Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-Ն ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ ԿԱ

Նոյեմբեր 30,2001 00:00

ԼՂՀ-Ն ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ ԿԱ «Ղարաբաղի ազատություն» կուսակցության ներկայացուցիչներից մեկը՝ պարոն Աթանեսյանը, երեկ հայտարարեց, թե «այլեւս չի կարելի թույլ տալ, որ Ղարաբաղը կախված լինի Մայր հայրենիքի վզից», որն առանց այն էլ անցած տարիների ընթացքում բազմաթիվ զրկանքներ է կրել եւ, ըստ ամենայնի, օժանդակել Ղարաբաղի հայությանն ու ԼՂՀ-ի կայացմանը: «Ուստի, մենք հանգել ենք այն եզրակացության, որ անհրաժեշտ է մեկ տարվա ընթացքում ԼՂՀ-ն վերանվանել Ղարաբաղի հայկական ժողովրդավարական հանրապետություն: Նախ, պետք է Ղարաբաղին վերադարձնել «հայկական» անունը, որը նրանից խլվել է 20-ականներից ի վեր: Այդ բառը պետք է ընկած լինի մեր հայրենիքի անվան հիմքում: Միաժամանակ պետք է թույլ տալ, որ Հայաստանը մի փոքր շունչ քաշի եւ իր հոգսերը հոգա: Հակառակ դեպքում՝ նստելով ձեր վզին՝ բացարձակապես համոզված ենք, որ եւ Հայաստանը, եւ Ղարաբաղը կհայտնվեն փակուղում»,- հայտարարեց բանախոսը: Անդրադառնալով Քոչարյան-Ալիեւ պարբերական բանակցություններին, «Սոցիալիստական Հայաստան» միավորման խորհրդաժողովին ներկա Ղարաբաղի մեր հայրենակիցը նկատեց, թե այդ բանակցությունները մեր ժողովրդին ոչինչ չեն տալու: «Մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդները (նկատի ունեմ մեր հարեւան ժողովրդին) պատերազմի չեն ձգտում: Պատերազմի կոչեր անողները գտնվում են իշխանության բարձրագույն էշելոններում: Իրենք կոչ են անում, հետո բանակցում: Հարց է առաջանում՝ ինչի՞ շուրջ: Բայց, հուրախություն մեզ, մեր ժողովուրդները չեն ուզում պատերազմել, իսկ պատերազմի մասին խոսող իշխանավորներն իրենք թող գնան կռվելու, թեեւ ես համոզված եմ, որ որեւէ ուժ չի կարող թուլացնել Ղարաբաղի ժողովրդի կամքը»,- հայտարարեց պարոն Աթանեսյանը: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել