Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 40-րդ անգամ որոշվեց մոլորակի ամենաուժեղ ֆուտբոլային թիմը։ Ավանդո

Նոյեմբեր 28,2001 00:00

ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ԳԱՎԱԹԸ՝ «ԲԱՎԱՐԻԱՅԻՆ» Երեկ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 40-րդ անգամ որոշվեց մոլորակի ամենաուժեղ ֆուտբոլային թիմը։ Ավանդույթի համաձայն, այդ կոչմանը հավակնում են Հարավային Ամերիկայի թիվ մեկ ակումբը՝ Լիբերտադորեսի գավաթի տիրակալն ու Եվրոպայի լավագույն թիմը՝ Չեմպիոնների լիգայի հաղթողը։ Այս անգամ Միջմայրցամաքային գավաթին, որը 1980 թվականից սկսած գլխավոր հովանավորի անունով կոչվում է նաեւ «Տոյոտա Քափ», տիրելու համար պայքարեցին Մյունխենի (Գերմանիա) «Բավարիան» եւ Արգենտինայի «Բոկա Խունիորսը»։ 55 հազար հանդիսականի ներկայությամբ խաղադաշտում անչափ լարված ու անզիջում պայքար ծավալվեց։ Բավական է ասել, որ դանիացի մրցավար Կիմ Միլտոն Նիլսենը, ընդհանուր առմամբ, հարկադրված եղավ երկու թիմերի ֆուտբոլիստներին 9 անգամ դեղին քարտ ցույց տալ (3-ը՝ գերմանացիներին, 6-ը՝ արգենտինացիներին), իսկ «Բոկա Խունիորսի» խաղացող Դելգադոն, հանդիպման 45-րդ րոպեին ստանալով երկրորդ զգուշացումը, հեռացվեց։ Չնայած խաղի մեծ մասը, փաստորեն, անցավ մյունխենցիների թվական առավելությամբ, այդուհանդերձ, հիմնական ժամանակում կողմերից ոչ մեկին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը։ Համաձայն մրցակարգի, նշանակվեց լրացուցիչ ժամանակ։ Եվ միայն հանդիպման 107-րդ րոպեին «Բավարիան» հաջողության հասավ։ Գոլի հեղինակ դարձավ Կուֆուրը։ Հենց դա էլ եղավ հանդիպման միակ դարպասի գրավումը եւ Միջմայրցամաքային գավաթը «Բոկա Խունիորսը» ստիպված եղավ հանձնել «Բավարիային»։ Այսպիսով, արդեն անցկացված Միջմայրցամաքային գավաթի 40 խաղարկություններում հարավամերիկացիները եւս մեկով կորցրին իրենց առավելությունը։ Նրանք ընդհանուր առմամբ տարել են 21 հաղթանակ եւ պարտվել 19 անգամ։ Ֆուտբոլային աշխարհի այս ամենահեղինակավոր մրցանակը նվաճած ակումբները ներկայացրել են 11 երկիր. Արգենտինա՝ 8 անգամ, Իտալիա՝ 7, Բրազիլիա եւ Ուրուգվայ՝ 6-ական, Հոլանդիա, Իսպանիա եւ Գերմանիա՝ 3-ական, Անգլիա, Պարագվայ, Պորտուգալիա եւ Հարավսլավիա՝ 1-ական։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել