Լրահոս
Օրվա լրահոսը

«Գալակտիկա»

Նոյեմբեր 28,2001 00:00

«Կոսմիկական կենտրոն» փակ գոտում «Գալակտիկա» ՓԲ ընկերության իրավիճակի մասին «Առավոտը» մի քանի անդրադարձներ է ունեցել, անդրադառնալով դատական այն գործընթացներին, որի մեջ «Գալակտիկան» ներգրավվել է, ըստ էության, 2000թ. մայիսի 26-ից։ Տեղեկացնենք, որ կա արդեն 17 վճիռ, ըստ որի՝ 17 աշխատակից (նախկին) զրկվել են իրենց ծառայողական բնակարաններից։ Այդ 17-ից 1-ի գործը հասել է ՀՀ տնտեսական եւ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան (Հովհաննիսյան Ռոբերտ), եւ արդյունքում անփոփոխ է մնացել առաջին ատյանի դատարանի վճիռը։ Մեկի գործը՝ Կառլոս Գրիգորյանի, վճռաբեկ դատարանը նույնպես թողել է անփոփոխ։ Մենք երեկ եղանք Գառնիում՝ «փակ գոտում», հանդիպեցինք «Գալակտիկա» ՓԲԸ գործադիր տնօրեն, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանին, խորհրդի անդամներ Ռաֆիկ Վեքիլյանին, Էվելինա Թունյանին եւ այլոց (մանրամասները կներկայացնեմ «Առավոտի» շաբաթօրյա համարում)։ Տեղեկացանք, որ «Գալակտիկա» ՓԲԸ-ի ընդհանուր ժողովը հրավիրվելու է (ըստ կանոնադրության) հունվարի 21-ին։ Ըստ հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ կայացած խորհրդակցության (16.07.01թ.)՝ հանձնարարվել էր ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը 1-ամսյա ժամկետում սահմանված կարգով իրականացնել «Գալակտիկա» ՓԲԸ-ի վերջին 3 տարիների գործունեության ֆինանսատնտեսական աուդիտ եւ արդյունքներն էլ ներկայացնել ՀՀ կառավարություն։ Մեր տրամադրության տակ գտնվող ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության ակտի համաձայն (հուլիսի 30-ից մինչեւ օգոստոսի 22)՝ «Գալակտիկա» ՓԲԸ-ում 01.01.98թ. ընդհանուր աշխատողների ցուցակային թիվը կազմել է 262 մարդ, 1998թ. ընթացքում աշխատանքից ազատվել է 144 եւ ընդունվել 13 աշխատակից։ 1999թ. ընդունվել է աշխատանքի 31 մարդ, ազատվել 24-ը։ 2000թ. ընդունվել է աշխատանքի 7 մարդ, ազատվել՝ 37-ը։ Հունվարի 1-ի դրությամբ (2001թ) ընկերության աշխատողների թիվը կազմում էր 109 մարդ։ Ծառայողական բնակարանների թիվը 116-ն է, դրանց վտարման շուրջ ստեղծված աղմուկը բազմապիսի բողոքների տեղիք էր տվել. բնակարանների հարցից մինչեւ տեխնիկատնտեսական մասի «թալանում», «հափշտակում»։ Ըստ ակտի (վիճահարույց կաթսայատան հետ կապված)՝ ընկերության խորհրդի նիստը (թիվ 1), բաժնետերերի ընդհանուր ժողովը կայացրել էր որոշում, որի համաձայն ստեղծվել էր հանձնաժողով՝ կաթսայատունը ապամոնտաժելու նպատակով։ «16.02.2001թ. ապամոնտաժման հանձնաժողովի կողմից կատարվել է կաթսայատան տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, իսկ հանձնաժողովի կողմից էլ կազմված եզրակացության հիման վրա որոշվել է ապամոնտաժել կաթսայատունը եւ իրացնել»։ «Գալակտիկա» ՓԲԸ հիմնական միջոցները 01.01.98թ. դրությամբ հաշվեկշռի տվյալներում ցույց է տրված 25466,9 հազար դրամ։ Ի դեպ, հիմնական միջոցների կազմում հաշվառված են 10 հատ երկհարկանի, 2 հատ հինգհարկանի բնակելի շենքեր՝ բաղկացած 120 բնակարանից, որից 3 բնակարանը նկուղային հարկ է… Բնակարաններից 5-ն օգտագործվում է որպես հյուրանոց, իսկ մնացածը բնակեցված է ընկերության աշխատակիցների կողմից, ինչպես նաեւ ընկերության նախկին աշխատակիցների, «փախստականների» (թեեւ մեկին տեսա միայն) եւ այլ քաղաքացիների կողմից։ Սակայն այդպե՞ս է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել