Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիի բուհերի 2001թ. ընդունելության քաղաքային քննական հանձնաժողովի՝ մամուլի եւ հեռուստատեսության

Դեկտեմբեր 05,2001 00:00

Գյումրվա կնճիռներ «Գյումրիի բուհերի 2001թ. ընդունելության քաղաքային քննական հանձնաժողովի՝ մամուլի եւ հեռուստատեսության աշխատակիցների մուտքը քննասենյակներ գրավոր քննությունների ավարտից 1 ժամ առաջ դադարեցնելու մասին որոշումը անվավեր ճանաչելը կլինի լրագրողների իրավունքների պաշտպանության լուրջ նախադեպերից»: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում հայտարարեց Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։ Նրա կարծիքով, դրանից հետո պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք նմանօրինակ գործողությունների այլեւս չեն դիմի։ Ավելին, Լ. Բարսեղյանը պնդում էր, որ քննական հանձնաժողովը «գիտակցելով իր իսկ կայացրած անօրինական որոշումը՝ գնացել է կեղծիքի ու փոխել այն», հետագայում էլ գործին կցել իրենց վիճարկած որոշման տարբերակից էապես տարբերվող այլ որոշում։ «Իրավունք» շաբաթաթերթի թղթակից, հայցվոր Գագիկ Նիկողոսյանը համամիտ էր համահայցվոր Լ. Բարսեղյանի հետ։ Նա էլ տեղեկատվություն ստանալու ու հրապարակելու իր իրավունքը ոտնահարված էր համարում՝ վկայակոչելով Գյումրիում աշխատող եւս 17 լրագրողների կարծիքները։ Փաստաբան Սուսաննա Մխիթարյանը, որ ԿԳ նախարարության կողմից լիազորված էր ներկայացնելու նախարարության շահերը եւ հանդես գալու պատասխանողի բոլոր իրավունքներով ու պարտականություններով, համոզված էր, որ քննական հանձնաժողովի թիվ 8 արձանագրությամբ ընդամենը կանոնակարգվել է դիտորդների կարգավիճակը։ Նրա կարծիքով, ոչ թե արգելվել է լրագրողների մուտքը կամ տեսաձայնագրումը քննասենյակում, այլ, պարզապես, քննությունների ավարտից 1 ժամ առաջ դա համարվել է ոչ նպատակահարմար՝ ելնելով դիմորդների շահերից (իբր կանխելու համար վերջիններիս հնարավոր սխալներն ու վրիպումները, որ կլինեն տեսաձայնագրող սարքերի ձայնի ու լույսի պատճառով)։ Եվ, ըստ Ս. Մխիթարյանի, այդ որոշումը բխել է բուհերի 2001թ. ընդունելության քննությունների կանոնակարգից ու նպատակ է ունեցել «բացառելու քննությունների նորմալ ընթացքին խանգարող հանգամանքները»։ Մինչդեռ, արդեն գրել ենք, որ ԿԳՆ-ի հաստատած կանոնակարգերում նման արգելք ընդհանրապես չի եղել։ Ի դեպ, հիշյալ որոշման՝ ընդունելության քննությունների կանոնակարգից բխելու միտքը փաստաբանի կողմից շարունակ ծեծվում էր՝ իբրեւ հակափաստարկ Բարսեղյանի յուրաքանչյուր փաստարկի՝ ստեղծելով կարծիք, որ Մխիթարյանը ուրիշ ոչնչից այդպես ամուր կառչել չի կարող։ Հակառակ դեպքում, նույն միտքը մի քանի ժամ շարունակ տարբեր ձեւակերպումներով չէր ներկայացվի։ «Ասպարեզ» ակումբի նախագահը, սակայն, ամեն ինչ այլ պրիզմայով էր դիտում։ Նրա հիմնավորմամբ՝ ԶԼՄ-ների մասին օրենքի 28.2 հոդվածի համաձայն, իր ունեցած տեղեկությունները միայն ստուգելուց հետո կարող էր հրապարակել, ինչը իրեն արգելվել էր՝ քննական հանձնաժողովի «շնորհիվ»։ Մինչդեռ, «օրական 10 անգամ, տարբեր մարդիկ, իրեն ասել էին, որ գրավոր քննությունների վերջին մեկ ժամվա ընթացքում լուծված խնդիրներով ու առաջադրանքներով ծածկաթերթիկներ են բաժանվում որոշ դիմորդների»։ Ու եթե քննական հանձնաժողովը խանգարել է ստուգել լսածը եւ իր մասնագիտական պարտքը կատարել, ուրեմն՝ «հիմնավոր» պատճառներ է ունեցել դրա համար։ Պատասխանողի ներկայացուցիչը՝ Ս. Մխիթարյանը, ժամը 12-ից մինչ 17-ը պնդում էր հայցվորների հայցի «ամբողջությամբ անհիմն» եւ վերջիններիս՝ «ոչ պատշաճ հայցվոր» լինելը։ Նա մեկ ավելորդ էր համարում «արդեն չգործող հանձնաժողովի վրա դատարանի կողմից որեւէ պարտավորություն դնելը», մեկ էլ՝ «գոյություն չունեցող որոշումը» անվավեր ճանաչելը։ Ավելին, նա Լ. Բարսեղյանին նաեւ մեղադրում էր քննությունների ընթացքում լսած անօրինականությունների մասին ժամանակին համապատասխան իրավապահ մարմիններին չհայտնելու մեջ։ Ու քանի որ փաստաբան Ս. Մխիթարյանը շարունակ ընդհատում էր Լեւոն Բարսեղյանին ե՛ւ հարցերի, ե՛ւ պատասխանների ժամանակ՝ իր երկարատեւ մենախոսություններով, ամեն բան նորից ու նորովի էր պատմվում։ Դատական նիստն ընդմիջվեց մինչեւ դեկտեմբերի 13-ը։ Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը հույս ունի, որ գոնե հաջորդ դատական նիստին հնարավորություն կունենա իր մի քանի տասնյակի հասնող հարցերն ուղղել պատասխանողին, որն էլ, թերեւս, ժամանակ կունենա քննական հանձնաժողովին արդարացնող այլ համոզիչ հիմնավորումներ գտնել, որպեսզի ստիպված չլինի ասածները նույն բառերով անընդհատ կրկնել։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31