Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական կոնյունկտուրշիկը ինքն է։ Նա 98թ., մինչեւ ՀՀԿ շարքեր անցնելը վատաբանում էր նույն ՀՀԿ-ն, նո

Նոյեմբեր 29,2001 00:00

«Կոնյունկտուրշիկը դու ես» «Քաղաքական կոնյունկտուրշիկը ինքն է։ Նա 98թ., մինչեւ ՀՀԿ շարքեր անցնելը վատաբանում էր նույն ՀՀԿ-ն, նույն Անդրանիկ Մարգարյանին եւ այդ կուսակցության քաղաքական գիծը։ Վատաբանում էր հերիք չի, պաշտպանում էր Դաշնակցությանը»,- Վազգեն Խաչիկյանին այսպես պատասխանեց ՀՀԿ երիտասարդական միության նախկին անդամ Էդգար Հակոբյանը։ Հիշեցնենք, որ վերջերս Վ. Խաչիկյանը քաղաքական «կոնյունկտուրշիկ» էր անվանել նույն Էդգար Հակոբյանին, որը ապրիլի 6-ին իր դիմումի համաձայն դուրս էր եկել ՀՀԿ շարքերից, պատճառաբանությամբ, թե Վ. Խաչիկյանը շարունակ իրենց քոչարյանամետ գաղափարախոսություններով էր սնում եւ ոչ միայն։ «Եթե ես քաղաքական կոնյունկտուրշիկ լինեի, 97-ին ՀՀԿ չէի մտնի, որի գոյության մասին միայն հանրապետականները գիտեին։ Կմտնեի ցանկացած կուսակցություն, անգամ ՀՅԴ, բայց ոչ ՀՀԿ, եթե գաղափարական նկատառումներ չլինեին։ Վ. Խաչիկյանի հետ մեր գաղափարական հակասությունները սկսվեցին այն բանից հետո, երբ նա նշանակվեց ՀՀԿ երիտասարդական միության պատասխանատու։ Իհարկե չգիտեմ, թե Անդրանիկ Մարգարյանը ինչ շարժառիթներից ելնելով է նրան նշանակել, բայց այդ պատասխանատուն պիտի ավելի գաղափարական մարդ լինի, իսկ Վ. Խաչիկյանի գաղափարական լինելու մասին ես խոր կասկածներ ունեմ»,- ասաց Է. Հակոբյանը։ Նրա խոսքերով, բացի նրանից, որ իրենց նիստերի ժամանակ Վ. Խաչիկյանը քամահրանքով էր խոսում ցեղակրոնության մասին, նաեւ, հատկապես հոկտեմբերի 27-ից հետո, ամեն գնով գովաբանում էր Քոչարյանի վարած քաղաքականությունը. «Նշում էր, որ առանց Քոչարյանի՝ երկիրը կգլորվի անդունդը, երկիրը խառնաշփոթի վայր կդառնա, կարծես Հայաստանում բացի Քոչարյանից ուրիշ քաղաքական գործիչ չկա։ Խոսքը չի վերաբերում նրան, թե Քոչարյանը լավը կամ վատն է, խոսքը Քոչարյանին գերագնահատելու մասին է, որին մենք համաձայն չէինք»։ Է. Հակոբյանը նաեւ նշեց, որ երբ հարցեր էին լինում՝ կապված ներքին եւ արտաքին քաղաքականության հետ, Վ. Խաչիկյանը դրանք շրջանցում էր եւ սկսում էր պատմել Եվրոպա կատարած իր այցելությունների, Քոչարյանի մասին։ Չնայած Վ. Խաչիկյանը հերքել էր իր քոչարյանամետ քարոզչությունը ՀՀԿ երիտասարդական թեւի նիստերում տանելու վերաբերյալ փաստարկները, Է. Հակոբյանը հակադարձեց՝ ասելով. «Պնդել եմ, էլի եմ պնդելու, նա շարունակ գովաբանում էր Քոչարյանին։ Կարծում եմ, Քոչարյանին նման պաշտպանող պետք չէ։ Ավելի լավ է նրան ոչ ոք չպաշտպանի, քան պաշտպանի Խաչիկյանը։ Մենք ՀՀԿ-ից դուրս ենք եկել Վ. Խաչիկյանի հետ ունեցած գաղափարական հակասությունների եւ նրա քոչարյանամետության պատճառով»։ «Իսկ ինչո՞ւ նման հարց չեք բարձրացրել ՀՀԿ ղեկավարության առաջ» հարցին Է. Հակոբյանը պատասխանեց. «Չգիտես ինչու, Խաչիկյանը Ա. Մարգարյանի վստահությունը շահել էր եւ նրա մոտ մենք այդ հարցը չէինք կարող բարձրացնել, միակ ճանապարհը մնում էր ՀՀԿ-ից դուրս գալը»։ Վ. Խաչիկյանի հետ հակասությունը, ըստ նախկին հանրապետականի, ձեւավորվել է այն ժամանակ, երբ Ռ. Քոչարյանը պաշտոնանկ արեց Արամ Սարգսյանին եւ Վաղարշակ Հարությունյանին։ «Երբ մենք Խաչիկյանից փորձեցինք ճշտել, թե ինչու նախագահը նրանց պաշտոնանկ արեց, նա շրջանցեց, ասելով՝ դրանք քաղաքական հարցեր են եւ ինքը դրանց հետ առնչություն չունի։ Ավելին, նա ասաց, թե Քոչարյանը ճիշտ է, եւ ես իր վարած քաղաքականությունը պաշտպանում եմ»։ Խաչիկյանը նաեւ Է. Հակոբյանի մասին խոսելիս նշել էր, որ վերջինս նախկինում եղել է ՀՀՇ-ական, եւ, ՀՀԿ անդամ լինելով, գաղտնի համագործակցել է ԱՀՃ-ի հետ։ Է. Հակոբյանը Խաչիկյանին խորհուրդ տվեց իր անցյալն ու ներկան չշփոթել իրենի հետ. «Իմ իմանալով՝ Խաչիկյանը եղել է ՀՅԴ անդամ եւ շարունակում է լինել, այլապես ինչպես հասկանալ, երբ 98թ. Դաշնակցության ջատագովը հանկարծ 99թ. դառնում է ՀՀԿ-ական, որտեղ գաղափարական առնչություններ չկան»։ Իսկ ինչ վերաբերում է ԱՀՃ-ի հետ գաղտնի համագործակցությանը, ապա Է. Հակոբյանը չժխտեց, որ ինքը, իրոք, շփվում եւ ճանաչում է ԱՀՃ ղեկավարությանը եւ դրանից ինքը երբեք չի խորշում. «Ինձ համար ամոթանք չէ, որ ես ճանաչում եմ նրանց»։ Իսկ ՀՀՇ-ական լինել-չլինելու վերաբերյալ ասաց, որ ինքը ՀՀՇ-ից ոչ մեկի հետ ծանոթ չէ, եւ Վ. Խաչիկյանի մոտ նման կարծիքը, թերեւս, հիվանդագին երեւակայության եւ նեղմտության արդյունք է։ «Ես պարզապես Վ. Սիրադեղյանին պատգամավորական մանդատից զրկելը համարել եմ քաղաքական ճնշում եւ դրա մասին բարձրաձայն ասել եմ։ Նա երեւի դրանից ելնելով է որոշել, թե ես ՀՀՇ-ական եմ»։ Է. Հակոբյանի խոսքերով, ՀՀԿ երիտասարդական թեւում թվով 30 անդամ է եղել, որոնցից մեկն էլ Խաչիկյանն էր, սակայն այնտեղ այսօր բացի Խաչիկյանից ոչ ոք չկա։ Մնացել է միայն Խաչիկյանը՝ հպարտության մեջ։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ընդամենը 5-6 հոգի են դիմում գրել, դուրս եկել ՀՀԿ-ից, ինչպես եւ Է. Հակոբյանը, ապա վերջինս վստահեցրեց, որ «մինչեւ այս շաբաթվա վերջը մնացած 24 դիմումներն էլ իր ձեռքում կլինեն։ Պարզապես նրանք դուրս գալիս դիմում չէին ներկայացրել, իսկ փաստացի նրանք վաղուց արդեն ՀՀԿ-ում չեն»։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել