Լրահոս
Օրվա լրահոսը

Մնում է շարունակել նույն ոգով

Նոյեմբեր 29,2001 00:00

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՋՈՂ ՍԿՍԵՑԻՆ Մնում է շարունակել նույն ոգով Մոսկվայում ընթացող ՖԻԴԵ-ի վարկածով շախմատի աշխարհի տղամարդկանց եւ կանանց առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հաջող մեկնարկ վերցրին։ Տղամարդկանց մրցաշարում Ռաֆայել Վահանյանն իրեն հատուկ գեղեցիկ ոճով 53-րդ քայլում պարտության մատնեց ֆրանսիացի Սլիմ Բելկոժային։ Սմբատ Լպուտյանը մի փոքր ավելի արագ իր առավելությունը ցույց տվեց լեհ Միխալ Կրասենկովին։ Վերջինս Սմբատին անձնատուր եղավ 49-րդ քայլում։ Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսեյ Ֆյոդորովը ոչինչ ի վիճակի չեղավ հակադրել Աշոտ Անաստասյանին եւ 48-րդ քայլում կանգնեցրեց ժամացույցը։ Մեր տղաներից միայն Կարեն Ասրյանը միավորը բաժանեց Իգոր Խենկինի (Գերմանիա) հետ։ Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող ուժեղ շախմատիստ Վադիմ Մալախատկոն եւ Չեխիայի ներկայիս ուժեղագույն գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը գերադասեցին իրենց առաջին մրցամարտն ավարտել խաղաղությամբ։ Գրանցվեց ոչ-ոքի արդյունք։ Եթե տղաների հաջող մրցելույթներին արդեն մի տեսակ սովորել ենք, մի փոքր ավելի հուզմունքով ենք հետեւում ուժեղների պայքարում հայ աղջիկների խաղին։ Եվ ի պատիվ նրանց պետք է ասել, որ մեր շախմատիստուհիները գերազանց դրսեւորվեցին մեկնարկային տուրում։ Էլինա Դանիելյանը, որ ներկայումս լավ մարզավիճակում է, սառնասրտորեն հաղթեց ռուսաստանցի Տատյանա Շումյակինային ու դրա համար պահանջվեց կատարել 52 քայլ, իսկ Լիլիթ Մկրտչյանը համառ պայքարում կոտրեց լեհուհի Մոնիկա Սոցկոյի դիմադրությունը՝ 76-րդ քայլում։ Երեկ մրցակիցները հանդիպեցին երկրորդ անգամ։ Հաջորդ փուլ անցնելու համար հաղթանակ տարած մեր շախմատիստ-շախմատիստուհիներին բավարարում էր նույնիսկ ոչ-ոքին։ Իսկ ահա Կարեն Ասրյանն ու Սերգեյ Մովսիսյանը, լրացուցիչ մրցամարտերից խուսափելու համար (կրկին ոչ-ոքի գրանցվելու դեպքում) պետք է ձգտեին անպայման մեկ միավոր վաստակել։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել