է տվել իր ենթականերին՝ հարցն ուսումնասիրելու համար։ Հայտնի է, որ ԿԳ նախկին նախարարի՝ Էդուարդ Ղազարյանի գրության հիման վրա են ասպիրանտուրաները ընդունելություն կատարել, սակայն Լ. Մկրտչյանի խոսքից այդպես էլ հստակ չհասկացվեց, թե ինչպե՞ս պետք է Է. Ղազարյանը պատասխանատվություն կրի այդ անօրինականության համար։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել