Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրան զամին» (Պարսից աշխարհ) թատերական 3-րդ միջազգային փառատոնի հաղթող ճանաչվեց Համազգային թատրոնը։

Նոյեմբեր 29,2001 00:00

Հայերն Իրանում «Իրան զամին» (Պարսից աշխարհ) թատերական 3-րդ միջազգային փառատոնի հաղթող ճանաչվեց Համազգային թատրոնը։ Իրանի հարավային Խուզիստան նահանգի քաղաքներից Շուշում, որը իլամական քաղաքակրթության հինավուրց կենտրոն է, նոյեմբերի 8-14-ն ընթացող այս փառատոնին մասնակցել էին Իրանի բոլոր նահանգների թատերական խմբերը, եւ միջազգային բաժնում ներկայացել էին Հայաստանը, Տաջիկստանը, Իրաքի Քուրդիստանը եւ Ադրբեջանը։ Սլովակիայի եւ Ռուսաստանի թատերական հրավիրված խմբերը չէին մասնակցել։ Փառատոնի շրջանակներում տպագրված ամենօրյա տեղեկատու թերթում առանձին հոդված է նվիրված «Գուցե փրկվե՞նք» հայկական ներկայացմանը, որի հեղինակն է Սամվել Կոսոյանը։ Բեմադրիչն է Դավիթ Հակոբյանը։ Դերերում հանդես են եկել Դավիթ Հակոբյանը, Վարդան Մկրտչյանը, Գագիկ Մադոյանը, Կարեն Խաչատրյանը եւ Նարե Հայկազյանը։ Գլխավոր մրցանակից բացի, խումբը ստացել է նաեւ դրամական պարգեւ։ Հոդվածում բարձր է գնահատվել հայկական խմբի ելույթը, ռեժիսուրան, դերակատարումները, պիեսի բովանդակությունն ու խաղարկության ոճը։ Ի դեպ, Նարե Հայկազյանը հրավիրվել է Իրաքում խաղալու «Անտիգոնե» եւ «Էլեկտրա» համանուն ներկայացումներում։ Խումբը 7 անգամ բեմ է բարձրացել, նաեւ ելույթներ ունեցել Ահվազ եւ Դեզֆուլ քաղաքներում։ Ահվազի հայ սակավաթիվ համայնքի համար մեկ գիշեր խաղացել է սիրահոժար։ Թեհրան վերադարձին 3 գիշեր «Սիփան» մարզամշակութային միության դահլիճում «Գուցե փրկվե՞նք»-ը դիտել են բազմաթիվ իրանահայեր։ Հետաքրքիր ու աշխույժ է Իրանում մշակութային կյանքը եւ, հատկապես պետական հովանավորությամբ եւ ֆինանսավորմամբ, կազմակերպվում են բազմաթիվ փառատոներ։ Ամեն տարի փետրվարին Թեհրանում կայանում է կինոյի միջազգային «Ֆաջր» փառատոնը՝ նվիրված Իրանի Իսլամական Հեղափոխության հաղթանակին, ինչպես նաեւ՝ երաժշտության, հեռուստատեսային հաղորդումների, թատրոնի, եւ միջազգային մրցումներ։ Իրանի դեսպանատունը եւ մշակութային կենտրոնը Հայաստանում օրերս հյուրընկալեց Իրանից վերադարձած Համազգային թատրոնի դերասաններին շնորհավորելու հաղթանակի առիթով։ ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել